Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տոմսը գնելիս համոզվեք, որ սնունդ կտան

Մայիս 20,2010 00:00

Եթե «Արմավիայի» տոմսը գնել եք թռիչքից ժամեր առաջ՝ ինքնաթիռում սոված կմնաք

Ինքնաթիռի տոմսն իր տարբեր իրավունքների ու պարտականությունների մեջ հիշատակում ունի նաեւ օդանավում տրվող սննդի մասին: Ու ինչպես վկայում են մեր ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերության տոմսային պայմանները՝ ուղեւորն ապահովված է սննդի այս կամ այն տեսակով: Ու չի բացառվում, որ ուղեւորը կարող է տոմս ձեռք բերել հենց միայն օդանավային ուտեստեղենը, թեյը, սուրճը, տարբեր զովացուցիչ ըմպելիքները ամպերի մեջ կամ երկնքի կապույտում, լուսաբացին, մայրամուտին, գիշերը վայելելու համար: Սակայն՝ մի բան է գրված պայմանը, ձեր մտադրությունը, եւ բոլորովին այլ բան՝ իրականությունը: Ուստի «Արմավիայի» չվերթներից օգտվել պատրաստվող ուղեւորնե՛ր (անկախ այն բանից, տոմս եք ձեռք բերում որեւէ տեղ գնալու, օդում նախաճաշելու, ճաշելու կամ ընթրելու, թե ե՛ւ տեղ գնալու, ե՛ւ ճաշելու նպատակով), տոմս գնելիս լավ կլիներ գրություն վերցնեիք (մոտավորապես այն կարգի, ինչպես ուղեւորն է ստորագրում, երբ տոմսը ենթակա չի լինում հետ վերադարձման), թե արդյո՞ք դուք նույնպես ապահովված եք լինելու սննդով՝ ինչպես ձեր կողքին թռչող ուղեւորը: Թե չէ՝ կարող է այնպես պատահել, որ պարզվի, օրինակ, որ ձեր հարեւան ուղեւորը, որին մատուցում են տաք կամ սառը ուտեստ, թեյ, սուրճ, ըմպելիք եւ այլն, օգտվում է այդ բարիքներից այն պարզ պատճառով, որ տոմս գնել է թռիչքից օրեր առաջ, իսկ այ, ձեր բախտը չի բերել, որովհետեւ դուք տոմսը ձեռք եք բերել թռիչքից ժամեր առաջ, եւ բազմազբաղ «Արմավիան» հնարավորություն չի ունեցել ձեզ համար սնունդ պատվիրելու:
Ասենք, դուք ցանկանում եք թռչել առավոտյան եւ նախորդ երեկոյան տոմս եք գնում, իսկ սնունդ պատրաստող ծառայությունն արդեն տուն է գնացել: Հոգ չէ, որ դուք տոմս գնելով ցանկանում էիք ոչ թե պետության հաշվին գործուղման գնալ, խոպան, արձակուրդ կամ այցելել ձեր որեւէ ազգականի եւ այլն, այլ, ինչպես վերը նշեցինք, հենց ցանկանում էիք «Արմավիայի» օդանավում, երկնքում վայելել ուտեստեղենի (որի համար դուք նախապես վճարել եք դրա լրիվ արժեքը, այն է՝ տոմսի գինը) այն տեսականին, որն «Արմավիան» մատուցում է ձեր հարեւանին եւ որի համար դուք հետագայում լոկ կկարողանաք պատմել, թե «չէ, ես չեմ օգտվել «Արմավիայի» ուտեստեղենից, բայց տեսել եմ, թե ինչպես են այն ուտում»: Պատկերացնո՞ւմ եք, օդանավում ձեզ է մոտենում «Արմավիայի» ներկայացուցիչն ու հարցնում. «Դո՞ւք եք այն ուղեւորը, որը տոմս է գնել թռիչքից ժամեր առաջ»: «Այո»,- տարակուսած պատասխանում եք դուք: «Ցավում եմ, բայց ձեզ սնունդ չի հասնում, քանզի սնունդը մենք պատվիրում ենք նախապես եւ դուք դժբախտաբար տոմս ձեռք բերեցիք հենց այն պահին, երբ մենք արդեն ավարտել էինք սննդի պատվիրումը ու սննդով զբաղվող բոլոր աշխատողներն արդեն տուն էին գնացել: Բավարարվեք տեսնելով, թե ինչպես են ուտում ձեր հարեւանները եւ գուցե շահեք «Սինյոր Ռոբինզոն» մրցանակը»:
Սա չկարծեք, թե հորինվածք է կամ էլ չարախոսության անզուսպ պոռթկում, այլ վատ իրականություն, որը պաշտոնապես հաստատում է «Արմավիան»: Ու եթե սրանով վիրավորվեց «Արմավիայի» ինքնասիրությունը, ապա գոնե թող փորձի հստակ պատասխան տալ, թե ի՞նչ արժե իր օդանավում ճաշելը: Մեր խորին համոզմամբ, դրա գինը տվյալ չվերթի տոմսի արժեքն է: Թող փորձի ցույց տալ «Արմավիան», որ դա այդպես չէ: Ինչպես նաեւ, թող փորձի երաշխավորել, որ օդանավում սննդով ապահովված լինելը բացարձակապես ոչ մի կապ չունի տոմս գնելու ժամի հետ:
Ողջ այս պատմությունը, ի դեպ, ոչ մի կապ չունի «Արմավիայի» օդանավերի թռիչքային անձնակազմերի բարձր պրոֆեսիոնալիզմի հետ:

Տիգրան ՄՈՍԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել