Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՍՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ՝ ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՉԽԹԱՆԵԼ

Մայիս 19,2010 00:00

\"\"«Ա1+»-ի գործով ՄԻԵԴ որոշման դասերն անտեսելով՝ ՀՀ կառավարությունը ՀՌԱՀ-ի համար դարձյալ փորձում է ապահովել իր որոշումները չհիմնավորելուեւ մրցութային հայտով եթերային բազմազանություն ապահովելու առաջարկությունը հաշվի չառնելու հնարավորություն:

2009 թվականի նոյեմբերի 12-ին հավանություն տալով ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգին՝ կառավարությունը որոշեց ՀՀ տարածքում ռադիոհաղորդումների եւ հեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովին պարտավորեցնել մեկամսյա ժամկետում մշակել ու կառավարություն ներկայացնել հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակացույցը: Թե ժամանակացույց մշակվեց կամ ոչ՝ տեղյակ չենք, սակայն պնդում ենք՝ այդ հանձնաժողովը անցած կես տարվա ընթացքում այդպես էլ չկազմակերպեց հանրային քննարկումներ:

Եվ առանց որեւէ նման քննարկման՝ մայիսի 12-ին ասուլիսում այդ միջգերատեսչական հանձնաժողովի եւ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները հայտնեցին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում արվելիք փոփոխությունների եւ լրացումների նախագծի մասին, որը բխում է Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգից: Իսկ կառավարությունն էլ հաջորդ օրը եւեթ հավանություն տվեց այդ նախագծին եւ իր որոշմամբ համարեց անհետաձգելի։ Սակայն ԱԺ ուղարկեցին միայն մայիսի 17-ի առավոտյան, ուստի նախագիծն անգամ չքննարկվեց ԱԺ Գիտության, կրթության եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովում:

Այս ողջ ընթացակարգը ոչ միայն հակասում էր տվյալ նախաձեռնության վերաբերյալ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, այլեւ ոտնահարում էր «Իրավական ակտերի մասին» օրենքի 27.1 հոդվածով սահմանված կարգը՝ իրավական ակտի կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ, որում մասնավորապես նշվում է, թե ազդեցության գնահատողը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ստանալու օրվանից հետո՝ 15-օրյա ժամկետում «պարտավոր է իրականացնել ազդեցության գնահատում եւ դրա վերաբերյալ կազմել կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն եւ այն ներկայացնել նախագիծ մշակող մարմնին»: Բնականաբար, քանի որ այս ժամկետները չեն պահպանվել՝ չի արվել նաեւ նման գնահատում:

«Իրավական ակտերի մասին» նույն հոդվածով նաեւ սահմանվում է, որ նախագիծ մշակող մարմնի նախաձեռնությամբ կարող են իրականացվել հանրային կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումներ, բաց լսումներ, քննարկումներ, հասարակական հարցումներ: Նշված է. «Հանրային քննարկումների իրականացման ժամկետն առնվազն 15 օր է»: Եվ էլի կառավարությունը փորձ անգամ չարեց նման քննարկումներ կազմակերպել, ողջ գործընթացն ընթացավ ոչ թափանցիկ: Իսկ անգամ այժմ նախագիծ մշակողից բացի՝ Մարդու իրավունքների պաշտպանից սկսած՝ ո՜վ ասես պատրաստվում է նախաձեռնել նման քննարկումներ: Ճիշտ այն պահին, երբ երեկ ԱԺ նիստերի դահլիճում արդեն սկսվել էին այս նախաձեռնության քննարկումները՝ ԵԱՀԿ-ն էր կազմակերպել քննարկում թվային համակարգի անցման հայեցակարգի վերաբերյալ: Եվ փաստորեն՝ արդեն ակամա «մանանեխ՝ ճաշից հետո» սկզբունքով ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը ԵԱՀԿ անունից պատրաստակամություն էր հայտնում Հայաստանի կառավարությանը աջակցություն ցուցաբերել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու հարցում: Ըստ այդմ՝ այս նախագիծն անգամ չի ուղարկվել միջազգային փորձաքննության: Մինչդեռ կառավարության մայիսի 13-ի նիստում, ըստ պաշտոնական հաղորդագրության, «Տիգրան Սարգսյանը կարեւորել է օրինագծի՝ միջազգային պատշաճ փորձաքննություն անցնելու փաստը»: ԵԱՀԿ փորձագետների երեկվա քննադատական դիտողությունները տրամագծորեն հակառակի վկայությունն էին:

Քննադատության պակաս չկար նաեւ խորհրդարանական քննարկման ընթացքում: Արձագանքելով այն փաստին, որ այս փոփոխություններով կառավարությունը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը շարադրել է նոր խմբագրությամբ՝ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց, որ նախագիծը ոչ թե փոփոխություններ է գործող օրենքում, այլ մայր օրենք. «Ինչո՞ւ եք դիմել այսպիսի խորամանկության: Որ երկու ընթերցմա՞մբ քննարկումն ավարտեք»: Նշենք, որ նման հապշտապությունը չի կարող բացատրվել այն հանգամանքով, որ հուլիսի 20-ին ՀՌԱՀ-ը հայտարարելու է արտոնագրման 18 մրցույթներ: Դարձյալ հիշեցնենք, որ այդ օրը մրցույթները միայն հայտարարվելու են, իսկ անցկացվելու է մրցույթը կես տարի անց: Մինչ այդ ՀՌԱՀ-ը պիտի մշակի մրցույթի անցկացման կարգը:

Կառավարության այսպես աճապարելու իրական նպատակը պարզ դարձավ, երբ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրապարակեց այն խիստ վտանգավոր փոփոխությունները, որոնք նկատել էր նախագծում: «Նոր խմբագրությամբ» օրինագծում այլեւս չկա գործող օրենքի 50-րդ հոդվածի հետեւյալ դրույթը. «Ազգային հանձնաժողովը պետք է պատշաճ կերպով հիմնավորի արտոնագրատիրոջն ընտրելու, արտոնագիր տալը մերժելու եւ արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումները»: Չկան նաեւ այն բոլոր դրույթները, որոնք օրենք էին ներմուծվել 2009-ի ապրիլին՝ այն է, որ արտոնագրված անձի ընտրության ժամանակ պիտի հաշվի առնվի մրցութային հայտում ներկայացված հաղորդումների բազմազանությունը, «դիմողի՝ բազմակարծությունը խթանելու կարողությունը», «մրցութային հայտով եթերային բազմազանություն ապահովելու առաջարկությունը»: Այսինքն՝ կառավարությունն ակնհայտորեն փորձում է հապշտապ չեղյալ համարել այն բոլոր փոփոխությունները, որոնք բխում էին «Ա1+»-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռից:

Ի դեպ, «Ա1+»-ի խնդրի լուծումը կառավարության պաշտոնյաները տեսնում էին թվայնացման գործընթացի մեջ, երբ կավելանան հաճախությունները: Իսկ այժմ պարզվում է, որ դրանք հակառակը՝ պակասելու են, ու գործող 22 հեռուստաընկերությունների փոխարեն լինելու է 18-ը: Ընդ որում՝ դրանցից միայն 9-ն է լինելու Երեւանում, եւ այդ հեռուստաընկերությունների թեմատիկ ուղղվածությունն օրենքի նախագծով արդեն սահմանված է՝ մեկը պիտի լինի ժամանցային ուղղվածության, 2-րդը՝ երիտասարդական, 3-րդը՝ երաժշտական, 4-րդը՝ մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական ուղղվածության, 5-րդը՝ միջազգային եւ տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության: Եվ 4-ը պիտի լինեն վերահեռարձակող հեռուստաընկերություններ: «Երկու տարի առաջ, երբ Ներսես Երիցյանը ներկայացնում էր թվայնացման խնդիրը, ասում էր՝ չի լինելու հեռուստաընկերություն, որն ուզի եթեր դուրս գա եւ արտոնագիր չստանա: Այսօր 22 հեռուստաընկերությունից 18-ն է մնալու: Բա ո՞ւր մնաց նախարարի խոստումը,- ասաց «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:- Լավ, ինչքա՞ն կարելի է, որ ՀՀ-ն անընդհատ բանաձեւերի թիրախ սարքեն: Չէ՞ որ սա հերթական բանաձեւի թիրախ դարձած օրենքն է լինելու»: Իսկ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց. «2012 թվականի ընտրությունների մեկնարկը տրված է: Քարոզչության ամենահզոր լծակը իշխանությունը վերցնում է իր վերահսկողության տակ»:

Հ. Գ. Հատկանշական է, որ նախագիծը ներկայացնելու էր ուղարկված էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թովմասյանը, որն ինչպես նախարարության մամուլի խոսնակը բացահայտեց՝ «Նոր է միացել այս գործընթացին եւ լավ չի տիրապետում մանրամասներին»: Ինքը՝ Ներսես Երիցյանը, թեեւ ներկա էր ԵԱՀԿ քննարկմանը, սակայն չեկավ ԱԺ՝ թերեւս վստահ լինելով, որ ի՜նչ օրինագիծ էլ ներկայացնեն, ի՜նչ ձեւով էլ ներկայացնեն՝ խորհրդարանական մեծամասնությունը, մեկ է, «դակելու» է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել