Քչերը գիտեն, որ հորած պանիրը՝ այդ յուրահատուկ համային հատկություններով օժտված մթերքը, որն ունի օգտակար բուժիչ եւ մանրէասպան հատկություններ, առաջին անգամ հայտնվել է Վանում՝ շնորհիվ հայ բժշկի, դեռեւս 200 տարի առաջ: Այս պանրի բուժիչ հատկությունները թաքնված են պատրաստման եղանակի եւ ընտրված խոտաբույսերի մեջ, որոնք կազմում են պանրի քաշի 15 տոկոսը: Պանիրը այժմ Թուրքիայում եւ հատկապես Վանում պատրաստում են այնպես, ինչպես հայ բժիշկը դա ներկայացրել էր 200 տարի առաջ: Այն պատրաստվում է վաղ գարնանը, երբ նոր են սկսում աճել բույսերը, քանի որ այդ ժամանակ կենդանական կաթն էլ արտադրվում է թարմ խոտի օգտագործմամբ:
Հորած պանրի ամենագլխավոր բույսը համարվում է սխտորը, որն ընդունված է անվանել սիրմո, քանի որ այն փոքր-ինչ տարբերվում է մեր իմացած եւ առօրյայում գործածվող սխտորից: Այն ավելի շատ ունի վայրի ծագում, եւ պանրի մեջ մտնող յոթը պարտադիր բույսերից ամենագլխավորն է: Սխտորն ավելացվում է պանրի մերման ժամանակ, ապա պատրաստ պանրին են ավելացվում աղը՝ ըստ ճաշակի, խոտաբույսերի տեսակներն ու երեք ամիս հորելուց հետո՝ դարման-պանիրն արդեն պատրաստ է: