Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ահաբեկչությունից 3 օր հետո

Մայիս 19,2010 00:06

Ո՞վ էր Համլետ Ստեփանյանը

Ինչպես «Առավոտի» նախորդ համարում տեղեկացրել էինք, մայիսի 15-ին, ժամը 19-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իր անկողնում հանկարծամահ է եղել 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության առթիվ հարուցված քրեական գործով 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը:

Վերջինս ահաբեկչությունից 3 օր հետո է ձերբակալվել: Նա ձերբակալվել է դատապարտյալ Աշոտ Կնյազյանի հետ նույն օրը, նրա այն ցուցմունքի հիման վրա, որ ահաբեկչության օրն իր մեքենայում է գտնվել Համլետ Ստեփանյանը:

Ստեփանյանը նախաքննության փուլում իբրեւ կասկածյալ զրկվում է պաշտպան ունենալու հնարավորությունից եւ նախաքննության ավարտից հետո է միայն ունենում իր պաշտպանը:

Երբ նրա պաշտպանությունը ստանձնեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Աղասի Աթաբեկյանը, զարմացել էր, որ այդ ծանր գործով անցնող իր պաշտպանյալը «հրաժարվել» է պաշտպանից եւ արտահայտվել էր այսպես. «ԽՍՀՄ Գերագույն Սովետի նախագահության նախագահ Անատոլի Լուկյանովը մասնակցություն ունենալով 1990թ. օգոստոսյան Պուտչին՝ կասկածյալի կարգավիճակում, սակայն ուներ իր պաշտպանը: Չնայած ինքը իրավաբանական գիտությունների դոկտոր էր եւ ուներ պրոֆեսորի կոչում»:

Համլետ Ստեփանյանն առաջին անգամ հայտարարություն է անում 2000թ. սեպտեմբերի 13-ին:

Ընդ որում, գործը քննող զինվորական դատախազությունը Համլետ Ստեփանյանին ստիպում է, որպեսզի նա գրի, թե պաշտպանի կարիք չունի: Սեպտեմբերի 13-ին Հ. Ստեփանյանը հայտարարում է. «Ծանր գլխացավերից կրած տառապանքներից ազատվելու համար քննողների թելադրածը գրել եմ հարկադրաբար, իսկ իմ կասկածյալի կարգավիճակում հարցաքննության արձանագրության՝ քննիչի պարտադրանքով գրված ցուցմունքի տակ գրել եմ, իբր թե ցուցմունքը գրված է իմ պատմածով, կարդացի եւ ստորագրեցի, այնինչ ՀԿԳ քննիչ Հրաչիկ Այվազյանի մտքի ֆանտազիան է եղել այդ ցուցմունքը, այն նույն Այվազյանի, ում կողմից պարբերաբար ենթարկվել եմ ծեծի ու խոշտանգումների…»:

Ի վերջո, ո՞վ էր Համլետ Ստեփանյանը, որին համընդհանուր ցմահ ազատազրկման դատապարտման համատեքստում տրվեց 14 տարվա ազատազրկում: Մի հարց, որը հնչում է հատկապես այս օրերին, անգամ տուժողների իրավահաջորդների կողմից:

Ըստ գործի նյութերի, ազատամարտիկ Հ. Ստեփանյանին հոկտեմբերի 27-ի առավոտյան մոտեցել է ծանոթը՝ Դերենիկ Բեջանյանը: Նախկինում տեղեկանալով, որ Ստեփանյանի մոտ կա զինամթերք, Բեջանյանն ասում է, որ «Գնորդ կա, զինամթերքը վերցրու, տանենք, վաճառենք»: Զինամթերքը Համլետենց բակում էր պահված: Չվստահելով Բեջանյանին, նա ասում է, որ այլ վայրում է: Դերենիկը Բանգլադեշում հանդիպում է Համլետին, ապա «ՌԱՖ» մեքենայի մեջ նրան ծանոթացնում է Աշոտ Կնյազյանի հետ: Մեքենան ուղեւորվում է դեպի Բաղրամյան փողոց…

«ՌԱՖ» մեքենայի մեջ գտնվող Հալետին ու Աշոտին նորից է հանդիպում Դերենիկը: Վերջինս մեքենայից վերցնում է ինքաձիգը, որի մասին Համլետը տեղյակ չէր: Դարձյալ, ըստ գործի նյութերի, Դերենիկը Աշոտի վրա բղավում է, որ նա փակի փողոցը: Համլետը հարցնում է իր նոր ծանոթին՝ Աշոտին, թե ինչո՞ւ պետք է փակի փողոցը, ինչ է կատարվում, Աշոտն ասում է՝ չգիտեմ:

Համլետը նկատում է, որ Դերենիկը բեղերով երիտասարդի (հետագայում պարզվում է՝ Էդիկ Գրիգորյանի) հետ վազում է ԱԺ շենքի ուղղությամբ… մի քանի րոպե սպասելուց հետո, Աշոտը Համլետին մեքենայով տանում է նրա տուն: Երեկոյան լուրերից հետո Համլետը իմանում է ահաբեկչության մասին…

2000թ. մարտի 27-ին Հ. Ստեփանյանն իրեն մի բանում է մեղավոր ճանաչում, որ ապօրինի պահել է ռազմամթերք:

Էդիկ Գրիգորյանն իր 1999թ. դեկտեմբերի 25-ի ցուցմունքում մի այսպիսի միտք է հայտնում. «Դերոյի ընկերոջ մասին իրենք տեղյակ չէին, դա եղել է Դերոյի նախաձեռնությունը» եւ որ իրենց Աշոտն էր պետք՝ փողոցը փակելու համար…

Փաստաբանը բազմաթիվ միջնորդություններ է գրել, որ չկա իր պաշտպանյալի կոնկրետ մեղքը, որ նրան պետք է անպարտ ճանաչել, որ իր պաշտպանյալը «քննչական խմբի օրհնանքով», «սապոգային նախաքննության արդյունքում է հայտնվել վտանգավոր պերսոնաժների կողքին», որ նրա վերաբերյալ բոլոր ցուցմունքները պետք է ստուգվեն: Սակայն Ստեփանյանի ազատազրկումը այդ խմբի հետ՝ ամենամեծ սխալն էր: Դա կյանք արժեցավ: Քանի որ այդ խմբի նկատմամբ կիրառված բռնություններից բաժին հասավ նաեւ Ստեփանյանին, որի երիկամները շարքից դուրս էին եկել ծեծի պատճառով: «Հոկտեմբերի 27-ի» գործով անցնող Ստեփանյանին ու Կնյազյանին միայն «ռիսկ» արեցին ուղարկել Գորիսի բերդ, ապա՝ տեղափոխել «Նուբարաշեն»:

«Նա սովորական մարդ էր, առանց պոզուպոչի, մարդ, որ ավելի վստահելի ու հուսալի է եղել Վազգեն Սարգսյանի համար, քան վերին էշելոններում Սարգսյանի շնորհիվ բարձրացած շատ-շատերը», ասում է նրա միակ ու վերջին պաշտպանը:

Հ.Գ. «27»-ի գործով դատապարտվածների, քրեակատարողական համակարգի մասին ՔԿՀ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի հարցազրույցը՝ վաղվա «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31