Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ՀԱՆԳՑՐԵԼ «ՓԱՐՈՍԻ» ԼՈՒՅՍԸ

Մայիս 19,2010 00:00

\"\"Ազատամարտիկների ու հաշմանդամների փոխարեն են նպաստ ստացել

«Փարոս» համակարգից 16000 ընտանիքի դուրս մնալու փաստը որքան անսպասելի էր, նույնքան էլ սպասված: Բանն այն է, որ վերջին տարիներին «բալը թանկ է» նշանաբանով աշխատող սոցապ աշխատակիցները անցել էին պատշաճ ձեւով «կիսվելու» սահմանները. նախկին «1 ամիս՝ մեզ, 2-ը՝ ձեզ» հարկային համակարգի փոխարեն գործում էր «2 ամիս՝ մեզ, 1-ը՝ քեզ» համակարգը: Բնական է, որ դա չէր կարող վրիպել ազգային համապատասխան ծառայությունների աչքից, բայց քանի որ գործարքի մեջ մտնող քաղաքացիները իրենք էին քողարկում հանցագործությունը, այն բացահայտելու համար մեծ ջանքեր էին պահանջվում: Շրջահայաց սոցապականները ամեն ամիս ստորագրել են տալիս եւ ստացված, եւ չստացված գումարների դիմաց, ուստի դրա բացահայտումը նաեւ մեծ ցանկության հետ էր կապված: Հավանաբար ավելորդ մանրուքների մեջ չխճճվելու համար հարցը «հիմնովին» նայվեց. ստուգվեց ընտանիքների կողմից ոչ թե գումարը ստացած-չստացած լինելու հանգամանքը, այլ ուղղակի «Փարոսից» օգտվելու իրավունքը: Թե որքանով ճշգրիտ եւ ամբողջական են կատարվել ստուգումները՝ դժվար է ասել, բայց որ նույնիսկ 16000 թիվը ինքնին խոսում է համակարգի հիվանդության մասին, ուղղակի ակնհայտ է:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում դա բացատրում են նրանով, որ աշխատող քաղաքացիները չաշխատելու մասին կեղծ տեղեկանքներ են ներկայացրել, ինչի հետեւանքով տարիներ շարունակ օգտվել են «Փարոսից», որն իրականում նախատեսված է բնակչության սոցիալապես ամենաանապահով խավի համար: Դրա հետեւանքով համակարգից դուրս են մնացել այնպիսի խավեր, ինչպիսիք են հաշմանդամ ազատամարտիկների եւ նոր հաշմանդամների ընտանիքները: Սակայն հանելուկային է այն հարցը, թե ինչպես են այդ ընտանիքները ընդգրկվել «Փարոսում», չէ՞ որ ցանկացած աշխատող քաղաքացի ամեն ամիս կանոնավոր մուծումներ է կատարում նույն՝ նախարարության պետական հիմնադրամին եւ դա պարտադիր գրանցվում է «Պառնաս» ծրագրում:

Չաշխատելու մասին ցանկացած տեղեկանքի իսկությունը պարտադիր պետք է ստուգվի: Թե ինչպես է պատահել, որ 16000 կեղծ տեղեկանքներ մինչ այդ չեն ստուգվել, փորձեցինք ճշտել վերոնշյալ նախարարությունից: Պարզվեց, որ նախարարությունում չեն կարողանում բացել եւ կարդալ ինտերնետով մեր ուղարկած նամակը, իսկ 10 օրվա ընթացքում այդպես էլ չկարողացան ինտերնետով պատասխանել մեր նամակին (պնդում են, թե բազմիցս պատասխանել են, սակայն երեւի նամակը ոտքով է գալիս ու տեղ չի հասնում): Ստիպված եղանք գնալ եւ առձեռն ստանալ այն: Որքանով են այս ստուգումները պայմանավորված սոցապականների բարի կամքի դրսեւորմամբ եւ որքանով ԱԺ վերահսկիչ պալատի պարտադիր աշխատանքով՝ պարզ չէ: Որպես հետագա կանխարգելիչ եւ պատժիչ քայլ, նշվում է այդ ընտանիքներից 9500-ի նկատմամբ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով սահմանված պատժամիջոցը. այդ ընտանիքները 6 ամսով զրկվել են այդ համակարգով իրականացվող որեւէ ծրագրից օգտվելու իրավունքից: Սա շատ նման է պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով պետական պաշտոնյային պաշտոնից հեռացնելու «պատժին»՝ առանց որեւէ պատասխանատվության ենթարկելու: Երեւի Եվրոպայից ենք սովորում՝ «էլ չենք թողնի գողանա» պատիժը: Սակայն ընտանիքներին ներելու բարությունը չի կարելի տարածել կեղծ տեղեկանքներ տրամադրող տեղական ինքնակառավարման մարմինների վրա. չէ՞ որ փոքր համայնքներում ցանկացած համայնքի ղեկավար անգիր գիտի իր անդամների ցանկացած խնդիր, ուստի մասշտաբային կեղծարարների վրա պետք է տարածել ոչ թե վերոհիշյալ օրենքի 25-րդ, այլ 26-րդ հոդվածը՝ «Պաշտոնատար անձանց պատասխանատվության մասին», ըստ որի, սույն օրենքը խախտող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով, որը, սակայն, երբեք չեն կիրառում:

Քրեական պատասխանատվության ենթարկվածների մասին նախարարությունում բազմանշանակ լռում են: Համակարգի հիվանդության հիմնական պատճառն այն է, որ տեղեկանք տրամադրում է մի մարմին, գրանցում՝ մեկ այլ, իսկ վճարում է մի 3-րդ մարմին, եւ պարզ է, որ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, իսկ դա պարարտ հող է ստեղծում մեխանիզմի սողանցքներն իմացողների համար: Օրինակ՝ տարիներ առաջ «Փարոսից» օգտվում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կադրերի վարչության պետ Ալինա Աղաբեկյանը: Հարուցված քրգործի քննության ընթացքում քննիչից պահանջեցի ստուգել այս փաստը եւ պատժել մեղավորներին, սակայն քննիչը հմտորեն քողարկեց այն՝ իրավամբ որակելով որպես համակարգային ցավ:

Դեռեւս 2007թ. մայիսին Սերժ Սարգսյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ անկեղծորեն միտք հայտնեց. «Աններելի է, որ մեր երկրում հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքները նպաստ չեն ստանում»: Աններելի է, բայց փաստ է, չարաշահումների այս մութ ֆոնի վրա՝ ծանր ու տխուր փաստ: Ո՞վ է ի զորու այն լուծելու, գուցե 16000 ընտանիքների «տնտեսած» գումարներն ուղղեն նրանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել