ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է իր ֆինանսական եկամուտների հայտարարագիրը, ըստ որի, մի քանի մլն դոլար նա վաստակել է իր գրքերի վաճառքի արդյունքում, նաեւ 1600 դոլար արժեքով Բո անունով շուն է նվեր ստացել:
Սպիտակ տունը տեղեկացրել է, որ Օբամայի՝ «Հորս երազանքները» եւ «Հույսի հանդգնությունը» գրքերից յուրաքանչյուրի վաճառքից ստացված եկամուտը կազմել է ամենաքիչը $1 մլն: BBC-ի մատուցմամբ, Միացյալ Նահանգների նախագահի հայտարարագրում նշվում է նաեւ, թե «դժվար է գնահատել» նրա ստացած Նոբելյան մրցանակի մեդալի ու դիպլոմի արժեքը, բայց $1,4 միլիոնը, որը հատկացվել է որպես մրցանակ, Բարաք Օբաման նվիրաբերել է բարեգործական նպատակներով: Բո անունով պորտուգալական ցեղատեսակի շունը ԱՄՆ նախագահին նվիրել էին մահացած սենատոր Էդվարդ Քենեդին եւ նրա տիկինը: Շեշտենք, որ ԱՄՆ-ում ֆինանսական հայտարարագրերում չի մատնանշվում ունեցվածքի եւ ակտիվների ճշգրիտ արժեքը, այն ներկայացվում է մոտավոր արժեքով:
Այսպիսով, ԱՄՆ նախագահի անցյալ տարվա ակտիվները կազմել են $2,3-7,7 միլիոն՝ ներառյալ ընթացիկ հաշվեհամարը, պետական փոխառությունները, երկու դուստրերի կրթության համար արված խնայողությունները, Իլինոյս նահանգի խորհրդարանում աշխատած տարիներին նրա կենսաթոշակային կուտակումները: Մի քանի հարյուր հազար դոլար կազմել է ԱՄՆ նախագահի կողմից տատիկից ժառանգած ակցիաների վաճառքից ստացված գումարը:
Հայտարարագրի մեջ նշված է նաեւ, որ Օբաման տարեկան ստանում է նաեւ $400 հազար աշխատավարձ: