Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՆԴԻՊԵԼ ԵՄ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ»

Մայիս 20,2010 00:00

Ասում է արդարադատության նախարարության ՔԿՀ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը

– Պարոն Հովհաննիսյան, մայիսի 15-ին հանկարծամահ եղավ «Հոկտեմբերի 27»-ի գործով 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը: «Հանկարծամահ լինելը» միանշանակ չընդունվեց հանրության կողմից, քանի որ նույն համատեքստում հիշվեց ձեր աշխատելու օրոք՝ 2004 թ. ապրիլի 16-ին ինքնասպան եղած Վռամ Գալստյանի գործը: Իսկապե՞ս պատահական են լինում այդպիսի մահերը: Վռամ Գալստյանի դեպքում նշվում էր անգամ, որ ինքնասպան լինողի ոտքը չէր կարող գետնին կպած լինել, ինչպես որ եղել է…
– Վռամ Գալստյանի ինքնասպանությունից անմիջապես հետո, կանխավ հասկանալով, որ կլինեն տարբեր շահարկումներ, հրավիրեցի ազատազրկման վայրերի նկատմամբ հասարակական հսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներին, իրավապաշտպան կազմակերպությունների պատասխանատուներին: Նրանք, փաստորեն, առաջինը եղան դեպքի վայրում: Տեղում համոզվեցինք, որ Վռամ Գալստյանի վրա բռնության հետքեր չկան, ինչը հաստատվել է նաեւ դատաբժշկական փորձաքննությամբ: Վռամը, ի դեպ, ֆիզիկապես ուժեղ անձնավորություն էր եւ նրան հնարավոր չէր սպանել առանց բռնության հետքեր թողնելու:
Ըստ իս, եթե մարդիկ ցանկանում են դեպքերը, իրադարձությունները յուրովի մեկնաբանել՝ մեկնաբանում են: Վռամ Գալստյանի դեպքում կարող եմ հիշել, որ նա մի քանի անգամ է փորձ արել ինքնասպանություն գործել եւ ձախողվել էր՝ ՔԿՀ ծառայողների միջամտության, նրա խցընկերների շնորհիվ:
2004թ. ապրիլին նրա վերջին փորձը հաջողվեց:
Վռամի ոտքերն իրոք գետնին էին: Բայց ելնելով իմ բազմամյա փորձից, տեսել եմ նաեւ, որ դատապարտյալը 120 սմ գետնից բարձր մահճակալից կախվելու միջոցով ինքնասպան է եղել՝ ոտքերով մեկնված հատակին: Ինչ վերաբերում է Համլետ Ստեփանյանի մահվանը, դատաբժշկական փորձաքննությունը կտա իր եզրակացությունը:
– «Առավոտը» մի քանի անգամ ահազանգել է, որ Ստեփանյանը տառապում է երիկամների ցավերից: Սակայն շրջանառվում է այն միտքը, թե նա առողջության հետ կապված խնդիրներ չի ունեցել: Ձեր օրոք Ստեփանյանը դիմումներ գրե՞լ է:
– Այս պահին Ստեփանյանը, չեմ հիշում, թե դիմել է, բայց Վռամ Գալստյանը իրոք դիմել էր: Դատապարտյալի ցանկացած դիմում, որը կապված է առողջական խնդիրների հետ, հասնում է բժշկական սպասարկման ծառայություն, որտեղ դրանք հետազոտվում են: Եթե նա գանգատներ է ունեցել, համոզված եմ, որ նրա բժշկական քարտում այդ ամենն արձանագրված կլինի:
– Հնարավո՞ր է, որ քարտում արձանագրված չլինի:
– Եթե բժիշկը հետազոտել է, քարտում անպայման գրվում է այդ մասին եւ նշվում նաեւ, թե ինչ բուժումներ է նշանակվել:
-Ի դեպ, մահացածները որոշակի ինֆորմացիա կրողներ էին…
– Եթե նրանք որեւէ ինֆորմացիայի են տիրապետել, ինչպես ասում եք, ապա ինչո՞ւ նախաքննության փուլում, դատաքննության ժամանակ այդ ինֆորմացիան չֆիքսվեց: Նրանցից յուրաքանչյուրն ուներ իր փաստաբանը, որի միջոցով հնարավոր էր ակնարկված ինֆորմացիան տարածել: Տուժողների իրավահաջորդներն էլ որոշակի ինֆորմացիա են կրում, նրա՞նց ինչն է խանգարում… Ակնհայտ է, որ մահացածները որեւէ ինֆորմացիա չեն ունեցել, հետեւաբար որոշ ուժեր մութ սենյակում սեւ կատու են ուզում փնտրել, ինչը չկա:
– Ո՞ր ուժերն են կատու փնտրում:
– Այն ուժերը, որոնց լիարժեք հնարավորություն էր տրված «27-ի գործը» պարզելու:
– «27-ի գործով» ձեզ վրա ճնշումներ եղե՞լ են, մասնավորապես՝ այդ գործով անցած դատապարտյալների հետ կապված:
– Ինձ վրա ճնշում չի եղել, նրանք ապրել են բոլոր կալանավորներին հավասար: Բոլորի հետ հանդիպել եմ՝ իրենց խնդրանքով: Նրանք բարձրացրել են իրենց իրավունքների պաշտպանության, խցերի պայմանների, առողջության հետ կապված հարցեր:
– Պարոն Հովհաննիսյան, որքա՞ն ժամանակ է՝ ինչ օտարվել եք քրեակատարողական համակարգից:
– Չորս տարի:
– Դուք հետեւո՞ւմ եք ձեր համակարգի շարժերին, արդյոք չե՞ն շատացել ՔԿՀ-ում ինքնասպանության դեպքերը, ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից կատարված հանցագործությունները: Ի՞նչն է պատճառը:
– Իմ ղեկավարած 5 տարիների ընթացքում ես համակարգը թափանցիկ եմ պահել ցանկացած լրագրողի, հասարակական իրավապաշտպան կազմակերպության առջեւ: Նշանաբանը մեկն էր՝ հասարակությունից թաքցնելու ոչինչ չունենք: Հիմա շատ է ասվում, թե կոռումպացված էր համակարգը, թե հանցագործությունների դեմ չե՜մ պայքարել: Ինչ խոսք, համակարգը զերծ չէր կոռումպացվածությունից, ինչն այսօր էլ կա: Ամեն ինչ արել եմ, որպեսզի այդ կոռուպցիան նվազի: Այն ժամանակ հանցագործությունների դեմ շատ ավելի մեծ պայքար էր գնում: Երբեք չեմ թողել, որ ՔԿՀ ծառայողը հանցագործություն կատարի, հետո բռնեն ու ՔԿՀ հիմնարկը լցնեն ՔԿՀ աշխատակիցներով: Մենք զբաղվել ենք կանխումով ու նախականխումով:
– Դուք չորս տարի համակարգում չեք, բայց ձեր կադրերը տեղաշարժեր են կատարում տարբեր հիմնարկներում, ուրեմն ի՞նչն է պատճառը:
– Նախ պետեր պիտի նշանակվեն մարդիկ, որոնք բարեկամ-ընկեր չպիտի լինեն, այլ պրոֆեսիոնալներ:
– Ձեր օրոք բարեկամներ չե՞ն նշանակվել:
– Կոնկրետ՝ իմ բարեկամները չեն եղել, ուրիշի բարեկամներն են եղել, որոնցից փորձել եմ ազատվել: Ոչ ընկերոջ, ոչ ծանոթի, ոչ բարեկամի չեմ տեղավորել աշխատանքի:
– Իսկ ո՞ւմ եք վստահել:
– Պրոֆեսիոնալներին: Այսօր կան հիմնարկի պետեր, որոնք իմ ղեկավարած ժամանակահատվածում միջին կարգավիճակի աշխատողներ են եղել:
– Պարոն Հովհաննիսյան, ձեզ առաջարկվե՞լ է ՔԿՀ պետի պաշտոնը կամ գոնե համակարգում աշխատել:
– Նախ, ինձ ազատեցին առանց որեւէ պատճառի: Նման առաջարկ չի եղել:
– Ձեզ ազատեց նախկին քաղաքական վերնախավը:
– Ինձ ազատելուց վեց ամիս առաջ նախագահի վերահսկողական ծառայությունը ստուգումներ սկսեց եւ որեւէ լուրջ խախտում չարձանագրեց: Իմ ղեկավարման օրոք ԱԺ վերահսկիչ պալատը երկու անգամ ստուգումներ է անցկացրել, դարձյալ խախտում չի եղել:
– Այնուամենայնիվ, ի՞նչ չհասցրիք ավարտել:
– Եվրախորհրդի պահանջների հիմնական մասը իրականացվեց. հրապարակայնություն, ազատազրկվածների պայմանների բարելավում: Իմ ժամանակ բարձրացվեց Արմավիրի մարզում նոր ՔԿՀ-ի կառուցման հարցը, դատապարտյալների հիվանդանոցի պայմանները բարելավվեցին, սակայն լիովին չկարողացանք համակարգում բարեփոխումներ անել, քանի որ երկրի ֆինանսատնտեսական վիճակը բարենպաստ չէր:
– Պարոն Հովհաննիսյան, ձեզ մեղադրեցին Մոսկվայում ինչ-որ անձի առեւանգման եւ խոշոր չափի գումարի շորթման համար, 5 ամսով էլ գտնվեցիք նախնական կալանքի տակ, ի՞նչ եղավ «ձեր գործը»:
– 2007թ. հուլիսից 5 ամիս գտնվել եմ ապօրինի կալանքի տակ, մեղադրանք չառաջադրվեց եւ հանցակազմի բացակայության հիմքով կարճվեց գործը: Նախաքննության մարմինը պարզեց, որ ես այդ հանցագործության մասին իմացել եմ հանցագործության կատարումից մի քանի օր հետո: Ի վերջո, լինելով օպերատիվ աշխատող, պարզել եմ, թե որտեղից սկսվեց այդ պատմությունը, ով էր կանգնած դրա ետեւում: Չեմ ուզում այսօր բարձրաձայնել այդ մասին: Կգա ժամանակ՝ մանրամասները հիմնավորված կզեկուցեմ երկրի ղեկավարին: Կասեմ, թե ով գնաց Մոսկվա, ում հետ հանդիպեց եւ որտեղ պատրաստվեցին ցուցմունքները:
– Չե՞ք վախենում:
– Ես ոչ մեկից չեմ վախենում: Ինձ համար վիրավորական էր եւ խորապես վիրավորված եմ, որ ինձ կալանավորեցին 2-3 տականքի ցուցմունքով, որոնցից մեկը նախկինում դատապարտվել էր ավազակության, երկրորդը՝ գողության, մյուսը՝ բռնաբարության համար: Ես հանցագործ չէի եւ հանցագործ չեմ եղել: Ինձ հետ կատարվածից հետո կարող էի որոշ մարդկանց նկատմամբ հանցագործություն կատարել, բայց ես իմ պետությունը շատ եմ սիրում եւ մի քանի տականքի պատճառով չեմ ցանկանում երկրի դատաիրավական համակարգի իմիջը խաթարել:
– Սուտ ցուցմունք տալու համար նրանք պատժվե՞լ են:
– Նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել