Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չխառնենք կատարողականը՝ բալետային մտածողության հետ»

Մայիս 19,2010 00:00

\"\"Ազգային օպերային թատրոնում մինչեւ 2013թ. բեմադրվելիք բալետային ներկայացումների ցանկը հայտնի է:

Վերջին տարիներին չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Ազգային օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի խաղացանկում չկա եւ ոչ մի ժամանակակից հայ կոմպոզիտորի բալետային ներկայացում: Մշտապես օրինակ է բերվում ժամանակին թատրոնի հիմնական խաղացանկում առկա Գրիգոր Եղիազարյանի «Սեւան» եւ «Արա Գեղեցիկ», Էդ. Միրզոյանի Լարայինների եւ լիտավրների համար գրված սիմֆոնիայի հիման վրա ստեղծած, Կոնստանտին Օրբելյանի «Անմահություն», Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» եւ այլ բալետային ներկայացումները:

Օրերս թատրոնի տնօրինությունը երկխոսության էր հրավիրել այն կոմպոզիտորներին, ովքեր ստեղծագործում են նաեւ բալետային արվեստում: Ներկա էին նաեւ երաժշտագետներ: Պարզվում է, շուրջ տասը հեղինակներ տարիներով սպասում են իրենց այս կամ այն բալետի բեմադրությանը: Այսպես՝ Արամ Սաթյանն ունի երեք բալետ՝ «Համլետ», «Մակբեթ», «Ռիչարդ», Վարդան Աճեմյանը՝ «Վարազդատ թագավոր», Վահրամ Բաբայանը՝ «Պիգմալիոն», «Պան», «Փոքրիկ իշխանը», Ռուբեն Ալթունյանը՝ «Մատյան ողբերգության»՝ ըստ Նարեկացու աղոթագրքի, Ռոմեն Դավթյանը՝ «Հանուն երջանկության», «Պոեմ սիրո մասին», Դավիթ Սաքոյանը՝ «Հռիփսիմե»՝ ըստ Ագաթանգեղոսի, Արմենուհի Կարապետյանը՝ «Ջութակ եւ սրինգ» եւ այլն: Հնչեցին բազմաթիվ հարցեր՝ ուղղված թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանին եւ բալետային խմբի գեղարվեստական ղեկավար Ռուդոլֆ Խառատյանին: Օրինակ, կոմպոզիտոր Ռոմեն Դավթյանի խոսքերով՝ ժամանակակից բալետային երաժշտության պակաս չկա. «Հնարավոր չէ՞, արդյոք, Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետի բեմադրական աշխատանքները զուգահեռել որեւէ հայ կոմպոզիտորի բալետի հետ»: Ռուբեն Ալթունյանն էլ հիշեց, թե ինչ «ֆուրոր արեց» 1969թ. Կոմիտասի 100-ամյակի առթիվ «Անտունին»՝ Լենինգրադում. «Աշխարհում իր բալետային դպրոցով հայտնի ռուս մասնագետները հիացմունքով նշեցին, որ Մաքսիմ Մարտիրոսյանի այս բեմադրությունը հրաշալի է եւ միեւնույն ժամանակ՝ դուրս տրադիցիոն խորեոգրաֆիայի կանոններից»:

Վահրամ Բաբայանն էլ տարակուսում էր՝ այն, ինչ պետք է բեմադրվեր, օրինակ, 20 տարի առաջ, արդյո՞ք այսօր արդիական է: Երաժշտագետ Նազենի Սարգսյանն առաջարկեց Ռ. Խառատյանին՝ վերաբացել իր ստեղծած Հեռուստատեսության եւ ռադիոյի կամերային բալետը, որը հնարավորություն կտա, օրինակ, գալա համերգի տեսքով իրականացնել մինի ներկայացումներ: Երկխոսությունը վարող երաժշտագետ Նելլի Ավետիսյանն էլ փաստեց, որ այսօր թատրոնի խաղացանկում ընդգրկված է տասը բալետային ներկայացում, որից 3-ը՝ հայ հեղինակների. Ա. Խաչատրյանի «Սպարտակ, «Գայանե» եւ Էդ. Հովհաննիսյանի «Վարդանանք»: Ռոդոլֆ Խառատյանը ներկաներին հայտնեց, որ կազմված է մինչեւ 2013թ. բեմադրվելիք բալետային ներկայացումների ցանկը: 2011թ. ընդգրկված են երկու հայ հեղինակների ստեղծագործություններ՝ Տերտերյանի թիվ 6 սիմֆոնիայի հիման վրա եւ Էդ. Սադոյանի «Նարեկացի. ձայն առ Աստված» բալետների բեմադրությունները: «Թատրոնն ունի իր քաղաքականությունը. նախ զարգացնել իր արտիստների ֆիզիկական պատրաստվածությունը, ինչի համար ուղղակի անհրաժեշտ են «Ռոմեո եւ Ջուլիետ», «Շչելկունչիկ», «Բոլերո» ներկայացումները: Եկեք չխառնենք կատարողական արվեստը բալետային փիլիսոփայության ու մտածելակերպի հետ: Ռուսները 70 տարի այս արվեստի զարգացումը տարան միայն կատարողականի ուղղությամբ, նաեւ վերջին շրջանում արեւմուտքից արագորեն ներմուծեցին կորցրածը: Խոսքը փիլիսոփայության եւ մտածելակերպի մասին է: Կարծում եմ, թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն էլ համակարծիք կլինի, որ մեզ բալետային արվեստի առաջխաղացման գործում պարզապես ժամանակ է անհրաժեշտ ու անհանգստանալու կարիք չկա»,- ասաց Ռ. Խառատյանը: Կ. Հովհաննիսյանն էլ նշեց, որ բացի մեր խորեոգրաֆներից, ներկայացումներ բեմադրելու համար մտադիր են հրավիրել այնպիսի աշխարհահռչակ բեմադրիչների, ինչպիսիք են Նաչո Դուատեն (Իսպանիա), Քիլիանը (Նիդեռլանդներ), Մաքըն Թայերը (ԱՄՆ), Նոյերմայերը, Ֆորսայթը (Գերմանիա):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել