Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գժական» վիճակ

Մայիս 19,2010 00:00

Տավուշի մարզում հաշվառված է 1670 հոգեկան հիվանդ, իսկ իրականում նրանց թիվն ավելի շատ է: Մի քանի հոգեկան հիվանդներ «Առավոտի» թղթակցին դժգոհել են, որ հոգեմետ դեղերն ուշանում են, որ արտասահմանյան դեղերի հայաստանյան փոխարինողները, օրինակ՝ ենազեպամի փոխարինողն անարդյունավետ է, քանզի ոչ միայն չի հանգստացնում, այլեւ կողմնակի վատ ազդեցություն՝ ոտքերի մկանների կծկում է առաջացնում: Հիվանդները հաճախ հայկական արտադրության դեղերի դեղատոմսը վերցնելով՝ իրենց սուղ գումարներով գնում են դրանց արտասահմանյան փոխարինողը: Հոգեկան հիվանդներից մեկը, ով բարդություններից խուսափելու համար չցանկացավ իր անունը հրապարակել, ասաց, որ Երեւանից ստուգումների եկած մի բժշկուհի իրենց հետ զրույցի ժամանակ խոստովանել է, որ հայկական արտադրության դեղերն անարդյունավետ են:

Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցապ վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը չցանկացավ խոսել հայաստանյան դեղերի անարդյունավետության մասին, ասելով միայն, որ կա «Դեղգործակալություն» ընկերություն (խոսքը՝ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի մասին է), որն էլ թույլատրում է դեղերի վաճառք-շրջանառությունը: Տիկին Դովլաթբեկյանի խոսքերով՝ ՀՀ առողջապահության նախարարության ամենամսյա «Դեղեր եւ բժշկություն» տեղեկատուում ներկայացվում են դեղերի կողմնակի հետեւանքների վերաբերյալ մանրամասներ: Վարչության պետն ասաց, որ մարզը կենտրոնացված կարգով դեղեր է ստանում, որի համար իրենք եռամսյակային հաշվետվություն են ներկայացնում նախարարություն: Դեղերը ստացվում են հաշվառված հիվանդների թվով, սակայն մարզի առողջապահության վարչության պետն էլ ընդունեց, որ ստացված հոգեմետ դեղերը չեն բավականացնում բոլորին: Իսկ վարչության գլխավոր մասնագետ Սամվել Քամալյանը չցանկացավ այս թեմայի մասին խոսել, միայն բազմանշանակ ասաց, որ ասելու շատ բան կա:

Տավուշի մարզում հոգեբույժների պակաս է զգացվում, մասնագիտությունը պահանջարկ չի վայելում, քչերն են ցանկանում հոգեբույժ դառնալ, իսկ մասնագիտությունը յուրացրածներն էլ բուհն ավարտելուց հետո գերադասում են մնալ Երեւանում: Ներկայումս Նոյեմբերյանի տարածաշրջանում հոգեբուժական ծառայություն է մատուցում 2 նյարդաբան, Բերդի տարածաշրջանում եւս նյարդաբանն է հոգեբույժ աշխատում: Դիլիջանում թեեւ մասնագետ հոգեբույժ կա, բայց նա արդեն 80-ն անց է: Մարզկենտրոն Իջեւանում էլ միայն մի մասնագետ կա, որի հիվանդանալու կամ արձակուրդ գնալու դեպքում խնդիրներ են ծագում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել