Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՕՐՎԱ ՄԵՐ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՇՏՈՑՅԱՆ Է

Մայիս 19,2010 00:00

\"\"

Վերջին ժամանակներս կրկին առաջ է քաշվել եւ քննության նյութ դարձել հայերենի արդի ուղղագրությունից հրաժարվելու եւ հնին, գրաբարյան գրությանը վերադառնալու պահանջը: Կարծիքներ են հայտնում մեծ մասամբ ոչ մասնագետները:

Այսօրվա մեր ուղղագրությունը Մաշտոցյան է, որի սկզբունքն է. «Մեկ հնչյունին՝ մեկ գիր, այսինքն՝ գրել այնպես, ինչպես արտասանում ենք, եւ արտասանել այնպես, ինչպես գրում ենք»: Սա է գիտական ուղղագրության սկզբունքը, որին ձգտում են բոլոր ժողովուրդները:

Արտասանությունը փոփոխվող երեւույթ է, իսկ գրությունը՝ համեմատաբար կայուն, դրա պատճառով էլ շատ ազգեր իրենց ուղղագրությունը ժամանակի ընթացքում, համապատասխանեցնելով փոփոխված ուղղագրությանը, փոփոխում են. օրինակ՝ ռուսները, գերմանացիները, հույները, չինացիները եւ շատ ուրիշներ: Միայն մեռած լեզուներն են, որոնք մնում են անփոփոխ. օրինակ՝ լատիներենը:

Գրաբարը չորրորդ-հինգերորդ դարերի գրավոր եւ խոսակցական լեզուն է եղել հայերի համար, իսկ աշխարհաբարը կամ նոր գրական հայերենը՝ իր նոր ուղղագրությամբ, 19-20-րդ դարերի խոսակցական լեզուն: Լեզվական երեւույթները պետք է գնահատվեն լեզվական սկզբունքներով եւ ոչ թե քաղաքական, ազգային կամ անձնական:

Հայերենի ուղղագրության հարցը առաջ է եկել ոչ թե 19 կամ 20-րդ դարերում, այլ դեռեւս 12-13-րդ դարերում: Հետագայում այդ հարցը մտահոգել է նաեւ Մխիթար Սեբաստացուն:

Նոր ուղղագրության հարցը առաջ քաշեց հայ մշակույթի երախտավոր, մեծ լեզվաբան Մանուկ Աբեղյանը: Նրա ուսումնասիրություններն այդ բնագավառում այնքան խորն են ու մասնագիտական, որ ոչ նրանից առաջ եւ ոչ էլ նրանից հետո այդքան մանրազնին, խորն ու մասնագիտորեն ոչ ոք չի անդրադարձել այդ հարցին: Իր իսկ կուտակած հսկայական փորձով ներկայացրել է բարեփոխության այնպիսի կետեր, որոնք լավագույնս համապատասխանում են ժամանակակից հայերենի ոգուն՝ ճիշտ են հնչյունաբանորեն, հեշտ ու արդարացի են մանկավարժորեն եւ լեզվաբանության տեսակետից:

Մ. Աբեղյանի «Հայոց լեզվի ուղղագրությունը» աշխատությունը գրվել է դեռեւս 1890 թ.: Ուղղագրության մասին նա 1913 թ. զեկուցումով հանդես է եկել Էջմիածնում, իսկ 1921 թ. Երեւանում՝ «Բազմամարդ ունկնդիրների առաջ կարդացի մեր ուղղագրության բարեփոխության մասին զեկուցում, որից հետո եղավ մտքերի փոխանակություն», գրում է ինքը՝ Մ. Աբեղյանը: Ինչպե՞ս կարող է խորհրդահայ կամ բոլշեւիկյան համարվել այն ուղղագրությունը, որի նախագիծը Աբեղյանը Անտուան Մեյեին է ուղարկել 1913 թվականին եւ ստացել դրական պատասխան:

1922թ. ռեֆորմը երկար ժամանակ նախապատրաստված եւ հասունացած հարցի լուծում է եղել, ուղղագրական բանավեճերի վերջին փուլը: «Այդ ռեֆորմի կետերի մեջ գրեթե չկա մեկը, որ նախորդ տասնամյակներին քննարկման նյութ չլինի». Պ. Շարաբխանյան։ Կազմվել է հանձնաժողով, որի կազմում են եղել ամենահեղինակավոր լեզվաբաններ Հր. Աճառյանը, Ա. Խաչատրյանը, Գր. Ղափանցյանը, Ստ. Մալխասյանը: Կազմվել է «համադրական աղյուսակ ուղղագրական առաջարկությունների»՝ բաղկացած 23 կետից: Այն ուղարկվել է Խորհրդային Միությունում եւ արտասահմանում ապրող հայագետների, գրողների, մշակույթի գործիչների քննարկմանը:

Հին ուղղագրությունը պաշտպանողները պետք է ի նկատի ունենան այն հանգամանքը, որ ուղղագրությունը ոչ միայն գիտական ու լեզվաբանական երեւույթ է, այլեւ՝ մանկավարժական:

Իսկական բռնադատումն այն է, որ նոր լեզվին ուզում են հագցնել նրան անհամապատասխան եւ հին զգեստները: Հին ուղղագրությունը հին լեզվի համար է, լեզվի հին՝ անցած փուլի համար: «Պատմական ուղղագրությունը,- գրում է Մ. Աբեղյանը,- որ հիմնված է հին արտասանության վրա, արդի ուղղագրության մեջ ներկայացնում է իբրեւ հնացած մի զգեստ»:

Անհիմն է մեծերին օրինակ բերելը, թե իբր նրանք ցանկացել են վերադարձը հին ուղղագրությանը: Շատ է շահարկվում Հովհ. Թումանյանի անունը, բայց երեւի չգիտեն, որ նա այդ առիթով գրել է. «Ոչ թե պետք է հին հնչյունները վերականգնել, այլ մաշվածները դեն գցել, ինչպես ռուսներն արին: Ոչ թե պետք է դժվարացնել, այլ պետք է հեշտացնել»: Սա Թումանյանն է գրում մեր ուղղագրության մասին:

Ընդդեմ նոր ուղղագրության արտահայտվողները շեշտում են նաեւ մեծ լեզվաբան Ստ. Մալխասյանի անունը, որ իբր նա դեմ է եղել նոր ուղղագրությանը: Շատ հնարավոր է, որ հարգարժան «գիտնականները» չեն կարդացել կամ չգիտեն, որ դեռեւս 1910 թվականին Թիֆլիսում լույս է տեսել Ստ. Մալխասյանի «Մի հնչյունին մի գիր» գրքույկը: Այդ ժամանակ Հայաստանում դեռեւս բոլշեւիկներ չկային: Լավ կլիներ մեր ընկերները ծանոթանային այդ աշխատությանը եւ նոր կարծիքներ հայտնեին Մալխասյանի մասին: Ստ. Մալխասյանը 1910թ. այդ գրքում գրում է. «Բառը պետք է գրել այնպես, ինչպես հնչվում է, եւ պետք է հնչեցնել այնպես, ինչպես գրվում է» (էջ 3): «Ինչո՞ւմն է այս ուղղագրության էությունը: Բոլոր այն տեղերում, ուր «Վ» հնչյունը արտահայտում էինք «վ», «ու», «ւ» գրերով, գործածել միայն «վ»: Այսինքն՝ մի հնչյունի արտահայտության համար գործածել մի գիր» (էջ 17): Մի հնչյունին երկու եւ ավելի գիր տալը անկանոն երեւույթ է:

Ընդհանրապես լեզվի եւ լեզվաբանական հարցերի մասին խոսելիս լավ կլինի խորապես ուսումնասիրել մասնագիտական գրականություն եւ միայն կարծիք հայտնել:

Ստ. Մալխասյանը քառահատոր բառարանը գրել է հին ուղղագրությամբ, քանի որ նոր ուղղագրությունը դեռ չէր հաստատվել: Մ. Աբեղյանը եւս իր ուղղագրության մասին հոդվածները գրել է հին ուղղագրությամբ, իսկ 1922 թվականից հետո գրել է նոր ուղղագրությամբ: Նա գրում է. «Որքան կարելի է՝ գրությունը պետք է մոտեցնել արտասանությանը, եւ կենդանի արտասանությունը պիտի առաջնորդ լինի ուղղագրության համար» (էջ 326):

Հին ուղղագրությունը դասական անվանելը սխալ է, քանի որ մենք գիտենք, թե ինչ է նշանակում դասական, կլասիկ բառը: Այն առաջին անգամ օգտագործել է Ցիցերոնը եւ նկատի է ունեցել հասարակական ընտրախավը կլասիկ: Հին ուղղագրությունը դասական անվանելը, քանի որ այն չկանոնարկված ուղղագրություն է, ունի բազմաթիվ թերություններ:

«Գրությունը պիտի համապատասխանի արտասանությանը միայն այն ժամանակ, երբ մոտեցնելիս ուղղակի չենք հակասում բառի ծագմանն ու կազմությանը, այսինքն՝ ի նկատի պիտի ունենալ եւ ստուգաբանական սկզբունքը» (էջ 326):

Աշակերտը զարմացած, նաեւ զայրացած հարցնում է՝ ինչո՞ւ չգրել այնպես, ինչպես արտասանում ենք. չէ՞ որ այդ բոլոր հնչյուններն ունենք, նորը հնարելու կարիք չկա։ Ինչո՞ւ հույն բառը չգրել այնպես, ինչպես արտասանում ենք՝ հույն եւ ոչ թե յոյն: Հարցնողը 4-րդ դասարանի աշակերտ էր: Այսօրվա աշակերտին մեխանիկորեն չես կարող ուղղագրություն սովորեցնել: Յոթ տարեկան երեխան՝ իմանալով, սովորելով ու գիտենալով, որ ունենք հ հնչյունը եւ տառը, երբեք չի հաշտվելու գրել յունուար, յաղթել. նա գիտի եւ կգրի հունվար, հաղթել: Այդ դեպքում աշակերտը ճիշտ կլինի:

Ինչո՞վ արդարացնի ուսուցիչը, երբ յա երկհնչյունը գրել տա եա. Հակոբյան-Յակոբեան:

Կամ՝ ինչպե՞ս պատճառաբանել, որ երեխան արտասանի ույ, բայց գրի՝ ոյ: Հույն-յոյն, կույս-կոյս եւ այլն:

Բացի այս բազմաթիվ տարօրինակություններից՝ կան տասնյակ բառեր, որոնք ունեն երկակի ուղղագրություն, երբեք-երբէք, ամեն-ամէն, երեկ-երէկ եւ այլն:

Բառամիջում օ լսելիս գրվում է ո, բայց կա մոտ 100 բառ, որ պետք է օ-ով գրել, ընդ որում՝ ոչ մի օժանդակ կանոն չկա, այդ հարյուրն էլ երեխաները պետք է մտապահեն մեխանիկորեն (անգիր ամեն): Նույնը ե-է ձայնավորների ուղղագրության համար:

«Բառամիջի է-ագրությունը սովորելու համար պետք է բառամիջում այդ տառն ունեցող բառերի ցուցակն ունենալ ձեռքի տակ» (Իշխանյան):

Այժմ անդրադառնանք յ-ով գրվող բառերին: Հ-ով գրվող բառերն ավելի շատ են, քան յ-ով, իսկ սրանք հարյուրն են, դրանք պետք է աշակերտները անգիր սովորեն: Դրանց էլ ավելանում է հատուկ անունների ուղղագրությունը (Յովնան-Հովնան, Յասմիկ-Հասմիկ): Առաջին դասարանի աշակերտը «հ» եւ «յ» ուղղագրությունը սովորելու համար պետք է անգիր իմանա մոտ 250 բառ, մի տասնյակ էլ կանոն: Աշակերտին պետք է ստիպենք, որ նա արտասանի հույն, բայց գրի՝ յոյն:

«Ճիշտը բառերը հիշողության մեջ ամրագրելն է»,- գրում է Ռ. Իշխանյանը եւ տալիս է այդ ցուցակը, որոնք աշակերտը պետք է անգիր իմանա կամ ցուցակը ձեռքի տակ ունենա, որովհետեւ ոչ մի սկզբունք կամ կանոն չկա:

Ճիշտ է, հնում՝ 5-րդ դարում, այդպես են արտասանել, բայց այժմ արտասանությունը այլ է:

Ինչո՞ւ պետք է աշակերտը հետո բառը արտասանի հետո, բայց գրի յետոյ:

Ուղղագրությունը գիտնականների փոքրաթիվ խմբի համար չէ, այլ ժողովրդի համար: Եթե նպատակը մարդկանց կատարելությունն է, դրան հասնելու ճանապարհը՝ գիտելիքներ ձեռք բերելը, ապա այդ նպատակին հասնելու հնարավոր միջոցը ժողովրդի հետ հասկանալի ու պարզ խոսելն է:

Հայրենասիրության, ազգասիրության դիրքերից հանդես եկող գործիչները պետք է իմանան, որ մեր ազգային ինքնության, մյուս ժողովուրդներից տարբերվող բուն ամենանշանակալից խորհրդանիշերից մեկը հայ գիրն է եւ ոչ թե ուղղագրությունը: Սրանք չպետք է շփոթել իրար հետ: «Սրբացվող, նվիրական առարկան գիրն է, ոչ թե ուղղագրությունը» (Փարիզ, «Աշխարհ», 2001, 16 հունիսի): Մաշտոցյան գիրը հավերժական է, այն կապրի այնքան, որքան հայ ժողովուրդը, իսկ ուղղագրությունը կենդանի երեւույթ է, այն փոփոխվում է ու կփոփոխվի:

Չափազանց ուշագրավ ու կարեւոր էր 1991թ. Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի դասախոսների դիմումը ՀՀ Գերագույն խորհրդին: Միայն կարելի է զարմանալ, որ խոշորագույն մասնագետների՝ Գ. Ջահուկյանի, Մ. Ասատրյանի, Հովհ. Բարսեղյանի, Աբրահամյանի, Ա. Սուքիասյանի եւ շատ այլ նշանավոր լեզվաբանների կարծիքները անուշադրության են մատնվում, եւ հայտնի չէ, թե ում խորհրդով ու առաջարկությամբ փորձում են ժխտել նոր ուղղագրությունը:

«Մեր նախնիքը, առանց երկար ու բարակ մտածելու, հետեւել են այն պարզ մեթոդին, թե բառը պետք է գրել այնպես, ինչպես հնչվում է, եւ պետք է հնչեցնել այնպես, ինչպես գրվում է»: (Ստ. Մալխասյանց, «Մի հնչյունին մի գիր», Թիֆլիս, 1910, էջ 3):

Աբեղյանը նպատակ է ունեցել երկու գրական լեզուների սերտ մերձեցմանը: Լսենք մեծ լեզվաբանին. «Եթե որեւէ փոփոխություն պիտի վերացնի մեր ուղղագրության միությունը եւ մեր երկու գրական լեզուները իրարից ավելի հեռացնի, ավելի լավ է, որ չլինի»: Ուրեմն եզրակացությունը պարզ է. պետք է ողջ հայ ժողովուրդը ընդունի նոր ուղղագրությունը: Իրավացի է Սիլվա Կապուտիկյանը. «Նոր ուղղագրությունը չի խանգարել, որ «Ես իմ անուշ Հայաստանին», «Անլռելի զանգակատունը», Շիրազի եւ հայաստանյան մյուս բանաստեղծների հայրենասիրական գործերը հասնեն Սփյուռք եւ դառնան հայապահպանման կռվաններ»:

Այսօր մենք ունենք պետականություն, հետեւաբար պետք է պետական վերահսկողություն լինի լեզվի՝ տվյալ դեպքում ուղղագրության նկատմամբ:

Գործող ուղղագրությունն ավելի «մաշտոցյան» է, քան հինը, քանի որ համապատասխան է մեկ հնչյունին մեկ տառ մեսրոպյան սկզբունքին:

Արդի գրական հայերենի ուղղագրությունը կառուցված է գիտական ճշգրիտ եւ առաջադեմ սկզբունքների հիման վրա, բխում է հայերենի զարգացման օրինաչափություններից:

Հայերենի ուղղագրության բարեփոխության խնդիրը վաղուց հասունացել էր:

Ուղղագրության առաջընթաց սկզբունքը հնչյունականն է, ետընթացը՝ ավանդականը: Աշխարհի բոլոր լեզուների ուղղագրական փոփոխությունները կատարվում են առաջընթաց ուղղությամբ:

«Չնայած իրենց քերականական եւ հնչյունաբանական տարբերություններին՝ արեւելահայ եւ արեւմտահայ լեզուները կարող են եւ պետք է հետեւեն ուղղագրության միեւնույն սկզբունքներին» (գրում է Էդ. Ջրբաշյանը):

Դասական կոչված գրահամակարգով ստեղծված ողջ գրականությունը ամբողջությամբ հրատարակված է արդի ուղղագրությամբ, եւ այն նորից վերադարձնելը հնին մեծ դժվարություն է եւ կոպիտ սխալ: Բացի դրանից, 20-րդ դարում մեր ազգը ստեղծել է հսկայական գրականություն՝ գեղարվեստական ու գիտական, որը հին ուղղագրությանը վերադարձնելը անհեթեթություն է եւ հսկայական դժվարություն: Եվ որ ամենակարեւորն է. այս սերունդը՝ ուսուցիչներն ու աշակերտները, չեն ցանկանա վերադառնալ հին կոչված ուղղագրությանը՝ հասկանալով, որ իսկական Մեսրոպյան ուղղագրությունը սա է:

Ուղղագրությունը ազգային անվտանգության, ազգապահպանման եւ պետականության կայացման հետ կապ չունի։ Այն ոչ թե քաղաքական հարց կամ երեւույթ է, այլ լեզվական եւ ինչու չէ՝ նաեւ գիտական: Բացի դրանից, Արեւմտյան Հայաստանում կամ այնտեղ, որտեղ հին ուղղագրությունն է, ինչքանո՞վ ազգը պահպանվեց: Որեւէ հայ իր ազգությունը փոխելով՝ երբեւէ մտածել կամ հիշե՞լ է, թե ինքը ինչ ուղղագրությամբ է գրում: Եթե ընդունենք, որ այն ժամանակ՝ 1922 թվին, սխալ են վարվել, այժմ դա չպետք է կրկնել: Սխալը սխալով չեն ուղղի: Դա կրկնակի սխալ կլինի:

Այս հարցին քաղաքական երանգ տալը մանկամտություն է:

Մի՞թե որեւէ կիրթ ու զարգացած մարդ այժմ համաձայն կլինի այն մտքին, որ իբր նոր ուղղագրությունը նպատակ էր հետապնդում «գրագետ մարդուն կտրել իր անցյալի ու արմատների հոգեւոր մշակույթից եւ բնակչությունը դարձնել լոկ «գրաճանաչ» միայն այնքանով, որ մարդը կարողանար տեղյակ լինել բոլշեւիկյան քաղաքականությանը»:

Եթե հավատանք, որ բոլշեւիկները նպատակ են ունեցել ազգերին «ոչնչացնելու եւ ձուլելու մեկ ընդհանուր սոցիալիստական մշակույթի ու լեզվի մեջ», ապա իրականում հակառակն ստացվեց. միջին ասիական ազգերն անգամ ծաղկեցին եւ կարճ ժամանակում հասան զարգացած երկրների մակարդակին, իսկ հայկական կրթական մակարդակը չափազանց բարձրացավ, որը վերջին տասը տարում ահավոր վայրէջք է կատարում:

Վերջացնենք Պարույր Սեւակի խոսքերով. «Հայերենի միասնական ուղղագրությունը պիտի պարտադիր լինի աշխարհում ապրող ամեն մի հայի համար»:

Դիմում ենք ՀՀ բոլոր մանկավարժներին եւ հատկապես հայերենի ուսուցիչներին, որ իրենց ձայնը բարձրացնեն հանուն նոր, գործող ուղղագրության եւ թույլ չտան, որ մեր ժողովուրդը նորից, հայտնի չէ՝ ում կամքով ու ցանկությամբ, ճակատագրական սխալ կատարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բոլոր մէջբերումները իրենց պարունակէն դուրս կատարուած են՝ անթերի աճպարարութեամբ, այլ խօսքով՝ բերուած բոլոր նպաստաւոր կարծիքները՝ նոր ուղղագրութեան վերաբերեալ, շրջուած, կեղծուած ու խարդախուած են:
    Ո՞վ է հեղինակը այս յօդուածին:

Պատասխանել