Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՍԱՑԻ ՈՒ ԱԶԱՏԵՑԻ ՀՈԳԻՆ ԻՄ»

Մայիս 19,2010 00:00

Այսօր ուղիղ 365 օր ապրել ենք առանց Այդին Մորիկյանի, առանց նրա խորհուրդների, ժպիտի, փնթփնթոցի, լռության, առանց՝ մինչեւ ուղն ու ծուծը լրագրող, խմբագիր եւ գրագետ Հայի:

Արդեն 12 ամիս եւ տարվա չորս եղանակ Այդին Մորիկյանը դարձել է դասական:

Ես չգիտեմ՝ լրագրողի դասականը լինո՞ւմ է, թե՝ ոչ, սակայն ինձ համար նա դասական է լրագրության մեջ՝ իր խոսքի մշակույթով, երբեմն անհասկանալի իր մտքերի, հաճախ՝ կոպիտ իր գնահատականների, եւ ամբողջությամբ՝ իր Սիրո եւ Բարության մեջ:

Ինքը սովորեցնում էր անընդհատ: Ասում էր՝ բառիդ տեր կանգնիր, մի թող միտքդ բռնաբարեն, բարությունդ թաքցրու, հում-հում քեզ կուտեն:

Ասում էր՝ մի երկնչիր, արա, ինչ անում ես, տիրոջ պես արա, տիրոջ իրավունքով:

Ինքը իմ պատկերացրած եւ իմ սիրած լրագրության մեջ տեր էր եւ տեր է այսօր:

Երանի Այդինին, կարողացավ ապրել այնպես, որ ընկերները միշտ մնան իր կողքին: Այդինի ընկերներն այսօր հասցրին անել մի գործ, որը Այդինը չհասցրեց՝ տպագրության պատրաստեցին եւ ահա արդեն հրատարակված է Այդին Մորիկյանի հերթական գիրքը՝ «Ասացի եւ ազատեցի հոգին իմ»:

Տպագրողը «Նաիրի» հրատարակչությունն է, սրտացավ Հրաչ Թամրազյանը:

Եթե հենց այստեղ միտքս ավարտեի, Այդինը հաստատ կասեր՝ լեզուդ կցավե՞ր, եթե ասեիր՝ շնորհակալություն, Հրաչ, լավ գործ ես արել:

Ասում եմ, բայց, չգիտեմ, ունե՞մ դրա իրավունքը:

Եթե այստեղ ավարտեի, Այդինը հաստատ կասեր՝ էդ ի՞նչ ընկերուհի ես, որ Անահիտի անունը չես տալիս, քի՞չ է չարչարվել, գործն ինքն է ավարտել, չէ՞:

Մի խոսքով, այսպիսի բաներ:

…Իսկ Այդին Մորիկյանի գրքերը դեռ էլի են տպագրվելու: Անահիտ Ադամյանը, Հրաչ Թամրազյանը եւ երեւի ուրիշները պարզապես չեն կարող Այդինի համար դա չանել: Պարզապես չեն կարող: Որովհետեւ անել մի բան Այդինի համար, նույն է, թե անես քեզ համար, ջահելների համար, վաղվա եւ այսօրվա համար: Լրագրող Այդին Մորիկյանի գրքերից ուսանողները սովորելու են լինել ազնիվ, անկաշառ, գրագետ եւ սրտացավ:

Իսկ ընկերները կարդալու են այդ գրքերը եւ դրանցում գտնելու են բազմաթիվ հարցերի դեռեւս անհայտ պատասխանները: Նաեւ՝ նոր հարցեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել