Մարզերի դպրոցներում ու մանկապարտեզներում այսպես են դաստիարակում
«Մի օր ուսուցչուհիս ինձ ընենց խփեց, որ ես աթոռովս շուռ եկա»,- սա պատմել է Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցի միջին դասարանում սովորող աշակերտներից մեկը՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի մոնիտորինգի խմբին: Հելսինկյան կոմիտեն Եվրամիության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի պատվերով այդ մարզի Ապարան եւ Աշտարակ քաղաքների, ինչպես նաեւ Քուչակ գյուղի դպրոցներում ուսումնասիրություններ է կատարել՝ պարզելու, թե ինչ պատժամիջոցներ ու բռնություններ են կիրառվում երեխաների նկատմամբ:
Եթե Երեւանում, հատկապես կենտրոնի դպրոց հաճախող երեխային որեւէ ուսուցիչ համարձակվի ապտակել կամ ականջը քաշել, ոչ միայն երեխան, այլեւ նրա ծնողները, ողջ ազգուտակը հաջորդ օրը կգնան դպրոց ու ուսուցչին մի լավ դաս կտան: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարզի գրեթե բոլոր դպրոցներում էլ բռնություններ կիրառվում են, պարզապես տարբեր դպրոցներում դրանք արտահայտման տարբեր ձեւեր ու հաճախականություն ունեն: Բռնության դեպքեր շատ են եղել հատկապես միջին դասարաններում, թեեւ դպրոցներում այդ մասին տնօրենները ոչ մի դիմում-բողոք, հայտնի պատճառներով, չեն ունեցել:
Երբ մոնիտորինգի խումբը դպրոցների տնօրենների հետ է զրուցել, հարցումների ժամանակ տնօրեններից մեկը, բացառելով իր դպրոցում որեւէ մեկի կողմից բռնություն, նույնիսկ վիրավորվել ու զայրացել է նման հարցադրումներից: Նա անիմաստ է համարել իր դպրոցում այդ թեմայով անցկացվող ցանկացած հարցում կամ ուսումնասիրություն: Տնօրեններից մեկն ընդունել է, որ չկա դպրոց, որտեղ բռնություններ չլինեն: Բանավոր հարցումների ժամանակ, բնականաբար, ուսուցիչները պատասխանել են, որ ծեծի միջոցով չեն փորձում երեխային դաստիարակել: Ասել են, որ զրուցում են նրանց հետ, որպես պատժամիջոց էլ կիրառում են միայն դասարանից դուրս հանելը, ցածր գնահատական նշանակելը կամ լրացուցիչ աշխատանքով ծանրաբեռնելը: Ավելին, ուսուցիչները բողոքել են, որ իրենք վախենում են երեխաներին պատժել, որովհետեւ իրենց «փոխադարձ հարձակումներից» պաշտպանված չեն զգում: Ուսուցիչներից մեկի խոսքերով՝ «Հիմա պետք է բռնություններից պաշտպանել մեզ, ոչ թե աշակերտներին»: Մեկ այլ ուսուցիչ խնդիր է բարձրացրել, որ եթե իսկապես ուզում են Հայաստանում ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները բարելավել, անհրաժեշտ է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը փակել: 1-6-րդ դասարանի աշակերտները հարցին՝ ձեզ հաճա՞խ են պատժում դպրոցում՝ պատասխանել են. «Բա որ չարություն ենք անում, պիտի պատժվենք, բա ոնց», կամ՝ «Որ դասերը չենք սովորում՝ պատժում են»:
Հարցումների ենթարկված 6-11-րդ դասարանների 300 աշակերտներ նույնպես բողոքել են, որ ուսուցիչները երբեմն իրենց հարվածում են: Նույնիսկ տարրական դասարանի աշակերտներն են պատմել, որ երբ ուսուցիչները բարկանում են իրենց վրա, տետրն են պատռում, 1 ոտքի վրա 45 րոպե անկյուն կանգնեցնում, դասամիջոցին դասարանից դուրս չեն թողնում, բուֆետ չեն թողնում, իսկ աղջիկներին պատժելու համար, նրանց մազերից քաշում են: Աշակերտները նաեւ բողոքել են խտրական վերաբերմունքից: Ըստ նրանց, դպրոցում արտոնյալ են մեծահարուստների եւ ուսուցիչների երեխաները, ինչպես նաեւ ուսուցիչների մոտ վճարովի հիմունքներով պարապողները. «Ուսուցչի էրեխուն, ինչքան էլ մեղավոր լինի կամ դասը չսովորի, ո՛չ ծեծում են, ո՛չ էլ պատժում, իսկ որ մեկին էլ աչքի տակ են առնում՝ էլ պրծում չկա»:
Միջին եւ բարձր դասարաններում 89 երեխայի ուսուցիչները վիրավորել են, որը ծանր հոգեբանական ազդեցություն է թողել նրանց վրա, 68 աշակերտի դպրոցում ապտակել են, 44-ին՝ անկյուն կանգնեցրել, 21 հոգու ծեծել են եւ 20 երեխայի դասարանից դուրս արել: Անբավարար գնահատականի միջոցով պատժել են 58 աշակերտի: Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը երեխայի առողջության վրա մահացու կամ ծանր հետեւանքներ չի ունեցել, պետք է պատժվի նվազագույն աշխատավարձի մինչեւ 100-ապատիկի չափով կամ մինչեւ 2 ամիս կալանքով: Նույնիսկ երեխայի ականջը կոպիտ ձգելու կամ ամոթանք տալու համար, երբ ուսուցիչն ուզում է դիտավորյալ երեխային հոգեկան կամ մարմնական ուժեղ ցավ պատճառել, պետք է պատժվի մինչեւ 3 տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ ծանրացուցիչ հանգամանքներում՝ անգամ 3-7 տարի պետք է բանտարկվի: Ի դեպ, Ապարանի ու Աշտարակի դպրոցների ուսուցիչները մինչ օրս իրենց բռնությունների համար ո՛չ ազատազրկվել են, ո՛չ էլ տուգանվել:
Մոնիտորինգի խումբը նաեւ ուսումնասիրություններ է կատարել Արարատի մարզի նախակրթարաններում՝ պարզելու, թե այնտեղ մանուկների նկամամբ ինչ պատիժներ են կիրառվում: Վեդի եւ Արարատ քաղաքներում անցկացված հարցումներն իսկապես շատ մտահոգիչ են եղել: Մոնիտորինգի խումբն իրավիճակը ճիշտ պատկերացնելու համար զրուցել է ինչպես երեխաների, նրանց ծնողների, այնպես էլ դայակ-դաստիարակների հետ: Ծնողներն ասել են, որ մանկապարտեզում շատ հաճախ երեխային պատժելու համար անկյուն են կանգնեցնում, երբեմն զրկում են ճաշից եւ խաղից, վախեցնում են, որ ծնողը չի գալու նրա հետեւից, բարկանում են, ապտակում ու վիրավորում, ծնողները չեն բացառում նաեւ, որ երեխային մանկապարտեզում ծեծում են: Ըստ դաստիարակ-դայակների, չարաճճի երեխաներին պատժում են մեղմ դաստիարակչական միջոցներով, օրինակ՝ խաղից են զրկում, դիտողություն են անում ու բացատրում, մինչդեռ երեխաները խոստովանել են, որ իրենց շատ ավելի խիստ են պատժում: Հարցված մանուկների 21 տոկոսն իր դաստիարակից ծեծ է կերել: