Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես մարդասպան չեմ»

Մայիս 19,2010 00:00

Մհեր Ենոքյանը նամակ է ուղարկել ՀՀ նախագահին

\"\"Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը ՀՀ նախագահին ուղղված այս նամակը, դեռեւս փախուստի մեջ գտնվելու ժամանակ, գրել էր 1996թ.-ին: Սակայն չէր հասցրել ուղարկել նամակը, երբ նրան ձերբակալել էին: Կալանավորվելուց հետո Մհերը որոշ փոփոխություններ է կատարել նամակում՝ արդեն 2009թ. նոյեմբերին իր վերջին փախուստից հետո: Նա դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ արդարությունը վերականգնելու խնդրանքով:

«Հարգարժան պարոն Սերժ Սարգսյան, դիմում եմ Ձեզ որպես մարդը մարդուն, որպես հայը հային, որպես տղամարդը տղամարդուն, որպես ՀՀ քաղաքացին իր նախագահին: Ելնելով այն իրականությունից, որում ես հայտնվել եմ՝ կլինեմ կարճ եւ հստակ:

Ես մարդասպան չեմ:

20 տարեկանից ես իմ կյանքի լավագույն տարիները անարդարացիորեն անցկացրի բանտում՝ դաժան անմարդկային պայմաններում: Ձեր նախագահության օրոք ես բազմիցս դիմեցի Ձեզ: Հուսով էի, որ Դուք կվերականգնեք արդարությունը: Ավաղ, միգուցե իմ ձայնը Ձեզ չհասավ:

Ի՞նչ նպատակ է հետապնդում արդարադատությունը՝ նշանակելով պատժաչափ: 14 տարի բանտային պայմաններում, չորս պատի մեջ, զրկված մաքուր օդից, արեւից… նման պատժաչափը տասնյակ անգամներ ավելի ծանր, զարհուրելի է ինձ համար՝ քանի որ չեմ կատարել այն հանցանքը, որի մեջ ինձ մեղադրել են: Իրական մարդասպանը մեկ տարի անց կհայտնվի ազատության մեջ:

Ցմահ ազատազրկում նշանակելով՝ «արդարադատությունն» ասում է, որ ես վտանգավո՞ր եմ հասարակության համար: Երկրորդ անգամն է ես ինքս ինձ, Աստծո կամքով, ազատություն եմ շնորհում: Եվ ի՞նչ: Վտանգավո՞ր եմ հասարակության համար: Նույնիսկ բավական երկար ժամանակ, ամենածանր պայմաններում գտնվելով՝ չեմ կատարել ոչ հանցագործություն, ոչ էլ նույնիսկ որեւիցե զանցանք: Ես ցանկանում եմ, որ վերականգնվի արդարությունը: Ցանկանում եմ ազատ ապրել:

Մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ: Պատիժը նշանակվում է մարդուն՝ անհատին: Ամիսներ առաջ քաղաքի կենտրոնում ուղղակի հանգիստ քայլելու ժամանակ՝ ինձ ձերբակալեցին: Ես ինքնասպանության դիմեցի: Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում բժիշկների շնորհիվ կյանքս փրկվեց: Ինչքան ծանր պետք է լինի պատիժը, որ մահը գերադասելի լինի: Սա չէ՞ արդյոք այն չափանիշը, որը պետք է որոշի պատժաչափի խստությունը եւ արդյունավետությունը: Ի՞նչը պետք է ապացուցի անհատի վտանգավոր կամ անվտանգ լինելը հասարակության համար:

Պարոն Սարգսյան, ասեք, խնդրում եմ, ի՞նչ քայլի դիմեմ այս անգամ: Մի պահ պատկերացրեք այն դրությունը, որում հայտնվել եմ. չեմ կատարել այն հանցանքը, որում ինձ մեղադրել են, եւ ինձ ասվում է, որ մինչեւ կյանքիս վերջ պետք է գտնվեմ չորս պատի մեջ՝ մեկուսացված ընտանիքիցս, հասարակությունից:

Պարոն նախագահ, պահանջելով արդարություն՝ ես բախվում եմ մի համակարգի, որը չունի ոչ սիրտ, ոչ էլ հոգի: Չէր կարելի եւ հիմա էլ չի կարելի աչք փակել ճշմարտության վրա, անտեսել փաստերը կամ նրանց բացակայությունը:

Ես դիմում եմ Ձեզ, որպես մարդու, որպես հայի. խնդրում եմ՝ արեք հնարավորինս, որ վերանայվի իմ նկատմամբ նշանակված պատժաչափը, մի անտեսեք իմ կյանքը, մի դժբախտացրեք լռությամբ իմ ընտանիքը, ես խնդրում եմ Ձեզ ներում շնորհել ինձ: Ես բաց սրտով, պարզ հոգով ցանկանում եմ ապրել Հայաստանում, չթաքնվել ոչ ոքից, ապրել արդար, չդարձա բժիշկ՝ կընտրեմ այլ մասնագիտություն: Հակառակ դեպքում՝ օտար ափեր, անհայտ ապագա:

Խնդրում եմ Ձեզ: Թող լինի Աստծո կամքը:

Հարգանքով՝ Մհեր Դավթի Ենոքյան»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել