Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դոզայով» արտահոսք»

Մայիս 19,2010 00:00

ՀՀ նախկին արտգործնախարարի կարծիքով՝ ԼՂՀ կարգավորման բանալին ՌԴ-ի ձեռքում է

«Ոչ միայն 5, այլեւ բոլոր 7 շրջանների վերադարձի խնդիրը կարմիր թելի պես անցնում է մադրիդյան նորացված փաստաթղթի բոլոր կետերով»,- երեկ «Դուպլեքս» ակումբում հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ հավելելով, որ ԵԱՀԿ երեք համանախագահող երկրների կողմից Աքվիլայում հրապարակված սկզբունքների առաջին կետը միանշանակ հայտարարում էր, որ ԼՂՀ շուրջ գտնվող տարածքները վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նախկին արտգործնախարարն այս պահին բացառում է պատերազմի վերսկսման հավանականությունը, բայց՝ «Ցանկացած իրավիճակում կարող է նման լուծումը եւս քննարկման առարկա դառնալ. դա կախված է տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունից։ Այս պահի դրությամբ այն բալանսը, որ ստեղծվել է վերջին տարիների ընթացքում, չեմ կարծում, որ կողմերից որեւէ մեկին ձեռնտու լինի խախտել»։ Նրա կարծիքով, բանակցային գործընթացը դեռ փակուղի չի մտել, սակայն վերջնական փակուղային իրավիճակի ժամանակ գուցե ռազմական լուծման հնարավորությունն ավելի իրական դառնա։ ԼՂ հակամարտության կարգավորման բանալին, ըստ նախկին արտգործնախարարի, Ռուսաստանի ձեռքում է, ուստի, եթե Ռուսաստանն իր շահից ելնելով՝ գտնի, որ գործընթացում արագացում է անհրաժեշտ, ապա այդ արագացումը կարձանագրվի, եթե նրան ձեռնտու չեղավ՝ ոչինչ էլ չի լինի. «Սա ցավալի փաստագրումն է այն իրողության, որ վերջին տարիներին մենք հասել ենք մի իրավիճակի, որ ոչ միայն Լեռնային Ղարաբաղն է դուրս մնացել իր ճակատագրի վերաբերյալ բոլոր բանակցային գործընթացներից, այլ այսօր նաեւ Հայաստանը գործոն չէ։ Հայաստանի ճակատագիրը քննարկում են անկարաներում, մոսկվաներում, բրյուսելներում, վաշինգտոններում։ Սա տանում է Հայաստանի պետականության կործանմանը»։

Բաքվում Էրդողանի արած հայտարարությունները՝ ազատագրված երկու շրջանները վերադարձնելու մասին, Ալ. Արզումանյանը որակում է «դոզայով» մամուլին տրված արտահոսք», որով հստակեցվեց, որ Էրդողանն ու Մեդվեդեւը ինչ-ինչ համաձայնությունների են եկել, որոնք նոր ճանապարհային քարտեզի բաղկացուցիչ մաս են։ «Բոլորի համար այս «ստատուս-քվոն» երկար պահելը կարծես անընդունելի է, բայց փոփոխությունն էլ պետք է ունենա խելամիտ կոմպրոմիսների ձեւ։ Այսօր Հայաստանից պահանջվում է միակողմանի զիջումներ անել, մասնավորապես խոսվում է նաեւ Լաչինի շրջանը վերադարձնելու մասին, որը ԼՂ-ն ընդհանրապես կկտրի Հայաստանից, եւ այս պարագայում անհասկանալի է մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցելու տրամաբանությունը»,- ասել է Ալեքսանդր Արզումանյանը։

Մամուլում հրապարակումներ եղան, թե ԱՄՆ այցի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հնարավոր է, հանդիպի ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ, այնուհետեւ՝ մեկնի Մոսկվա։ Ալեքսանդր Արզումանյանը երեկ հերքեց այդ լուրերը. «Անձնական, 12-օրյա այցով Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնվում է ԱՄՆ-ում եւ վերադառնալու է Երեւան։ Եթե իշխանություններին հարցնեք, հավանաբար ավելի լավ գիտեն՝ որ ռեյսով, որ օրը, որ ժամին է… Այնպես որ, որեւէ վայրէջք այլ երկրներում չի նախատեսվում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել