Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոալիցիոն ուժերն անդամավճարներո՞վ են գոյատեւում

Մայիս 20,2010 00:00

Համենայնդեպս՝ այդպես են նրանք վստահեցրել Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի պատվիրակությանը:

Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) պատվիրակության անդամներ Սոֆի Մեուդալ-Լինդերսը, Տանյա վան Դիքը եւ Ադրիան Մորարուն երեկ հանդիպել են Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Նրանք տեղեկացրել են, որ եռօրյա հանդիպումների արդյունքներով պատվիրակությունը զեկույց կպատրաստի, որը կներկայացնի Հայաստանի իշխանություններին եւ կհաստատվի GRECO-ի լիագումար նիստում: Եվ խորհրդարանական ուժերին խնդրել են ներկայացնել իրենց կուսակցության ֆինանսական հոսքերի վերահսկողական մեխանիզմները, դրանք ապահովող օրենսդրական լուծումները: Ահա եւ ընթերցելով ԱԺ պաշտոնական հաղորդագրության մեջ կուսակցությունների ներկայացրած բացատրությունները՝ կարելի է առանձնակի խոշոր չափերով կարեկցանք ապրել առ մեր՝ մանավանդ իշխանական ուժերը, որոնք մեծապես գործում են ինքնաֆինանսավորմամբ:
ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը հանդիպման ընթացքում, ըստ հաղորդագրության՝ «Տեղեկացրեց, որ իրենց կուսակցության ֆինանսական միջոցների մեծ մասը գոյանում է անդամավճարներից, նախընտրական շրջանում՝ նաեւ նվիրատվություններից, որոնք իրականացվում են համապատասխան անդորրագրերով»: Հովհաննես Սահակյանը վստահեցրել է, որ ֆինանսական բոլոր հոսքերն են իրականացվում համապատասխան անդորրագրերով եւ վերահսկելի են:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հավաստիացրել է, որ իրենք մշտապես պահպանել են կուսակցություններին եւ նրանց ֆինանսական հոսքերին վերաբերող ՀՀ օրենքների դրույթները: Նաեւ հայտնել է, որ 2007թ. խորհրդարանական ընտրությունների նախօրեին ԲՀԿ նախագահը խնդիր է դրել ապահովել կուսակցության գործունեության թափանցիկությունն այն կազմակերպությունների համար, որոնք իրականացնում են ընտրությունների դիտարկում: Արամ Սաֆարյանը նշել է, որ ԲՀԿ-ն ֆինանսավորվում է կամավոր ներդրումներով, եւ հիմնականում դա արվում է կուսակցության ղեկավարի կողմից:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տեղեկացրել է, որ գրեթե 90 տոկոս ինքնաֆինանսավորմամբ են աշխատում կուսակցական կառույցները. կուսակցության գումարները գոյանում են անդամավճարներից, կուսակցական բյուջե ստեղծելու հարցում աջակցում են նաեւ գործարար կուսակցականները:
Խմբակցության ղեկավարը բողոքել է, որ ընտրությունների ընթացքում քաղաքական ուժերի ծախսերն ավելանում են, ինչը հաճախ անհավասար դաշտ է ստեղծում. «Անհավասար դաշտ է ստեղծում նաեւ այն հանգամանքը, որ որոշ կուսակցություններ իրենց հեռուստաընկերությունների միջոցով իրականացնում են սեփական PR ոչ միայն նախընտրական շրջանում»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իրազեկել է, որ կուսակցության ֆինանսական միջոցները, որոնք շատ համեստ են, գոյանում են կուսակցականների անդամավճարներից եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչների նվիրատվություններից: Անդրադառնալով պետբյուջեից կուսակցություններին հատկացվող ֆինանսական միջոցներին՝ նա նկատել է, թե դա չափազանց փոքր գումար է, ինչը ոչ միայն չի բավականացնում կուսակցությունների համակարգի կայացմանը, այլեւ չի բավարարում անգամ տարածքների վարձակալության վճարներին: Խնդրի լուծումը խմբակցությունը համարում է կուսակցություններին հատկացվող ֆինանսական միջոցների մեծացումը եւ քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարը:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը նույնպես նշել է, որ կուսակցության ֆինանսական միջոցները գոյանում են անդամավճարներից եւ դրամահավաք-նվիրատվություններից: Սակայն նա եւ Արա Նռանյանը նաեւ նշել են, թե կուսակցությունների կոռուպցիոն չարաշահումները հատկապես շատանում են ընտրական գործընթացներում. «Այս համատեքստում Արտյուշ Շահբազյանը եւ Արա Նռանյանը կարեւորեցին կուսակցությունների կատարած ծախսերի թափանցիկությունն ու հասարակական վերահսկողության մեխանիզմի ամրագրումը Ընտրական օրենսգրքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել