Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ Է ՎՍՏԱՀՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ

Մայիս 19,2010 00:00

\"\"Հայաստանի տնտեսական անկախության եւ ազգային անվտանգության ապահովումը հնարավոր է միայն համախմբված, ոչ կոռումպացված եւ սոցիալապես կայուն հասարակության պայմաններում, որը հիմնվում է սեփական աշխատանքային ռեսուրսների վրա եւ խնամքով է օգտագործում իր ընդերքի բնական հարստությունը: Այդ տեսակետից այդպիսի նպատակի հասնելու համար բավականին խոստումնալից ոլորտ է հանդիսանում հանրապետության լեռնահանքային արդյունաբերությունը:

Փաստելով Հայաստանի լեռնահանքաարդյունաբերական գրեթե բոլոր ձեռնարկություններում անբավարար վիճակը, վերլուծելով, օրինակ, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփընի» (ԴԳՄՔ) ՖԲԸ աշխատանքները, Շահումյանի ոսկու եւ բազմամետաղային հանքավայրի պաշարների յուրացման աշխատանքները, փորձենք պարզել այս ոլորտում առկա հնարավոր պատճառները:

ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետների ստուգումը՝ 2007թ. IV եռամսյակից մինչեւ 2008թ. III եռամսյակը, ցույց տվեց, որ Շահումյանի հանքավայրի պաշարներն օգտագործելիս ԴԳՄՔ-ն անհրաժեշտ չի գտել պահպանել օրենքով նախատեսված պայմանները եւ ղեկավարվել մշակման հաստատված նախագծով: Ստուգումները փաստեցին արդյունահանված հանքաքարի ծավալի զգալի կրճատում, իսկ մետաղինը՝ ավելի քան 2 անգամ, ի տարբերություն այն նիշի, որը նշված էր հավաստագրային համաձայնագրում: Այն պայմանավորված էր նրանով, որ արդյունահանված հանքաքարի որակի եւ ծավալի բոլոր արժեքները արտադրության ամբողջ տեխնոլոգիական շղթայում վերահաշվարկվում էին հետադարձ կարգով, սկսած ֆաբրիկայից մինչեւ հանքաքարի հաշվեկշռային պաշարների մարումը, ընդունելով որպես հիմք ոչ թե երկրաբանական տվյալները, այլ ստացված խտանյութը եւ դրա մեջ պարունակվող մետաղների քանակությունը: Հանքավայրի մշակման ընդունված կարգի այս կոպիտ խախտումը հանգեցրեց հետազոտվող պաշարների շարժի վիճակի եւ հաշվառման աղավաղմանը: 2006թ. ապրիլին հանքաքարի արդյունահանման իրավունքով համաձայնագիր կնքվեց, բայց հետագա երեք տարվա ընթացքում կոմպանիան ոչ մի անգամ չկատարեց այդ համաձայնագրի պայմանները՝ կապված արդյունահանված հանքաքարի որակի եւ ծավալի հետ: Նույն՝ 2006թ. ձեռնարկությունը իրավունք ստացավ 11 տարվա ժամկետով արդյունահանել Կետրոնական տեղամասի պղնձաքարը (3680000 տ): Սակայն եւ այս դեպքում արդյունահանվող ծավալները կրճատվեցին 3-5 անգամ, իսկ պղնձի քանակությունը հանքաքարում՝ ավելի քան 3 անգամ: Հիշենք, որ ձեռնարկությունը 2009թ. կեսերին հրաժարվեց մշակել Կենտրոնական տեղամասի պղնձաքարը, պատճառաբանելով արդյունահանման բարձր ինքնարժեքը եւ արտադրության անշահութաբերությունը: Ներկայումս պղնձի գինը նորից աճեց: Միգուցե մեկ անգամ ե՞ւս հնարավորություն տանք կոմպանիային փորձել բախտը: Իսկ եթե ստացվի՞: Մանավանդ որ, Կենտրոնական տեղամասի պղնձի ընդհանուր պաշարները կազմում են մոտ 70000տ (մոտ 500 մլն դոլար): Ծիծաղելի է, չէ՞:

Ձեռնարկության ներկա ղեկավարությունն իր աշխատանքը նախ եւ առաջ նշանավորեց աշխատակազմի կրճատումներով, կատարվող աշխատանքների սակագնի անհիմն նվազեցումով, ստորգետնյա բանվորների աշխատանքի ռեժիմի փոփոխմամբ, մտցնելով սկզբից 9-ժամյա, այնուհետեւ՝ 8-ժամյա, ներկայումս՝ 7-ժամյա աշխատանքային հերթափոխ, առանց հիմնավորելու այդ փոփոխությունները մշակման եւ ժամանակի համապատասխան նորմատիվներով: Աշխատանքից ազատված աշխատողների թիվը կազմեց ավելի քան 600 մարդ՝ նախկին 1620-ից: Այստեղ հարկ է հիշել, որ 2009թ. նոյեմբերի 24-ին Լոնդոնում կայացած EBRD (Վերաշինության եւ զարգացման եվրոպական բանկ) աշխատանքային հանդիպման ժամանակ Dundee Precious Metals ձեռնարկության վիցե-պրեզիդենտ Ադրիան Գոլդստոունը հայտարարեց, որ ԴԳՄՔ-ի կարեւոր նվաճումն այն է, որ Լեռնային ձեռնարկությունը Կապան քաղաքում աշխատում է, եւ դա նվազեցնում է սոցիալական լարվածությունը տարածաշրջանում:

Ավելի շուտ՝ նույն կոմպանիայի պրեզիդենտ Ջ. Գուդմանը իր նամակում՝ գրված 2008թ. դեկտեմբերի 15-ին, առաջարկեց իր ձեռնարկությունների տնօրեններին «հաշվի առնելով ճգնաժամը, ընդհանրացնել իրենց գործունեության արդյունքները, վաճառել բաժնետոմսերի մի մասը, ժամանակավորապես սառեցնել աշխատանքները ԴԳՄՔ-ում եւ կենտրոնանալ ու ընդլայնել աշխատանքները Չելոպելիում (Բուլղարիա), որն Արեւելյան Եվրոպայի լավագույն հանքերից է»: Վերը նշվածից կարելի է հաստատել, որ սոցիալական իրավիճակը Կապանում բնավ չի հետաքրքրել կոմպանիայի ղեկավարությանը եւ Կենտրոնական տեղամասի մշակումից հրաժարվելը, որի արդյունքում հերթական կրճատումներ գրանցվեցին՝ վկայում է դրա մասին:

«Արժանի» է ուշադրության նաեւ ԴԳՄՔ-ի ղեկավարության համառությունը՝ կյանքի կոչել Շահումյանի հանքավայրի բաց եղանակով մշակման գաղափարը այն դեպքում, երբ հաստատված նախագիծը դա չի նախատեսում: Ակնհայտ է, որ միայն Շահումյանի հանքավայրը բաց մշակմամբ շահագործելու հիմնավորման դեպքում ձեռնարկությունը հնարավորություն կունենա վարկ ստանալու EBRD-ից: Անհասկանալի է, թե ինչպե՞ս կարելի է հիմնավորել դա եւ ինչո՞ւ է EBRD-ն իր գումարները տրամադրում այդպիսի ապաշնորհ նախագծերի համար: Այդ առիթով հարկ է հիշել, որ, ըստ հաստատված նախագծի, պայմաններից մեկը լցումային խառնուրդների կիրառումն է, որը կպաշտպանի մակերեւույթը փլուզումից: Բնականաբար այդ պայմանը չի կատարվում ձեռնարկության կողմից. փլուզման երկու դեպք արդեն իսկ գրանցվել է:

Նշենք, որ կոմպանիայի աշխատանքում հաճախ են կատարվում չարդարացված ֆինանսական ծախսեր՝ ուղղված ոչ անհրաժեշտ լեռնային փորվածքների անցկացման, լեռնային մեքենաների գնման համար, որոնք չեն համապատասխանում ձեռնարկության արտադրական հզորությանը կամ ոչ էֆեկտիվ են հանքավայրի լեռնա-երկրաբանական պայմաններում, տեղացի եւ օտարերկրյա բարձրավճար «մասնագետների» ներգրավմանը, ովքեր իրականում կատարում են հաշվետարի կամ հսկիչների դեր, ուղղակիորեն կրճատելով ձեռնարկության շահույթի եւ պետական բյուջե գանձվող գումարի չափերը:

Տարօրինակ է, որ վերը նշված աշխատանքային ոճը չխանգարեց ընկերությանը ստանալու նոր համաձայնագիր՝ 25 տարի ժամկետով, Շահումյանի հանքավայրի ամբողջ պաշարները (17859000 տ) շահագործելու համար: Դրամական արտահայտությամբ, միայն ոսկու պարունակության հաշվարկով հանքավայրի արժեքը կազմում է մոտ $2 միլիարդ: Որպեսզի նշված ժամկետում մշակվեն հանքավայրի ողջ պաշարները, տարեկան արտադրողականությունը անհրաժեշտ է կրկնապատկել եւ հասցնել 720-750 տ, որը շատ բարդ եւ դժվար լուծելի խնդիր է:

Ենթադրաբար հանքավայրը կմշակվի նույն կերպ, եւ երբ ոչինչ չի մնա ընտրովի եւ շահութաբեր մշակել, ընկերությունը ուղղակի կհրաժարվի հանքավայրից, ինչպես դա եղավ Կենտրոնական տեղամասի հետ: Հարկավոր է հիշել, որ լեռնային ձեռնարկության գործունեության արդյունքում խախտված էկոլոգիական հավասարակշռությունը կարելի է վերականգնել՝ կիրառելով բնապահպանական միջոցառումներ: Սակայն ընդերքում օգտակար հանածոների գերնորմատիվ կորուստները ոչնչով չեն լրացվում եւ կոմպենսացվում: Այդպիսի կորուստներ (մոտ 50 000 տ, որը դրամական արտահայտությամբ կազմում է մոտ $6 000 000) ընկերությունը արդեն թույլ է տվել: Այդ պատճառով նմանատիպ խախտումները պետք է փորձագետների ամենախիստ ուշադրությանը արժանանան, իսկ մեղավորները՝ պատժվեն հանքաքարի կորստի արժեքի չափով:

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաեւ ուղեկցող օգտակար բաղադրիչների վրա, մանավանդ հանքաքարի հարստացման գործընթացում, երբ դրանց պարունակությունը հասնում է այնպիսի քանակության, որ թույլ է տալիս իրականացնել դրանց կորզումը հետագա վերամշակման փուլում: ՀՀ հանքավայրերի պաշարների դասակարգման մեջ (բաժին I մ. 4) նշված է, որ խտանյութում ուղեկցվող բաղադրիչների պաշարները ենթակա են հաշվարկման ու հաշվառման, եւ այդ պահանջը պարտադիր է բոլոր ընդերք օգտագործողների համար:

Ընդհանրացնելով վերը նշված նյութը, կարելի է հաստատել, որ հանրապետության լեռնահանքային ոլորտում գործերի վիճակը պայմանավորված է հետեւյալ գործոններով.

1. Ընդերքօգտագործման պայմանների ոչ բավարար պահպանումը եւ նրանց ոչ օբյեկտիվ ու ոչ սկզբունքային վերահսկումը:

2. Թույլ տված խախտումներին լոյալ մոտեցում ու գնահատում, որ ընդերքը շահագործողների մոտ առաջացնում է անպատժելիության եւ անպատասխանատվության զգացում ընդերքի պաշարների մշակման ընթացքում:

3. Պաշարների ընտրովի հանույթ՝ ուղեկցված մշակման կարգի եւ հերթականության կոպիտ խախտումներով, պայմանավորված ոչ ճիշտ ծրագրավորմամբ, անբավարար շահագործողական հետախուզմամբ, մաքրման աշխատանքների տեխնոլոգիայի խախտմամբ:

4. Հանքաքարի գերնորմատիվային կորուստների ավելացում՝ տեխնոլոգիական խախտումների հետեւանքով:

5. Ձեռնարկության աշխատակազմի հավաքագրում՝ առանց հաշվի առնելու նրանց մասնագիտական գիտելիքները եւ աշխատանքային փորձը:

Իհարկե, իրավիճակը կարելի է շտկել՝ բարձրացնելով ընդերք օգտագործող սուբյեկտների պատասխանատվությունը պաշարների շահագործման նկատմամբ, կիրառելով վերահսկող մարմինների օբյեկտիվ մոտեցում, սկզբունքայնություն եւ օգտակար հանածոների ճիշտ գնահատում եւ հաշվառում, որը կառողջացնի տնտեսությունը եւ կբարելավի հանրապետության բնակչության սոցիալական վիճակը: Բնականաբար, այդ հարցերի լուծումը պետության իրավասության մեջ է գտնվում եւ դրանք պետք է ամրագրվեն համապատասխան փոփոխություններ մտցնելով ընդերքի շահագործումը կարգավորող օրենքների մեջ:

Անհրաժեշտ է կարողանալ տնօրինել հանրապետության ընդերքի հարստությունը եւ դրանով իսկ նպաստել պետության արտաքին պարտքերի մարմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել