Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՏՈՒԳԱՆԵ՞Ն ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ

Մայիս 19,2010 00:00

Այսօր տեղի կունենա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի եւ որոշում կկայացվի «Ալեքս Գրիգ» եւ «Ավշարի գինու գործարան» ընկերությունների կողմից անբարեխիղճ մրցակցության փաստերի վերաբերյալ: Հիշեցնենք, որ մայիսի 7-ին ՏՄՊՊՀ-ն վարույթ էր հարուցել օղու շուկայում արձանագրված անբարեխիղճ մրցակցության որոշ փաստերի առիթով: Ըստ ՏՄՊՊՀ-ի պաշտոնական կայք-էջի՝ մամուլի հրապարակումների եւ դիտանցումների արդյունքում պարզվել էր, որ «Ալեքս Գրիգի» արտադրած մի շարք անվանումներով օղիների ապրանքային նշաններ, հնարավոր է՝ անբարեխիղճ մրցակցության դրսեւորում են: Հանձնաժողովի մասնագետների նախնական գնահատմամբ՝ «Ալեքս Գրիգի» կողմից արտադրվող «Զելյոնայա Մետկա», «Ռուդնիկ», «Ուկրաինա», «Խլոպցի», «Մեդոֆե», «Պրեմիում», «Խլեբնիյ Դար» անվանումներով օղիների պիտակների վրա զետեղված ապրանքային նշանները կարող են շփոթություն առաջացնել ուկրաինական, ռուսական եւ բրիտանական ընկերություններին սեփականության իրավունքով պատկանող եւ նրանց անուններով գրանցված ապրանքային նշանների նկատմամբ:

Ինչ վերաբերում է «Ավշարի գինու գործարանին», ապա այս ընկերության մասով ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել «ՄԱՊ» ընկերության դիմումի համաձայն, որը գտնում է, թե «Ավշարի» արտադրած կոնյակի ապրանքանշանը շփոթության աստիճանի նման է իր կողմից արտադրվող եւ սեփականության իրավունքով իրեն պատկանող ապրանքային նշանին:

«Առավոտի» հարցին՝ ի՞նչ է ձեռնարկում ՏՄՊՊՀ-ն շաքարավազի շուկայում գների բարձրացման հետ կապված, հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը պատասխանեց, որ ներկայումս ինչպես շաքարավազի, այնպես էլ մի քանի այլ ապրանքատեսակների մասով ուսումնասիրություններ են ընթանում: Թե երբ դրանք կավարտվեն՝ առայժմ պարզ չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել