Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՐԱԳՐՎՈՒՄ Է 1 ԵՐԵԽԱՅՈՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՄՈԴԵԼԸ

Մայիս 20,2010 00:00

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանից մեկնողների թիվը ժամանողների թվից մեծ է եղել: «Ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 568 հազար 600, որից ժամանումների թիվը կազմել է 282 հազար 889, իսկ մեկնումների թիվը՝ 285 հազար 748, այսինքն՝ 2859-ով մեկնումները ավելի են ժամանումներից»,- երեկվա ասուլիսում ասաց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նրա տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մեկնումների թիվը նվազել է, բայց աշխարհագրությունը չի փոխվել. «Ավելի քան 50%-ը Ռուսաստան է մեկնում»: Տիկին Կույումջյանը նաեւ ներկայացրեց հանրապետությունում հաշվառման կանգնածների թիվը, նրանք 1915-ն են, իսկ հաշվառումից դուրս գրվածները՝ 2813. «Եկողների թիվը նվազել է 10,1%-ով, իսկ գնացողների թիվը՝ 16,8%-ով»: Ասուլիսին ներկա ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն էլ համաձայն չէ, թե առաջիկայում բանակում զինվորականների պակաս ենք ունենալու, չնայած 1990-ից սկսած՝ ծնունդների թվի նվազման միտում կա. «Եթե հիշենք, որ 1990-ին ծնունդների թիվը մոտ 80 հազար էր, իսկ արդեն 2001-ին հասել էր 32 հազարի, ապա պետք է արձանագրենք, որ վտանգը սկսում է մոտենալ ու ավելի առարկայական դառնալ»: Տիկին Կույումջյանն էլ հավելեց, որ 2001-ից հետո փոքր տեմպերով ծնելիության բարձրացման միտում է նկատելի: Պարոն Եգանյանն էլ ծնելիության աճը չի պայմանավորում ծնունդների հաճախականությամբ. «Այլ ընդամենը նրանով, որ մեծացել է ծնողների բացարձակ թիվը, նրանք հիմա ավելի շատ են, քան հինգ տարի առաջ, սա պայմանավորված է նրանով, որ 80-ականների երկրորդ կեսին մեծաթիվ ծնված սերունդների վերարտադրական տարիք մտնելով»: Պարոն Եգանյանի խոսքերով, կառավարությունը ոչ թե 3-րդ երեխայի ծնունդը պետք է խրախուսի, այլ երկրորդինը: Նրա տեղեկացմամբ, Հայաստանում ծնված երեխաների 50-55%-ը առաջին երեխաներն են, 30-35%-ը՝ 2-րդ, 10% կամ ավելի քիչ են կազմում 3-րդ երեխաները. «Կարծես թե ամրագրվում է 1 երեխայով ընտանիքի մոդելը, սա կլինի արդեն վերջ, դրա դեմ էլ հնարավոր չի լինի պայքարել, պետք է փորձենք 2-րդ երեխայի հարստությունը պահել, վերականգնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել