Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՉԱԼՈՒՐՋ ԼԻՆԵԼ, ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԵԼ

Մայիս 20,2010 00:00

 \"\"Քաղաքական գիտությունների դոկտոր, ԵԽԽՎ-ում 2003-2007թթ. Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը վստահ է, որ ԵԽԽՎ-ում հենց այդպես պետք է աշխատել:

– ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուի այցն ավարտվեց, բայց կրքերը՝ 1416 բանաձեւով նախատեսված ժամանակավոր ենթահանձնաժողովի նախագահի ընտրության հետ կապված, չեն մարում: Իսկապե՞ս այդ ենթահանձնաժողովն այդքան կարեւոր է ղարաբաղյան խնդրի կարգավորման տեսակետից:
– Հայաստանում վաղուց ավանդույթ է դարձել, որ այս կամ այն հարցի, հատկապես փաստաթղթերի հետ կապված լուրջ եւ առարկայական քննարկումների փոխարեն հասարակությանը շատ հաճախ մատուցվում է հիմնազուրկ դատողությունների շարան: Անգամ բանը հասավ այնտեղ, որ ոմանք հայտարարեցին, թե այդ ենթահանձնաժողովը փոխարինելու է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Մարդիկ անգամ իրենց նեղություն չեն տալիս կարդալու 1416 բանաձեւը, որով ԵԽԽՎ-ն ոչ միայն գնահատում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, կոչ է անում ակտիվացնել կողմերի ակտիվությունը Մինսկի խմբի շրջանակում՝ խնդիրը լուծելու համար, այլեւ սահմանում է ժամանակավոր հանձնաժողովի նպատակը: Ըստ բանաձեւի 5-րդ կետի, ենթահանձնաժողովի համար Վեհաժողովը սահմանել է ընդամենը մեկ նպատակ: Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունները ԵԽԽՎ-ում պետք է ամեն տարի ներկայացնեն զեկուցում, թե ինչ են արել իրենց երկրները խնդրի կարգավորման համար: Ակնհայտ է, որ որեւէ մեկն իրավունք չունի ենթահանձնաժողովն օգտագործել այլ նպատակների համար: Թեեւ փորձեր արվել են: 2005-2007թթ. ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի պատվիրակության անդամ Աթեշը բանաձեւի ընդունումից հետո փորձեց գլխավորել ժամանակավոր ենթահանձնաժողովը, ապա, անհաջողության մատնվելով, ԵԽԽՎ յուրաքանչյուր նստաշրջանում փորձում էր իր ղեկավարած հանձնաժողովի գերակայությունը հաստատել ժամանակավոր ենթահանձնաժողովի վրա, բայց ամեն անգամ ձախողվում էր, քանի որ բանաձեւի եւ ԵԽԽՎ կանոնակարգի հիման վրա ապացուցվում էր, որ ինքը որեւէ լիազորություն չունի ժամանակավոր ենթահանձնաժողովի աշխատանքների մեջ «քիթը խոթելու»: Ավելին, այդ ընթացքում ակտիվ աշխատանք էր կատարվում՝ նախ, որ ենթահանձնաժողովը գլխավորի ԵԽԽՎ անդամ, որը չի փորձի նման ոտնձգություններ անել, եւ ապա՝ ենթահանձնաժողովի նախագահ, հանգուցյալ Ռասըլ Ջոնսթոնի հետ են շարունակական հանդիպումներ եղել, եւ 2005-2007թթ. մենք ոչ մի խնդիր չենք ունեցել այդ հանձնաժողովում: Հետեւաբար անհրաժեշտ աշխատանքի առկայության դեպքում ժամանակավոր ենթահանձնաժողովը հնարավոր չի լինի դուրս բերել իր լիազորությունների շրջանակից եւ օգտագործել այլ նպատակների համար, իսկ նման աշխատանքի բացակայության դեպքում վտանգներ կարող են առաջանալ ու առաջացել են ցանկացած ասպարեզում՝ ՄԱԿ-ից մինչեւ Մինսկի խումբ: Տվյալ դեպքում աշխատանք ասելով նկատի չունեմ հայտարարություններն ու ելույթները նիստերի ժամանակ, թեեւ դրանք եւս կարեւորել եւ կարեւորում եմ իրենց տեղում: Խոսքը վերաբերում է այն աշխատանքին, որի շնորհիվ կանխավ տեղյակ ես նախապատրաստվող հարցերին ու լուծումներին, որի շնորհիվ կարող ես նախապես ապահովել համախոհների անհրաժեշտ թիվ եւ խափանել մյուս կողմի ապատեղեկատվության տարածումը եւ այլն:
– Իսկ Չավուշօղլուն՝ որպես ԵԽԽՎ նախագահ, կարո՞ղ է գլխավորել այդ հանձնաժողովը:
– Ընդհանրապես, ԵԽԽՎ նախագահները հանձնաժողովներ կամ ենթահանձնաժողովներ չեն գլխավորում: Ավելին, Չավուշօղլուն անամոթաբար ստում էր Բաքվում, երբ հայտարարում էր, որ հանձնաժողովը նախկինում գլխավորած Ռասըլ Ջոնսթոնը ԵԽԽՎ նախագահն էր: Այդ ժամանակ ԵԽԽՎ նախագահն էր Ռընե վան դեր Լինդենը, նրանից առաջ՝ Պիտեր Շիդերը: Ժամանակավոր հանձնաժողովը գլխավորելիս Ռասըլ Ջոնսթոնը վաղուց արդեն ԵԽԽՎ նախագահ չէր: Ավելին, ժամանակավոր ենթահանձնաժողովը ենթակա է ոչ թե ԵԽԽՎ նախագահին, այլ ԵԽԽՎ բյուրոյին, եւ Չավուշօղլուն լիազորություն չունի ինքն իրեն հանձնաժողովի նախագահ հայտարարելու: Միգուցե Բաքվից վերադառնալուց հետո Ստրասբուրգում նրան այդ ամենը հիշեցրել են, եւ այժմ մի փոքր մեղմել է իր «ախորժակը»:
– Շատ է խոսվում այն մասին, որ թուրքը չպետք է դառնար ԵԽԽՎ նախագահ, արդյոք Չավուշօղլուն արժանիորե՞ն ընտրվեց ԵԽԽՎ նախագահ:
– ԵԽԽՎ նախագահին անձնական կամ ազգային արժանիքների համար չեն ընտրում: Տարիներ առաջ համաձայնություն է ձեռք բերվել ԵԽԽՎ խմբակցությունների միջեւ, որ ԵԽԽՎ նախագահի ընտրության ժամանակ, ըստ սահմանված հերթականության, թեկնածու պետք է առաջադրի խմբակցություններից մեկը, եւ մյուսները պետք է պաշտպանեն այդ թեկնածությունը: Չավուշօղլուի թեկնածությունն առաջադրել է Եվրոպական ժողովրդավարների խումբը: Ի դեպ, այս խմբակցությունը թեկնածու պետք է առաջադրեր նախորդ անգամ՝ 2008 թ., սակայն քանի որ թեկնածուն այդ խմբի ղեկավար, Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգելովն էր, հերթականությունը փոխվեց, եւ այն ժամանակ ԵԽԽՎ նախագահ առաջադրվեց եւ ընտրվեց Սոցիալիստների խմբի ղեկավար, իսպանացի դը Պյուչը: Կարծում եմ՝ Չավուշօղլուն առաջադրվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի պատվիրակությունների համաձայնության արդյունքում, քանի որ խմբում գերակշռում են բրիտանացի պահպանողականներն ու Ռուսաստանի պատվիրակության ներկայացուցիչները:
Ինչ վերաբերում է Չավուշօղլուին, ապա 2003-2007թթ. մենք միասին աշխատել ենք ոչ միայն Եվրոպայի ժողովրդավարների խմբում, այլեւ Մոնիտորինգի եւ Միգրացիայի, ժողովրդագրության եւ փախստականների հանձնաժողովներում: 2006թ., երբ նա Միգրացիայի, ժողովրդագրության եւ փախստականների հանձնաժողովի նախագահն էր, այդ հանձնաժողովում, ապա եւ Վեհաժողովի լիագումար նիստում քննարկվեց զեկուցում եւ ընդունվեց բանաձեւ Ադրբեջանում, Հայաստանում եւ Վրաստանում փախստականների վիճակի մասին: Ի դեպ, զեկուցման պատրաստումը նախաձեռնել էր Ադրբեջանի պատվիրակությունը դեռեւս 2002թ., ընդ որում՝ նախաձեռնությունը վերաբերվում էր միայն Ադրբեջանի փախստականներին: Նախ հաջողվեց փոխել թեմայի ընդգրկումը՝ այն դարձնել տարածաշրջանային, ապա նպաստել, որ զեկուցող ընտրվի չեզոք պատգամավոր՝ Լատվիայի պատվիրակության անդամ Բորիս Ցիլեւիչը: Մեծ ջանքեր գործադրվեցին զեկուցողի համար անհրաժեշտ նյութեր ապահովելու համար եւ հաջողվեց ապահովել արդարացի թե զեկույց, թե բանաձեւ: Չնայած Ադրբեջանի պատվիրակության եւ Չավուշօղլուի մեծ ջանքերին (վերջինը միայն արտաքնապես էր փորձում չեզոքություն պահպանել), հաջողվեց հասնել այն բանին, որ զեկուցողն ընդունեց «փախստական» եւ «տեղահանված» դասերի էական տարբերությունը, եւ զեկույցում անդրադարձ եղավ միայն փախստականների խնդիրներին: Դրա արդյունքում արձանագրվեց հայ եւ ադրբեջանցի փախստականների գրեթե հավասար թիվ՝ 200 հազարից մի փոքր ավելի, իսկ Ադրբեջանում 2006թ. առկա փախստականների թիվը՝ 8604: Ադրբեջանի պատվիրակության կատաղությանը չափ չկար: Նրանք ցանկանում էին շոու կազմակերպել մեկ միլիոն փախստականների առասպելով, բայց ստացվեց այդ առասպելը հօդս ցնդեցնող քննարկում եւ բանաձեւ, ու Բաքուն Չավուշօղլուի գլխավորած հանձնաժողովի ադրբեջանցի անդամին փոխեց: Ինչ վերաբերում է Մոնիտորինգի հանձնաժողովին, ապա այստեղ Չավուշօղլուի դիրքորոշումները ոչնչով չէին տարբերվում Ադրբեջանի պատվիրակության դիրքորոշումներից, երբ հարցը վերաբերվում էր Հայաստանին: Այլ հարցերում, ի տարբերություն թուրք պատգամավորների ճնշող մեծամասնության, Չավուշօղլուն փորձում էր ակտիվ լինել:
Այս ամենը վկայում է, որ ԵԽԽՎ-ում միշտ պետք է աչալուրջ լինել եւ հետեւողականորեն, շարունակաբար աշխատել՝ ոչ միայն խուսափելու համար տհաճ անակնկալներից, այլեւ մեզ համար կարեւոր հարցերում ցանկալի լուծումներ ունենալու համար: Առավել եւս, որ Վեհաժողովում մենք ունենք ընդամենը չորս ձայն՝ Ադրբեջանի 6-ի եւ Թուրքիայի 12-ի դիմաց: Այդուհանդերձ, անհրաժեշտ աշխատանքով հնարավոր է հաղթահարել այդ դժվարությունները, ինչի մի քանի օրինակ բերեցի վերը: Այդ շարքում չեմ կարող չհիշատակել, որ 1416 բանաձեւը միջազգային կազմակերպությունների մինչ օրս ընդունած միակ փաստաթուղթն է, որտեղ արձանագրվում է, որ Լեռնային Ղարաբաղը կարող է անջատվել Ադրբեջանից խաղաղ միջոցներով եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ժողովրդավարական կամարտահայտությամբ: Ավելին, այդ բանաձեւի ընդունման շնորհիվ ինքնորոշման իրավունքը դարձավ ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը եւ հետագայում տեղ գտավ կարգավորման փաստաթղթերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել