Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՀԵԾԱՆԻՎ Է ՀԱՅՏՆԱԳՈՐԾԵԼ»

Մայիս 20,2010 00:00

ԵԱՀԿ փորձագետների դիտողություններին՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կառավարության նախաձեռնած փոփոխությունների վերաբերյալ, երեկ գումարվեց նաեւ ԱԺ նախագահի քննադատությունը:

Երեկ եւս մի ապացույց ստացանք, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը, հակառակ կառավարության մայիսի 13-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի արած պնդման՝ նախապես չի անցել միջազգային պատշաճ փորձաքննություն: ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կայքէջում հրապարակվել է ԵԱՀԿ փորձագետների վերլուծությունը՝ «Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգի» վերաբերյալ, որը մայիսի 18-ին քննարկվեց Երեւանում: Եվ այս վերլուծության մեջ նշված է. «Հայեցակարգում գրված է օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, սակայն այդ փոփոխությունների էությունն այնքան էլ պարզ չէ: Սահմանված է, որ օրենսդրական դաշտը պետք է ձեւավորվի մինչեւ 2010-ի հուլիսի 20-ը: Սակայն պարզ չէ, թե դա ինչ է նշանակում: Արդյոք մինչ այդ օրն օրենսդրական դաշտը պետք է լրի՞վ պատրաստ եւ ուժի մեջ լինի, թե՞ դա այն ժամկետն է, երբ պետք է ներկայացվեն օրենսդրական փոփոխությունների առաջարկությունները: Եթե խոսքն առաջինի մասին է, ապա այդ ժամկետն իրատեսական չէ, եթե, իհարկե, օրենսդրական փոփոխությունների առաջարկություններն արդեն պատրաստ չեն կամ շատ շուտով պատրաստ չեն լինելու, որովհետեւ օրենքների մեջ փոփոխություններ կատարելը կամ նոր օրենքներ ընդունելը (ի տարբերություն կարգավորման այլ մեխանիզմների եւ ձեւերի) սովորաբար բավականին երկար ժամանակ է պահանջում»:
Ըստ այդմ՝ ԵԱՀԿ փորձագետներն անգամ տեղյակ չեն եղել, որ նախագիծն արդեն ուղարկվել է ԱԺ: Այդ փաստի ականատեսը դառնալով Երեւանում՝ նրանք եւ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հանդես եկան բավական կոշտ քննադատությամբ: Դունյա Միյատովիչը ԵԱՀԿ կազմակերպած քննարկման ընթացքում հայտարարեց, որ թվայնացումը կարեւոր գործընթաց է, սակայն եթե չարվի բաց ու թափանցիկ, ապա երկիրը մեծ խնդիրների առջեւ կկանգնի. «ԱԺ օրինագծում բազմաթիվ կետեր կան, որոնք, իմ կարծիքով, չեն համապատասխանում թափանցիկության միջազգային չափանիշներին»: Այն, որ օրենքի նախագիծը չի համապատասխանում միջազգային չափանիշներին՝ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել էր նաեւ ԵԱՀԿ փորձագետ Անդրեյ Ռիխտերը, նաեւ նշելով, թե բազմազանությունն ու բազմակարծությունն այս օրինագծով նույնիսկ վտանգվում են. «Իմ կարծիքով՝ հաշվի չեն առնվել հասարակության հետաքրքրությունները, առաջին հերթին՝ բազմազան տեղեկատվություն ստանալու հարցում: Ինչ վերաբերում է իրավական կողմին, որն ավելի շատ վտանգներ է պարունակում՝ դա այն է, որ օրինագիծն ընդունվում է հապշտապ, առանց պատշաճ քննարկումների: Նման կերպ չի կարելի վարվել, պետք է լուրջ հետազոտություն արվի, թե իրոք ինչ է անհրաժեշտ բնակչությանը, պետք է քննարկում լինի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»: Նաեւ հավելել էր, որ եթե օրինագծում չարվեն փոփոխություններ՝ «Պետք է գոնե հենց այդպես էլ ասել. մենք մեր հեծանիվն ենք ստեղծել՝ մենք էլ այն վարելու ենք»: Այս մտահոգությունները ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը փոխանցել էր նաեւ ՀՀ նախագահին, ինչն էլ թերեւս ազդեցություն ունեցավ իշխանության դիրքորոշման փոփոխման վրա:
ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի պատգամավորները երեկ ԱԺ նիստի սկզբում արդեն սկսել էին դրվատալից ելույթներ ունենալ առ այս օրինագիծ: Ասենք, հանրապետական Կարեն Ավագյանը հայտարարեց, թե անթույլատրելի է այս օրինագծին քաղաքական հնչեղություն տալը. «Այս օրենքը որոշում է միայն տեխնիկական խնդիրներ»: «Ժառանգություն» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Արմեն Մարտիրոսյանը հեգնանքով լի մի ելույթ ունեցավ՝ համաձայնելով, թե իհարկե՜, սա քաղաքական հարց չէ՝ միայն տեխնիկական հարց է. «Այն ամբիոնն էլ, որի մոտ կանգնած եմ՝ երկրի թիվ 1 քաղաքական ամբիոնը չէ, այլ տեխնիկական ամբիոն է, որտեղից ներկայացնում ենք որոշ հարցերի վերաբերյալ ընդամենը տեխնիկական վերաբերմունք»: Շարքը շարունակելով՝ հավելեց, թե զուտ տեխնիկական խնդիր է նաեւ «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի եթեր վերադառնալու հարցը եւ այլն:
Մի խոսքով, ամեն ինչ սովորականի պես էր՝ ե՛ւ ընդդիմություն-իշխանություն բառային փոխհրաձգության առումով, ե՛ւ այն առումով, որ ընդդիմադիր պատգամավորները մատնանշում էին օրենքի նախագծի բացերը, իսկ կոալիցիայի պատգամավորներն այդ ամենը լսում էին ձանձրացող դեմքերով: Սակայն հանկարծ արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ առավել ջախջախիչ քննադատության ենթարկեց այս օրինագիծը, քան մինչ այդ արել էին անգամ ընդդիմադիրները: «Ներկայացված օրենքի նախագիծը, խմբագրելով ամբողջ գործող օրենքը, չի լուծել թվայնացման անցնելու հետ կապված մի շարք էական խնդիրներ: Հետեւաբար մտահոգողը ոչ թե այն է, ինչ գրված է, այլ այն, ինչը սահմանված չէ եւ անհասկանալի է դրա իրագործումը, եթե նույնիսկ գործադիրի համար մոտավորապես տեսանելի են գործողություններն ու անելիքները,- հայտարարեց ԱԺ նախագահը: Նա մասնավորեցրեց.- hստակ չեն կարգավորիչ մարմնի դերն ու գործառույթները մինչեւ 2013 թվականը, այսինքն՝ մինչեւ ամբողջական թվայնացումն ու դրանից հետո։ Առավել եւս հստակ չէ՝ ՀՌԱՀ-ը եւ էկոնոմիկայի նախարարությունն ի՞նչ լիազորություններով են օժտված եւ ո՛ր մարմինն ինչի՛ համար է պատասխանատու»: Հովիկ Աբրահամյանը մատնանշեց նման բազմաթիվ խնդիրներ՝ ասենք. «Նախագծով սահմանված չեն ազատ հաճախականությունների առաջացման դեպքերը եւ կարգավորիչ մարմնի գործառույթները։ Ստացվում է, որ եթե տարբեր պատճառներով հաճախականություն ազատվի, այն 10 տարի մնալու է ազատ»:
ԱԺ նախագահը նաեւ ասաց. «Ինձ համար հասկանալի է իմ գործընկերների մտահոգությունը, քանի որ այս նախագիծը մի քիչ ուշ է ստացվել։ Եվ կառավարության աշխատաոճի մեջ կա այդ ձեւը, որ ուղարկում են նախագծեր, որոնք մշտական հանձնաժողովը չի հասցնում քննարկել, որ պատգամավորները, խումբ-խմբակցությունները տեղյակ լինեն»: Եվ այսուհանդերձ՝ պրն Աբրահամյանը նշեց, թե ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու այս նախագծին. «Կոչ եմ անում կողմ քվեարկել, որ առաջին ընթերցմամբ ընդունենք այս նախագիծը, բայց մի պայմանով, որ մենք հաջորդ շաբաթ կազմակերպելու ենք լսումներ, հրավիրելու բոլոր միջազգային, հասարակական շահագրգիռ կազմակերպություններին ու լսենք բոլորի կարծիքներն ու առաջարկությունները: Նաեւ կխնդրեմ վարչապետին, որ Ներսես Երիցյանն էլ ներկա լինի լսումներին»: Նման հատուկ խնդրանքի անհրաժեշտություն թերեւս կա, քանի որ նախարարը ոչ միայն ինքը չներկայացրեց այս նախագիծը, այլեւ նախապես կառավարությունը հայտնել էր, թե այն կներկայացնի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, բայց ի վերջո ԱԺ-ում հայտնվեց մեկ այլ փոխնախարար՝ Մուշեղ Թումասյանը: Վերջինիս Հովհաննես Մարգարյանը ՕԵԿ խմբակցության անունից ելույթում անընդհատ «պարոն Պետրոսյան» էր անվանում: Իսկ Մուշեղ Թումասյանն էլ եզրափակիչ ելույթում հայտարարում էր, թե այս նախագծով բնավ չի սահմանափակվում «հեռուստադիտողների հեռուստադիտման իրավունքը»:
Այս փուլում արձանագրենք, որ չիրականացավ կառավարության ցանկությունը, որպեսզի այս օրինագիծը քննարկվի եւ ընդունվի անհապաղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել