Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆ ԲԵՐՎԱԾ ԿԱԼԱՆԱՎՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Մայիս 19,2010 00:00

«Առավոտի» տեղեկություններով, նախօրեին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի երկրորդ հարկի 4-րդ դահլիճի պատուհանից փախուստի փորձ արած, նախկինում երեք անգամ դատապարտված Գագիկ Ղազարյանը երեքշաբթի օրը հիվանդանոցում մահացել է: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Ոստիկանության Կենտրոնի բաժնի կողմից, քննիչ Աշոտ Մխիթարյանի ուղեկցությամբ, դատարան բերված Գագիկ Ղազարյանի նկատմամբ, որը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 268-րդ հոդվածի 2-րդ մասի, համապատասխանաբար՝ «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը» եւ «կրկին անգամ եւ խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի» հատկանիշներով, դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատական փակ նիստում երկամսյա կալանքի որոշում էր կայացրել: Դատավորի՝ նիստերի դահլիճից դուրս գալուց հետո, այն պահին, երբ ոստիկանները պետք է կալանավորվածին տեղափոխեին մեկուսարան, Գ. Ղազարյանը, որի ձեռքերին այդ պահին ձեռնաշղթաներ չեն եղել, պատուհանից փորձել է փախչել, սակայն վայր էր ընկել եւ ստացել մարմնական վնասվածքներ: Ի դեպ, այս հոդվածներով դատապարտվելու դեպքում Գ. Ղազարյանին սպառնում էր ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Ինչ վերաբերում է քննիչ Աշոտ Մխիթարյանին, ապա ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների ասելով, այս քննիչի հետ կապված նախկինում էլ համանման մի դեպք եղել է, որի առնչությամբ առաջացած խնդիրները դեռ լուծված էլ չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել