Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սյունեցի դպրոցականների հաջողությունները

Մայիս 19,2010 00:00

\"\"Մարտի 19-ից մայիսի 17-ը կայացած դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցած սյունեցի 73 աշակերտները վերադարձան մեծ թվով մրցանակներով: Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնում ամփոփում են դպրոցականների այս տարվա հաջողությունները: «Անցած տարվա 9 դիպլոմի եւ 10 գովասանագրի փոխարեն այս տարի ունենք 17 դիպլոմ եւ 13 գովասանագիր: Այս տարի երեք առաջին կարգի դիպլոմ ձեռք բերեցին մեր աշակերտները՝ 2-ը հայ եկեղեցու պատմություն առարկայից եւ 1-ը՝ գերմաներենից: Վեց աշակերտ էլ վերադարձան երկրորդ կարգի դիպլոմներով՝ աշխարհագրություն առարկայից, ֆիզիկայից, հայոց լեզվից, անգլերենից: Երրորդ կարգի դիպլոմներից 8-ը բաժին ընկավ մեր աշակերտներին, 2-ը՝ կենսաբանություն առարկայից, 2-ը՝ աշխարհագրությունից եւ մեկական դիպլոմներ՝ ֆիզիկայից, ֆրանսերենից, պատմությունից եւ հայ եկեղեցու պատմությունից: Ամենակարեւորը, որ մենք ունենք միջազգային օլիմպիադային հանրապետական հավաքականում ընդգրկված աշակերտ, Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Հրայր Հարությունյանը, ով միջազգային օլիմպիադային մասնակցելու է ֆիզիկա առարկայից»,- տեղեկացրեց կրթության բաժնի գլխավոր մասնագետ Նորա Ասատրյանը:

Հանրապետական փուլից ամենաշատ մրցանակներով վերադարձել են Կապանի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտները, այնուհետեւ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը: Քիչ չէին նաեւ մրցանակները Մեղրու ու Սիսիանի դպրոցներից: Հաջող են հանդես եկել նաեւ գյուղական դպրոցների աշակերտները: Շինուհայր գյուղի դպրոցի աշակերտները արժանացան 1 առաջին կարգի դիպլոմի (հայ եկեղեցու պատմություն) եւ մեկ գովասանագրի, իսկ Վերին Խոտանան գյուղի դպրոցից մեկ աշակերտ արժանացել է գովասանագրի՝ մաթեմատիկա առարկայից: Ընդամենը 3 առարկայից մրցանակներ չեղան՝ ռուսերենից, ինֆորմատիկայից եւ աստղագիտությունից, թեեւ կրթության բաժնում ռուսերենի օլիմպիադային 6 մասնակիցներից մրցանակներ էին ակնկալում:

Հաջողություններն այս տարի նկատելի են, բայց դրանք էլ ավելի կլինեին, եթե հանրապետական փուլին մասնակցելու հնարավորություն ստացած բոլոր աշակերտները մասնակցեին: Վեց աշակերտ մարզային փուլում լավագույն արդյունքներ ունեին, սակայն ֆինանսական հնարավորություն չունենալու պատճառով չգնացին մայրաքաղաք՝ մասնակցելու հանրապետական փուլին: Ամեն տարի մարզպետարանը հոգում էր երեխաների տեղափոխման ծախսերը, բայց այս տարի երեխաները նման աջակցությունը չստացան: Կրթության բաժնում համոզված են, որ եթե այդ աշակերտները մասնակցեին՝ անպայման դիպլոմների կամ գովասանագրերի կարժանանային: Մարզպետարանում հատկապես հիացած են Գորիսի թիվ 1 դպրոցում սովորող Շեգունց քույրերի չափածո գրավորներից, բայց նրանք մարզային փուլից հետո առողջական խնդիրների պատճառով նույնպես չմասնակցեցին հանրապետական փուլին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել