Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊԱՏԺՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

Մայիս 20,2010 00:00

ՀՀ գլխավոր դատախազն ասում է, թե հենց դա է «քննությանը խորթ
մեթոդների կիրառման դեմ արդյունավետ պայքարի գրավականը» ու չի պատժում այդպիսի մեթոդներ կիրառած ՀՔԾ պետին ու քննիչներին:

\"\"

Արդեն մի քանի օր է, ինչ Երեւանում է գտնվում ԵԽ Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահ Մաուրո Պալմայի գլխավորությամբ: Երեկ պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը: Իսկ  եվրոպացի պատվիրակները, ի շարս այլ հարցերի, հետաքրքրվել են նաեւ «Մարտի 1»-ի գործով ժամանակին 4 տարվա ազատազրկման դատապարտված, ապա համաներմամբ ազատ արձակված Քրիստափոր Էլազյանի կողմից՝ իր նկատմամբ քննության, շատ մեղմ ասած,  խորթ մեթոդների կիրառման վերաբերյալ հայտարարության ճակատագրով: Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ ասվում է, թե  ՀՀ գլխավոր դատախազը տեղեկություններ է տրամադրել նաեւ այդ հայտարարության ստուգման արդյունքների մասին եւ նաեւ հայտարարել, թե «քննությանը խորթ մեթոդների կիրառման դեմ արդյունավետ պայքարի գրավականը պատժողական քաղաքականությունն է: Արդեն իսկ ձեւավորված նախադեպը, երբ կոնկրետ քրեական գործերով քրեական պատասխանատվության են ենթարկվել ոստիկանության աշխատակիցները՝ բերման ենթարկված անձանց, ձերբակալվածների նկատմամբ բռնություն գործադրելու համար, կարծում եմ՝ կունենա կանխարգելիչ նշանակություն»: Նկատենք, որ այս հայտարարությունն արվել է այն դեպքում, երբ Էլազյանն իրեն խոշտանգողների թվում մատնանշում է այդ հանդիպման մասնակիցներից մեկի՝ ՀՔԾ պետ Ա. Միրզոյանի անունը: Թե ինչով է պայմանավորված CPT-ի հետաքրքրությունը մասնավորապես Քրիստափոր Էլազյանի նկատմամբ, երբ մարտիմեկյան իրադարձություններից հետո ոստիկանությունում կամ դատախազությունում իրենց նկատմամբ կիրառված ծեծի, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի մասին հայտարարել են մի քանի տասնյակ մարդ, այդ թվում՝ նախկին քաղբանտարկյալներ եւ վկաներ, փորձեցինք ճշտել «Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության» ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանից: Վերջինս ենթադրեց, որ Ք. Էլազյանի նկատմամբ առանձնացված հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ նա միակն էր, ում նկատմամբ բռնությունները ժամանակին արձանագրել են նաեւ Միջազգային կարմիր խաչի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ Քրիստափոր Էլազյանը ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից է: 2008թ. մարտի 4-ին Ոստիկանության Նորք-Մարաշ համայնքի ոստիկանապետը նրան հրավիրել էր ոստիկանություն, կալանավորել եւ ուղարկել էր Կենտրոնի բաժին, որտեղ էլ ոստիկանապետն անձամբ էր նրան ծեծի ենթարկել: Մարտի 5-ին նա տեղափոխվել էր ՀՔԾ, որտեղ նրան երեք օր շարունակ, վեց հոգով, քննիչի ներկայությամբ, Գուգարքի ոստիկանապետի, ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի եւ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանի ակտիվ մասնակցությամբ դաժան ծեծի էին ենթարկել՝ պահանջելով, որ ընդդիմության առաջնորդներից գոնե մեկի դեմ ցուցմունք տա: Կեղծ ցուցմունք տալուց հրաժարվելուց հետո նրա դեմ քրգործ էր հարուցվել, եւ նա դատապարտվել էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով՝ բացառապես ոստիկանների տված ցուցմունքների հիման վրա:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում Ք. Էլազյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանն ասաց, որ դեռ 2008թ. մարտի 13-ին, երբ ինքն արդեն ստանձնել էր Էլազյանի պաշտպանությունը, միջնորդել էր դատաբժշկական փորձաքննություն նշանակել: Մարտի 18-ին միջնորդությունը բավարարվել էր, իսկ փորձաքննության եզրակացությունում շեշտվել էր, որ նրա մարմնի վրա հայտնաբերվել են այնպիսի վնասվածքներ, որոնց վաղեմության ժամկետը համապատասխանում է այն ժամանակահատվածին, երբ նա կալանավորված է եղել: Այդ վնասվածքները արձանագրվել էին նաեւ «Վարդաշենի» ՔԿՀ-ում:
Ք. Էլազյանի նկատմամբ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի  5-րդ, 6-րդ, 11-րդ հոդվածների, այդ թվում՝ խոշտանգումների մասով,  խախտումների վերաբերյալ  գանգատն արդեն ՄԻ Եվրոպական դատարան է ուղարկվել, իսկ ահա Հայաստանում նրա նկատմամբ կիրառված ավելի քան երկու տարի առաջ բռնությունների եւ խոշտանգումների փաստը համարժեք իրավական գնահատականի չի արժանացել: «Այն ժամանակ՝ 2008թ. մարտին, ՀՔԾ-ն ասում էր, թե Էլազյանի հայտարարության վերաբերյալ քննություն է կատարվում: Դեռ դատաքննության ժամանակ, երբ մենք պահանջեցինք, որ  Էլազյանին ծեծի եւ խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ նյութերը բերվեն դատարան, դատախազը հայտարարեց, թե քննություն է գնում: Այդ քննությունն արդեն ավելի քան 2 տարի, իբր, գնում է,  իսկ մեզ դրա մասին ոչինչ հայտնի չէ»,- ասաց Վ. Զուռնաչյանը՝ շեշտելով, որ եթե այդ գործը որեւէ արդյունք գրանցած լիներ, ՀՔԾ-ն պարտավոր էր իրենց տեղյակ պահել: «Մենք գրավոր որեւէ պատասխան՝ գործը կարճվել է կամ դատարան է գնացել, չունենք»: ՀԱԿ իրավական հանձնախմբի համակարգող, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն էլ մեր ճշտող հարցին ի պատասխան՝ ասաց, թե դատարանում հարցը բարձրացվել եւ փակվել՝ «ջրվել» է, խոշտանգումների վերաբերյալ ոչ մի քննություն էլ չի եղել, քրեական գործեր էլ չեն հարուցվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել