Երեքշաբթի օրը Հունաստանը ստանալու էր Եվրամիության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից այդ երկրին հատկացված ֆինանսական օգնության առաջին տրանշը: Հունաստանին՝ պետական բյուջեի դեֆիցիտը կրճատելու նպատակով, 20 մլրդ եվրո հատկացնելու հարցը համաձայնեցվել էր դեռ մայիսի սկզբներին: Երկուշաբթի օրը եվրագոտու ֆինանսների նախարարները հանդես էին եկել հատուկ հայտարարությամբ, որտեղ հաստատվում էր, որ եվրոն, չնայած դոլարի փոխարժեքի հետ նրա համեմատական անկման, նախկինի նման վստահելի արժույթ է:
BBC-ի մատուցմամբ, նույն օրը հրաժարական է տվել հարկերից խուսափելու մեջ մեղադրվող Հունաստանի զբոսաշրջության նախարարի տեղակալ Անգելա Յերեկուն (նկարում): Նա ստիպված է եղել ազատվել իր զբաղեցրած պաշտոնից այն բանից հետո, երբ հունական թերթերից մեկը հրապարակել է նախարարի ամուսնու՝ Հունաստանում հայտնի երգչի կողմից պետության նկատմամբ 5 մլն եվրոյի չափով հարկային պարտքեր ու տուգանքներ ունենալու վերաբերյալ տվյալները:
Հիշեցնենք, որ անցած մի քանի շաբաթների ընթացքում հունական իշխանությունների կողմից տնտեսական խիստ քաղաքականությունից դժգոհության ալիք էր բարձրացել, որի արդյունքում Աթենքում տեղի էին ունենում կատաղի բախումներ ծայրահեղական ընդդիմության՝ անարխիստների կողմնակիցների եւ Հունաստանի անվտանգության ուժերի եւ ոստիկանության միջեւ: