Կապանի տարածաշրջանի Սեւաքար գյուղում, մայիսի 14-ի լուսադեմին, սոված գայլերի թիրախ են դարձել գյուղի ոչխարներից 25-ը: Գիշատիչները սեւաքարցի Վարդգես Մնացականյանի անասնագոմում 30 մանր եղջերավորներից անվնաս են թողել միայն 2-ին: Ոչխարներից երեքը կեր չի դարձել՝ վնասվել է: Ինչպես պատմում են գյուղացիները, անցած տարի գայլերը նույնպես իրենց անհանգստացնում էին, բայց հիմնականում գյուղից դուրս, արոտներում արածող հոտի վրա էին հարձակվում: Անցած տարի գյուղերից ահազանգերն այնքան շատ էին, որ որոշվեց գայլերի դեմ որս իրականացնել: Ինչպես տեղեկացանք Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնից` այս տարի դեռեւս գայլերի դեմ որս իրականացնելու ուղղությամբ հստակ որոշում չկա: Ըստ բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի` Սեւաքարում գայլերի հարձակումը այս տարվա 2-րդ դեպքն է, երբ գայլի կեր են դարձել մեծ թվով ոչխարներ: Մեկ ահազանգ էլ եղել էր մոտ մեկ ամիս առաջ՝ Մեղրու տարածաշրջանից: