Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՐԱՑԻՆԵՐԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ԴԵԲԵԴԱՎԱՆԻ 10 ՀԵԿՏԱՐԻՆ

Մայիս 19,2010 00:00

\"\"Մայիսի 2-ին դեբեդավանցի տրակտորիստ Ռուբիկ Բադալյանը ցանկացել է վարել գյուղի տարածքում, Դեբեդ գետի աջ ափին գտնվող հողամասը, սակայն վրաց սահմանապահները նրան գերի են վերցրել: Ռուբիկի բոլոր բացատրությունները, որ դա հայկական տարածք է, ինքն ամեն տարի այստեղ վար է կատարում, վրաց զինվորականների վրա չեն ազդել: Նրանք ցանկացել են իրենց հետ Վրաստան տանել տրակտորիստին, սակայն հայ սահմանապահների միջնորդությամբ տրակտորիստն ազատ է արձակվել:

Դեբեդավանի նորընտիր գյուղապետ Վանյա Դամիրճյանը մեզ ասաց, որ վրացիները հողի կույտեր են թափել մեր տարածքում, ցույց տալու համար, որ դա սահման է: Նրանք նաեւ ինչ-որ քարտեզ են ցույց տվել մեր սահմանապահներին՝ ապացուցելու համար իբր այդ հողը Վրաստանին է պատկանում: Վրացիները վիճարկում են շուրջ 10 հեկտար տարածք՝ դեբեդավանցիներին սեփականաշնորհված հողեր, վարձակալությամբ տրվող տարածքներ, արոտավայրեր: Մայիսի 17-ին գյուղապետի ահազանգով այստեղ է ժամանել Տավուշի մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Արծրուն Նազարյանը: Նա ասաց, որ այս խնդրով պատրաստվում են դիմել սահմանների ճշգրտմամբ զբաղվող հայ-վրացական միջկառավարական հանձնաժողով: Նշենք, որ այսօր Դեբեդ գետն է Հայաստանի եւ Վրաստանի սահմանը եւ Դեբեդի աջ ափին տարածք ունենալու վրացական հավակնությունները չեն կարող հիմնավոր լինել:

Հիշեցնենք, որ սա վրացիների նման առաջին ոտնձգությունը չէ: 2009 թվականին «Առավոտը» բազմիցս է անդրադարձել այս խնդրին: 26.08.2009՝ «Սահմանի հստակեցում վրացական ձեւով», 01.12.2009՝ «Ձերբակալվել է վրացիների պահանջով» եւ այլն:

Հիշեցնենք նաեւ, որ մինչ օրս վրացիները ներխուժում էին Հայաստանի Շիրակի մարզի Բավրա, Լոռու մարզի Ջիլիզա եւ Տավուշի Դեբեդավան ու Դեղձավան գյուղերի հարակից տարածքներ: Գյուղապետերը ահազանգում են, իսկ պետական կառույցները՝ բան չեն անում: Միակ պատասխանը ՀՀ ԱԳՆ-ից՝ առնվազն տրամաբանական չէր. «Հայաստանի ԱԳՆ-ն տեղյակ է ձեր կողմից վկայակոչված դեպքերի մասին: Այդ խնդիրները հիմնականում առաջանում են այն հատվածներում, որտեղ սահմանը համաձայնեցված չէ: Վրացական կողմի հետ բանակցությունները այդ ուղղությամբ շարունակվում են»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել