Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԴՎԻՆ ՀՈԼԴԻՆԳԸ» ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՎՏԱՐՈՒՄ Է

Մայիս 20,2010 00:00

Ընկերությունը դա անում է, առանց պայմանագրով ամրագրված պարտավորությունները կատարելու

«4 տարի է՝ «Դվին հոլդինգը» մեզ դրել է ստրուկի տեղ, իսկ ինքն էլ իրեն հռչակել է ֆեոդալ ու ինչպես ուզում, այնպես էլ վարվում է ժողովրդի հետ: Մեր բողոքներին էլ ի պատասխան, ընկերության ղեկավարներն ասում են՝ ում ուզում եք դիմեք, միեւնույն է, բոլորը մեր կողմից են»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց Տերյան 11 իրացման գոտի հայտարարված հասցեի բնակիչ Ռիչարդ Ասրյանը: Բանն այն է, որ 2007-ին «Դվին հոլդինգը», որպես կառուցապատող, իրենով է արել Պուշկինի 23, Տերյան 11 եւ 13 շենքերի տարածքներն ու բնակիչներին բնակարաններից վտարելով՝ փորձում է բոլոր հարցերը լուծել հօգուտ ընկերության: Վերոնշյալ հասցեների բնակիչների մի մասը, ընկերության խոստումներին հավատալով, պայմանագրեր է կնքել, մի մասն էլ հրաժարվել է, քանի որ առաջարկած պայմանները, ինչպես բնակիչներն են ասում, ստորացուցիչ են:
«Դվին հոլդինգը» պայմանագիր կնքած բանկիչներին մոտ 3 տարի առաջ խոստացել էր այս տարվա մայիս-հունիս ամիսներին Մամիկոնյանց 36, Սայաթ-Նովայի 40 հասցեներում սենյակների թվին համարժեք բնակարան տալ: Սակայն մինչ օրս այդ հասցեներում անգամ շենքի 1-ին հարկը կառուցված չէ, ընդամենը հիմքն է փորված: Ուստի բնակիչները ոչ մի երաշխիք չունեն, որ ընկերությունն իրենց մի օր տուն կտա: Այն բնակիչներն էլ, որոնք պայմանագիր են կնքել եւ ազատել բնակարանները, այսօր վարձով են ապրում, իսկ բնակարանի վարձը՝ 70 հազար դրամ, ըստ պայմանագրի, պետք է վճարի «Դվին հոլդինգը»: Բնակիչների ներկայացմամբ, սկզբում ընկերությունը պարտաճանաչ վճարում էր գումարը, սակայն արդեն մի քանի ամիս է՝ «թքած ունի» բնակիչների վրա. «Գումարը ստանալու ժամկետը լրանալուց հետո, երբ գնում ենք դրանց գրասենյակ, ընկերության տնօրեն Ռաֆիկ Սարգսյանի թիկնապահները մեզ փորձում են «ցրել»: Մենք նույնիսկ Ռաֆիկի մեքենայի առաջն ենք փակել, պահանջելով՝ կամ մեր գումարները տա, կամ էլ մեքենան մեր վրայով քշի: Նրա թիկնապահներն իրենց մեծ շներին բաց թողեցին մեզ վրա: Տեսան, որ մեզանից չեն կարողանում ազատվել, թիկնապահը, ողորմության նման մեկին՝ 10, մեկին՝ 20 հազար դրամ շպրտեց: Դարձել ենք ինտելիգենտ «բոմժեր»: Եթե այդ վարձերը չի կարողանում տալ, ինչպե՞ս է պատրաստվում շենք կառուցել»:
«Դվին հոլդինգը» որոշ բնակիչներին բնակարաններ է առաջարկել էլիտար շենքում, սակայն՝ ոչ զբաղեցրած սենյակների թվով. «Իրենց առաջարկածը մի փոքր տարածք է՝ առանց խոհանոցի ու մեկ պատուհանով: Կարծես մի նեղ միջանցք լինի: Երբ դժգոհեցինք, մեզ ասացին՝ եվրոպական ձեւով խոհանոցն ու հյուրասենյակը ընդհանուր սարքեք ու ապրեք: Ուրեմն՝ թող փոխհատուցումն էլ եվրոպական չափանիշներով կատարեն: Բնակարանները գնահատել են չնչին գումարներով: Բացի այդ, մենք ի վիճակի չենք էլիտարում էլիտար վարձավճարներ մուծել»: Բնակիչների խոսքերով՝ «Արթին ինթերպրայս» ընկերությունը բնակարանները գնահատել է ամենաչնչին գումարներով, անգամ կադաստրային արժեքից մոտ 50% ցածր: Ինչի պատճառով էլ բնակիչները կասկածում են, որ այդ ընկերությունը լեզու է գտել «Դվին հոլդինգի հետ» եւ նրա կատարածուն է:
«Դվին հոլդինգը» տարածքը վերջնականապես իրենով անելու ու բնակիչներին հետ դարձի շանս չթողնելու համար նրանց տեռորի է ենթարկում. ամբողջ շենքի հեռախոսներն ու ջրերն անջատել է: Ընկերությունը նաեւ, այսպես ասած, շանտաժի է դիմել: Այն բնակիչները, որոնք պետք է ազատեին իրենց բնակարանները, ընկերությունը պարտադրել է իրենք իրենց ձեռքով այն քանդեն: Բնակիչներն էլ վախեցած, որ չանելու դեպքում ընկերությունը նոր ստորություններ կանի, տնից դուրս գալուց առաջ մեծ մուրճերով պատերը քանդել են: Սրանից տուժել են այն բնակիչները, որոնք պայմանագիր չեն կնքել եւ դեռեւս բնակվում են շենքում: Այդ բնակիչների բնակարանի պատերը մեծ ճաքեր են տվել, անձրեւաջրերը թափվում են ուղիղ բնակարաններ: Բնակիչների խոսքերով՝ «Այս կերպ ընկերությունը փորձում է մեզ էլ մեր կամքով դուրս հանել: Բայց մենք այստեղից դուրս չենք գա, մինչեւ կառավարությունը գրավոր գարանտ չկանգնի, որ շատ շուտով նոր բնակարան կունենանք, կամ էլ այնպիսի գումարային փոխհատուցում, որպեսզի կարողանանք մեր սենյակների թվին համապատասխան բնակարան գնել»: Ռաիսա Աղաջանովան զբաղեցնում է 2 սենյակ, իսկ «Դվին հոլդինգը» նրան փոխհատուցում է ընդամենը 12 միլիոն դրամ. «Այդ գումարով ես ինչպե՞ս կարող եմ 2 սենյականոց գնել: Եթե իրենք կարող են՝ թող գնեն ու մեզ տան»: Երբ բնակիչները բողոքով դիմել են ՀՀ նախագահին եւ վարչապետին, նրանց նամակը մակագրվել է քաղաքապետարան, որտեղից էլ բնակիչներին պատասխանել են՝ որ «Դվին հոլդինգը» վստահեցնում է՝ առաջիկայում կարվեն նոր առաջարկներ հարակից տարածքում պատրաստի բնակարաններ հատկացնելու վերաբերյալ: Մինչ քաղաքապետարանը «Դվին հոլդինգի» խոստումների իրականացմանն է սպասում, բնակիչները դատարանից ծանուցագիր են ստանում: Պարզվում է՝ «Դվին հոլդինգը» որոշել է դատական կարգով բնակիչներին վտարել: Ընդ որում, ընկերությունը բնակիչների դեպոզիտ հաշվին գումար է փոխանցել, որի չափը բնակիչների հետ չի էլ բարեհաճել քննարկել: Ըստ օրենքի, եթե 7 օրվա ընթացքում բնակիչներն այդ գումարը չընդունեն, ապա խնդիրը պետք է լուծվի դատական կարգով:
Բնակիչների խոսքերով՝ այսօր եւ ամեն հինգշաբթի կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպելու եւ եթե նույնիսկ բուլդոզերը սկսի շենքը քանդել, իրենք բնակարաններից դուրս չեն գա, մինչեւ մարդավարի փոխհատուցում չստանան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել