Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տնտեսական աճը կհասնի 4%-ի

Մայիս 20,2010 00:00

Արժույթի միջազգային հիմնադրամը վերանայել է տարեսկզբին Հայաստանի տնտեսական աճի իր կանխատեսումները: Տարեկան կտրվածքով ՀՆԱ-ի աճը կկազմի 4%՝ նախորդ 1,8%-ի փոխարեն: Այս մասին երեկվա ասուլիսում ասաց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը: Նրա խոսքով, գնաճի նվազման միտում կա, տարվա կտրվածքով այն կազմելու է 6%. «Թեեւ տնտեսական պայմանները դեռեւս ծանր են, սակայն Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է, վերականգնվում է նաեւ պետական ֆինանսների վիճակը»:
Նրա խոսքով, իրենց նախորդ կանխատեսումների համեմատությամբ մեծանում են նաեւ եկամուտների ծավալները, ինչը թույլ կտա դեֆիցիտի ավելի ցածր մակարդակ: Առաքելության ղեկավարը անդրադարձավ նաեւ Հայաստանի արտաքին պարտքին ու վստահեցրեց, որ այն կայուն է եւ պետք չէ մտահոգվել. «Հայաստանը կարող է իրականացնել արտաքին պարտքի սպասարկումը, սակայն, չնայած պարտքի կայուն վիճակին, պետք է հատուկ ուշադրություն դարձվի ապագայում պարտքի ներգրավման ծրագրերին եւ հետեւել, որ այն շատ արագ չաճի»: Պարոն Լյուիսը համաձայն է ՀԲ-ի տված գնահատականին, որ Հայաստանի տնտեսությունը օլիգոպոլիկ կառուցվածք ունի. «Ինչը, ի վերջո, հանգեցնում է նրան, որ թուլանում է մրցակցությունը, աճում են ծախսերը, եւ տատանվում է տնտեսական աճը, դեռ շատ վաղ է ասել՝ օլիգոպոլիաները նվազե՞լ են, թե՞ ոչ»:
Առաքելության ղեկավարի խոսքով, առաջիկայում Հայաստանի համար անհրաժեշտ է հարկային վարչարարության բարելավում. «Միջազգային ստանդարտների համեմատությամբ հարկային հավաքագրումների մակարդակը այստեղ շատ ցածր է: Պետական եկամուտների կոմիտեի որոշ պաշտոնյաներ ոչ պատշաճորեն են վերաբերվում հարկ վճարողներին, ինչը նշանակում է, որ պետությունը չունի բավարար միջոցներ կապիտալ ներդրումների եւ սոցիալական ծառայությունների համար, սա էլ իր հերթին պետությանը թույլ չի տալիս եկամուտների զարգացման միջոցով հասնել զարգացումների: Պետք է նաեւ արձանագրենք, որ անբարենպաստ գործարարության միջավայրը թույլ չի տալիս տնտեսվարող սուբյեկտներին աճ արձանագրել, եթե Հայաստանը մտադիր է ապահովել տնտեսական աճ՝ պետք է այս խնդիրը լուծի»:
Մ. Լյուիսը նաեւ նշեց, որ ԱՄՀ առաքելությունը համաձայնության է եկել Հայաստանի իշխանությունների հետ՝ «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) եւ «Երկարաձգվող վարկավորման» (ECF) շրջանակում պայմանավորվածությունների վերաբերյալ: Նա ասաց, որ գործադիր խորհրդի կողմից ծրագրի հայտի քննարկումը տեղի կունենա հունիսի վերջին, իսկ ծրագրի հաստատումը Հայաստանին հնարավորություն կտա օգտագործել մոտ $52 միլիոն:

Հ. Գ. Ի դեպ, երեկ պարոն Լյուիսը հանդիպել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:  Մարկ Լյուիսը ՀՀ ղեկավարին տեղեկացրել է ԱՄՀ կողմից Հայաստանի կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, մասնավորապես՝ աշխատակազմի մակարդակով ԱՄՀ «Երկարաձգվող ֆինանսավորման» ռւ «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրի մասին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված քայլերը եւ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները: Մարկ Լյուիսի խոսքով. «Թեեւ տնտեսական պայմանները դեռեւս լավը չեն, սակայն ՀՀ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է: Հայաստանի ֆինանսական հատվածն ամուր է, պետական ֆինանսները լավ են կառավարվում, իսկ արտաքին փոխանցումների ծավալը վերականգնվում է»: Կողմերը քննության են առել նաեւ գնաճի կառավարման, գործարար միջավայրի բարելավման եւ աղքատության հաղթահարման հետ կապված հարցեր: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը ՀՀ նախագահին ներկայացրել է Ծրագրի շրջանակում նախատեսվող ֆինանսական աջակցության չափաքանակները, ԱՄՀ խորհրդի կողմից ծրագրի հաստատումից հետո դրանց օգտագործման հնարավորությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել