Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կոմունիստներ, առաջ»

Մայիս 20,2010 00:00

Հայաստանի կոմկուսն առաջիկա խորհրդարանական ընտրություններում արցախցիներին կոչ է անում առաջնորդվել այս կարգախոսով:

«Կոչ ենք անում Արցախի ընտրողներին՝ չհիանալ ժամանակավոր եւ կեղծ խոստումներով, այլ ուսումնասիրել յուրաքանչյուր կուսակցության կամ անհատի անցած ճանապարհը եւ ժողովրդի պատմության մեջ թողած նրանց հետքերը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով մայիսի 23-ին կայանալիք Արցախի Ազգային ժողովի ընտրություններին՝ ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
Ի սատարումն Արցախի կոմունիստական կուսակցության, ընկեր Թովմասյանը նաեւ ասում է. «Չմոռանանք, որ Արցախի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը ժամանակին սկսել եւ գլխավորել են կոմերիտականները, կոմունիստներն ու կուսակցական պատասխանատու աշխատողները: Լինենք արցախցուն վայել արդար եւ ճիշտ գնահատական տանք պատմական անցքերին եւ դրանց արտահայտությանը: Արցախի կոմունիստները միշտ էլ եղել են ժողովրդի առաջավոր ուժը, նրա նպատակների կատարման ավանգարդը: Արժանի գնահատենք Արցախի կոմունիստական կուսակցության դերն ու նշանակությունը ժողովրդի առաջիկա ծրագրերի կատարման գործում: Ընտրությունները լակմուսի թղթի նման ցույց կտան մեր արդարության օգտակար գործակիցը: Հարգելի արցախցիներ, խորհելու շատ գործեր կան, անցնելու ենք երկար ճանապարհ, որը լի է խորդուբորդ, տեսանելի եւ անտես օրերով, չմոռանաք, որ Հայաստանն ու Արցախը շրջապատված են առանձին թշնամական երկրներով՝ Թուրքիա եւ Ադրբեջան գլխավոր դերակատարներով, որտեղից կարապի երգի նման անընդհատ լսվում են խորտակվողի ռազմատենչ հոխորտանքներ: Կոմունիստներ, առաջ. սա են պահանջում Արցախի ժողովրդի անվտանգությունը, ձեռքբերումներն ու սոցիալական արդարության սկզբունքների վերականգնումը: Բոլորը դեպի ընտրություններ եւ ոչ մի քայլ ետ սոցիալիստական գաղափարախոսությունից, որի հաղթանակն անխուսափելի է»:
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը բարձր է գնահատում Արցախի բնակչության զգոնությունը, կամքը եւ վերջին 20 տարիների վճռականությունն ու միասնականությունն իր երկրի, սեփական ընտանիքների անվտանգության ապահովման գործում: Անգնահատելի են բնութագրում խաղաղություն նվաճելու բոլոր քայլերը, որոնք ձեռնարկում են Արցախի նախագահն ու մյուս պետական այրերը: Բայց նաեւ համոզված են, որ այս եւ մյուս անգնահատելի ձեռքբերումներում մեծ ավանդ ունի նաեւ Արցախի կոմունիստական կուսակցությունը: «Մայիսի 23-ին Եվրոպայի ու նրա կառույցների խուլ ու համր կեցվածքի եւ այլ երկրների սեւեռուն հայացքի տակ տեղի են ունենալու Արցախի Ազգային ժողովի ընտրությունները: Արցախի բնակչությունը պետք է ծանրութեթեւ անի, թե ում օգտին տա իր ձայնը. արդարության, եղբայրության, հավասարության, ազգերի ինքնորոշման սկզբունքներով Արցախի ժողովրդի ձեռք բերած հաջողությունների պաշտպանության ու ամրապնդման, բանվորի, գյուղացու, առաջավոր երիտասարդության շահերի, կրթության, գիտության, մշակույթի ավելի զարգացմա՞ն օգտին, թե՞ առանձին մարդկանց, ժողովրդի հարստությունը փոշիացնող, հակաժողովրդական բուրժուական իշխանությունների եւ կապիտալիզմի էլ ավելի ամրապնդման օգտին»,- արցախցիներին ողջախոհության կոչ է անում Ռուբեն Թովմասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել