Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՆԺԴԵՀԸ ՑԻՏԱՏՆԻԿ ՉԻ»

Մայիս 20,2010 00:00

Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում երեկ ԱԺ պատգամավորներից եւ ոչ մեկը կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին հարց չուղղեց Հայաստանում օտար լեզուներով ուսուցման կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հիմնելու նախաձեռնության վերաբերյալ: Ուստի նա ավարտից հետո լրագրողներին ասաց. «Ցավում եմ, որ այսօր Ազգային ժողովում իմ բացահայտ եւ ծպտյալ ընդդիմախոսները բաց թողեցին այս հրաշալի առիթը՝ անարգանքի սյանը գամելու «ապազգային, օտարամոլ եւ անկախության տակ դինամիտ դնող» (ամբողջը մեջբերում է իրենց խոսքերից) իրենց կրթության ու գիտության նախարարին: Ցավում եմ, որ այս ընդդիմախոսների ունեցած արգումենտացիոն պաշարը կամ ունեցած քաղաքական կամքը կամ հեղինակությունը հերիքում է խոսել միայն իմ բացակայությամբ: Իսկ իմ ներկայությամբ, ցավոք սրտի, նման ծանր հարցադրումներ չեն բարձրացվում, ինչի համար իրոք ափսոսում եմ»:
Նա պնդեց, թե կառավարությունն իր նախաձեռնությունից չի հրաժարվի: Այժմ նախագիծը լրամշակման փուլում է, եւ մասնավորապես սահմանվելու է, թե օտարալեզու դպրոցների ընդհանուր թիվը չի գերազանցի 15-ը, միեւնույն լեզվով դպրոցների թիվը նույնպես սահմանափակ կլինի, նման դպրոցների գործունեությունը կթույլատրվի տարրական աստիճանից բարձր դասարաններում՝ 5-րդ դասարանից սկսած:
Արմեն Աշոտյանը նշեց, որ հանրությանը ցաքուցրիվ, համատեքստից կտրված եւ աղավաղված է ներկայացվում Գարեգին Նժդեհի հայտնի արտահայտությունը. «Նա իրականում ասել է, որ ավելի լավ է լինել խուլ ու համր հայ, քան թրքախոս հայ: Ո՛չ օտարախոս»: Եվ հավելեց. «Այն մարդիկ, ովքեր Նժդեհին տրոհել են ցիտատների՝ իրականում Նժդեհին չեն հասկանում: Նժդեհը ցիտատնիկ չի»:
Պատասխանեց նաեւ Հանրային խորհրդի նախագահի քննադատությանը. «Վազգեն Մանուկյանի դեմ լինելն էլ ես ընկալում եմ որպես մի մարդու տեսակետ, ով մեր երկրի առաջին վարչապետն է եղել, 90-ականների սկզբին օտարալեզու կրթության վերջը համարում է իր քաղաքական ժառանգությունը, եւ իմ նախաձեռնությունը համարում է ոտնձգություն այդ ժառանգության նկատմամբ, ինչը այդպես չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել