Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավագույն ուսանողը»՝ խախտումներո՞վ

Մայիս 19,2010 00:00

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանը դժգոհ է

Այս տարի 10-րդ անգամ ԵՊՀ-ն անցկացնում է «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը, որին մասնակցում են համալսարանի 19 ֆակուլտետները: Ըստ մրցույթի կանոնադրության, յուրաքանչյուր ֆակուլտետ ներկայացնում է 3 թեկնածուի, որոնցից մրցույթի 9 հոգանոց հանձնաժողովը ընտրում է «Լավագույն ուսանողին»:

Ֆիզիկայի ֆակուլտետի «Լավագույն ուսանող» ճանաչված Մուրադ Թովմասյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ուսանողների համար այսօր ցավոտ թեմա է աշխատատեղերի խնդիրը: Անգամ համալսարանն ավարտած լավագույն ուսանողը խնդիր է ունենում իրեն արժանի աշխատանք փնտրելիս»: Չնայած առկա բազում խնդիրներին, նա, այնուամենայնիվ, գտնում է, որ երկրից հեռանալը խնդրի լուծում չէ. «Եթե դրսում ես աշխատում, քեզ համար լավ է, բայց ուժդ ու եռանդդ ներդնում ես այդ երկրի համար: Այնինչ՝ մեր երկրին պետք են գրագետ, բանիմաց երիտասարդներ»:

Ապագա մաթեմատիկոս Նարեկ Մելքոնյանն էլ ցանկություն ունի դուրս գնալու. «Ուզում եմ ստանալ միջազգային մակարդակին համապատասխան գիտելիքներ, ինչը Հայաստանում հնարավոր չէ: Մեզ մոտ միայն դասագրքերն ամեն ինչ ասում են, անցնում ենք 50-60-ական թվականների գրքերով»: Նա կարծում է՝ միայն դրսում կրթություն ստանալու դեպքում են մեր երկրում գնահատում մասնագետին. «Եթե ուզենաս աշխատել զուտ մասնագիտությամբ, շատ դժվար կլինի, դրա համար մեր ֆակուլտետն ավարտողները դառնում են ծրագրավորողներ, տնտեսագետներ»: Երեկվա «Լավագույն ուսանող» մրցույթը անակնկալի բերեց ոչ միայն թեկնածուներին, այլեւ որոշ ֆակուլտետների դեկանների: Բանն այն է, որ հանձնաժողովը որոշել էր մրցույթից դուրս թողնել ԵՊՀ կենսաբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետներին: Մերժման հիմք հանդիսացել է մրցակցային պայմանների ապահովության բացակայությունը եւ անհրաժեշտ փաստաթղթերի ոչ ճիշտ ներկայացումը:

«Այստեղ բյուրոկրատական մոտեցում է ցուցաբերվել: Եթե թերացել են պաշտոնյաները, առաջարկում եմ թերացումների համար պահել սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի աշխատավաձը, այսինքն՝ իմ: Ոչ թե երեխաների վրա իրենց խաղերը խաղալ: Ցոլակը (նկատի ունի ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանին- Լ. Խ.) ուսանողների շահերը պաշտպանելու փոխարեն, նեղ «թայֆայի շահերն է պաշտպանում: Անբարոյական է դեկանին կամ որեւէ դասախոսի «կծելու» համար պատժել ուսանողներին»,- «Առավոտին» իր դժգոհությունը հայտնեց սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Արթուր Մկրտիչյանը: Հանձնաժողովի անդամ, ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը այս մասին պարզաբանեց. «10 օր առաջ, երբ հանձնաժողովի նիստին մնացել էր ընդամենը 1 օր, հանձնաժողովի նախագահին տեղեկացրել ենք, որ սոցիոլոգիայի ֆակուլտետից ներկայացված է միայն ուսանողի կողմից լրացված թերթիկը, բայց խորհրդի նիստի արձանագրությունը եւ մնացած թղթերը բացակայում են: Բացի այդ թեկնածուներից, կային 3-րդ կուրսի ուսանողներ, որոնք իրավունք չունեին մասնակցելու մրցույթին»:

Պարոն Մկրտիչյանին էլ զարմացրել էր՝ ինչու թեկնածուների թվում, այլ ուսանողների ցանկում, հայտարարվեցին նաեւ 3-րդ կուրսեցիների անուններ. «Մենք ներկայացրել էինք մագիստրատուրայի, 4-րդ կուրսի եւ 3-րդի մեկական ուսանող»:

Ց. Ակոպյանը գտնում է, որ ճիշտ չէ, երբ ֆակուլտետների դեկաններն են ընտրում ուսանողներին, կարծում է, որ նրանք միշտ չէ, որ արժանիներին են ընտրում: Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Մարկոսյանն էլ նույնն է առաջարկում՝ չսահմանափակվել 3 ուսանողով: Բայց հպարտանում է երիտասարդներով. «Ստացածների եւ չստացածների մեջ կային խիստ արժանի, պայծառ թեկնածուներ»: Լավագույն ուսանողներին խրախուսեցին համալսարանի բրոնզե հուշամեդալով, հավաստագրով եւ ԵՊՀ պատվո դրոշակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել