Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՄԻԱՄԻՏ-ՄԻԱՄԻՏ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ

Մայիս 20,2010 00:00

Արդեն քանի տարի է՝ պատգամավորին պատկանող ընկերություններն
իրենց օղիները նմանեցնում են արտասահմանյան ապրանքանշաններին, լավ սպառում եւ փոքր տուգանքներով գլուխներն ազատում:

Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գրպանից 3 մլն դրամ պակասեց: Պատգամավորին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն արտադրում եւ իրացնում է այնպիսի օղիներ, որոնց ապրանքային նշանները շփոթության աստիճանի նմանեցված են ավելի խոշոր ու հայտնի ուկրաինական, բրիտանական ընկերությունների արտադրանքին: Հայտնի «Մեդոֆֆ» օղիների «ալեքսանյան» տարբերակը «Մեդոֆե» է, «Պրայմինի» եւ «Խորտիցայի» նմանակմամբ ստեղծվել է «Պրեմիումն» ու «Խլոպցին», «Ուկրաինա» օղու ապրանքային նշանն էլ շփոթության աստիճանի նմանեցված է ուկրաինական «Ուկրաինկա» օղուն: Այս ամենից բացի, «Ալեքս Գրիգն» իր «Խլեբնիյ դար» օղու պիտակների վրա ծանոթագրական գրառումներն ուկրաիներեն է նշել, որը օղու աշխարհագրական ծագման նկատմամբ չի կարող սպառողների մեջ մոլորեցում չառաջացնել: Չնայած ցանկացած մարդ, լուսանկարում պատկերված օրիգինալ եւ նմանեցված օղու շշերին նայելով կհաստատի, որ ակնհայտորեն շշի ձեւը, ապրանքանշանը, ձեւավորումը եւ անվանումը նմանեցված են արտասահմանյան արտադրության օղիներին, երեկ «Ալեքս Գրիգ» ընկերության ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը պնդում էր, որ Ս. Ալեքսանյանն արժանի չէ այդ տուգանքին, որ հանձնաժողովը մեծ սխալ է թույլ տալիս, որ իրենք անմեղ են եւ այլն: Լրագրողների հարցին՝ դուք, նայելով օղու շշերին, որեւէ նմանություն չե՞ք տեսնում՝ Լ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Նմանություն կա, բայց դա չի նշանակում, որ հանձնաժողովը պետք է «Ալեքս Գրիգին» տուգանի. եթե ուկրաինական ու բրիտանական ընկերությունները բողոքեին հանձնաժողովին, նոր այս հարցը քննարկվեր՝ դա ճիշտ կլիներ, որովհետեւ դա նրանց հայեցողական իրավունքն է՝ դիմելու եւ պահանջելու, որ հայկական արտադրության օղու անվանումը փոխեն, բայց հենց այնպես բռնել ու տուգանել՝ առանց բողոքի՝ չի կարելի»:
Նշենք, որ յուրաքանչյուր ապրանքանշանի համար, որը մոլորեցում էր առաջացրել շուկայում, հանձնաժողովն «Ալեքս Գրիգին» տուգանեց 500 000 դրամով, այսինքն՝ 5 օղիների համար ընկերությունը պետք է վճարի ընդամենը 2.5 մլն դրամի տուգանք, որի համար Լ. Հովհաննիսյանն այնպես էր պայքարում, կարծես այդ տուգանքից հետո մի շարք շուկաներում մենաշնորհային դիրք ունեցող «Ալեքս Գրիգը» մրցակցությանը չէր դիմանալու, փակվելու էր, պարտքերի տակ էր ընկնելու: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի դիտարկմամբ՝ 500 հազար դրամը նման խախտման համար մեղմ պատիժ է, մինչդեռ «Ալեքս Գրիգի» ներկայացուցչի խոսքերով՝ «դա մեզ համար բավականին մեծ գումար է, եւ եթե ընկերության ղեկավարությունը թույլ տա՝ մենք դատական կարգով կբողոքարկենք այս որոշումը»: Լեռնիկ Հովհաննիսյանի համոզմամբ՝ «Ալեքս Գրիգը» «միամիտ» է նմանեցրել իր օղիները ուկրաինականին ու բրիտանականին, նպատակ չի ունեցել սպառողին մոլորեցնել, որ իր օղիները լավ վաճառվեն, պարզապես շշերն ու ապրանքային նշանները ինչ-որ նման են ստացվել: Նախ, «Ալեքս Գրիգի» այդ նույն օղիներն արդեն քանի տարի է՝ նմանվելու հաշվին շուկայում լավ վաճառվում են եւ մեծ եկամուտներ ապահովում ընկերության համար: Այդ եկամտի համեմատությամբ՝ ընդամենը 500 հազար կամ 2.5 մլն դրամի տուգանքն իսկապես այնքան չնչին է, որ ընկերությունը պետք է լուռումունջ ընդուներ որոշումը:
Պատկերացնելու համար, թե որքան տարօրինակ եւ նույնիսկ ծիծաղելի է «Ալեքս Գրիգի» ներկայացուցչի պնդումները, թե իրենց անհիմն են տուգանել, նշենք, որ սա ոչ առաջին, ոչ էլ, հավանաբար, վերջին դեպքն է, որ Սամվել Ալեքսանյանի ընկերությունը շուկայում շփոթություն առաջացնելու համար տուգանվում է: Սրանից ուղիղ 3 տարի առաջ՝ 2007-ի մայիսին, հանձնաժողովը 100 000 դրամով տուգանեց «Ալեքս Գրիգի» նախորդին՝ «Սալեքս գրուպին», որը դարձյալ իր օղիների պիտակը նմանեցրել էր ռուսական հայտնի ապրանքանշաններին: Դրանից 3 ամիս հետո Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն եւ «Իմիջ հոլդինգ» ընկերությունն էին բողոքել, որ ուկրաինականին նմանեցված «Սալեքս գրուպի» օղիները շուկայում անբարեխիղճ մրցակցություն են առաջացնում: Այդ ժամանակ Սամվել Ալեքսանյանը, «սովորության համաձայն», փոխեց իր ընկերության անվանումը, հակառակ դեպքում, եթե նույն խախտման համար երկրորդ անգամ տուգանվեր՝ տուգանքի չափն անհամեմատ մեծ կլիներ: Ուշագրավ է, որ Ս. Ալեքսանյանը 2-3 տարին մեկ շաքարավազի, կարագի շուկայում նոր ընկերություն է գրանցում: «Ոսկե սաղարթը», «Աստղացոլքը», «Ֆլիտֆուդը», «Սալեքս գրուպը» եւ «Ալեքս Գրիգը», այսպես ասած՝ «արյունակիցներ» են, եւ պատգամավորը, դրանք գրանցելով որպես արտասահմանյան կապիտալով ընկերություն, 2 տարի օգտվում է շահութահարկի նվազեցման արտոնությունից, իսկ երբ այդ ժամկետն ավարտվում է, քանի որ այդ պարագայում այլեւս ձեռնտու չէ շուկայում բիզնես ծավալել, գրանցում է նոր ընկերություն: Եթե հաշվենք, թե այդ բոլոր ընկերություններն օղիների պիտակը նմանեցնելու համար արդեն քանի անգամ են տուգանվել՝ ընկերության անունը փոխված չլինելու դեպքում երեկ «Ալեքս Գրիգը» կտուգանվեր ոչ թե 500 հազար դրամով, այլ՝ մոտ 5 մլն-ով:
Ի դեպ, հանձնաժողովն «Ալեքս Գրիգին» եւս 500 հազար դրամով տուգանեց՝ շաքարավազի շուկայի վերաբերյալ թերի տեղեկատվություն ներկայացնելու համար: Որքան էլ ընկերության ներկայացուցիչը խնդրեց ներողամիտ լինել եւ տուգանելու փոխարեն բավարարվել նախազգուշացմամբ՝ հանձնաժողովն իր որոշումը չփոխեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել