Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳԻՏԵԻՔ, ՈՐ ԱՅԴՊԵՍ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ»

Մայիս 19,2010 00:00

Մայիսի 14-ին, երբ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում էր ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի նախաձեռնությունը՝ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին, հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նրան խորհուրդ տվեց հետաձգել. «Որպես քաղաքական քայլ՝ դա ճիշտ է անել այն ժամանակ, երբ դրա մասին ավելի լայնածավալ քննարկումներ են ընթանում: Դա դառնում է նաեւ ընդդիմության ձեռքին գործիք՝ միջազգային կառույցներին ցույց տալու, թե իմ այս առաջարկները չեն ընդունում եւ այլն: Հիմա սա մեռնելու է՝ գնա, դեմ կքվեարկենք, ու դուրս կգա իբրեւ քաղաքական փաստարկ: Իսկ ես չէի ուզենա՝ լիքը լավ բան կա»: Սակայն Արմեն Մարտիրոսյանը չհամաձայնեց. «Ոչինչ, 2 անգամ ներկայացրել ենք՝ 3-րդ անգամ էլ կներկայացնենք»: Եվ «Ժառանգություն» խմբակցությունն Արմեն Մարտիրոսյանի այս օրինագիծը ճանաչեց արտահերթ, եւ այն քննարկվեց ԱԺ երեկվա նիստում:

Քննարկմանը, մի բացառությամբ, մասնակցեցին միայն այն մարդիկ, ովքեր կողմ էին այս նախագծին: Անգամ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի բացասական եզրակացությունը ներկայացրեց Արտյուշա Շահբազյանը, որը հանձնաժողովում կողմ էր քվեարկել նախագծին դրական եզրակացություն տալուն: Վերջինս իր ելույթում հիշեցրեց, որ դեռ 2008-ին ստեղծվել էր մի հանձնաժողով, որը պետք է «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ կազմեր. «Աշխատանքն արվեց ու քնեց, դեռ չի բերվել ԱԺ»: Ի դեպ, Արմեն Մարտիրոսյանը մաս է կազմել հենց այդ աշխատանքային խմբին:

Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու, թեեւ փաստարկներ են բերում, որ այս նախագիծը քննարկելու ժամանակը չէ. «Դե, մեր երկրում ինչի ժամանակը երբ է՝ ոչ մեկին հայտնի չէ»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ելույթում հայտարարեց, թե կոալիցիան դեմ է ոչ թե նախագծին, այլ դրա ներկայացման ձեւին. «Նախագիծը քննարկումից հանեք, եւ մենք պատրաստ ենք համատեղ, երբ ժամանակը կգա՝ քննարկենք: Այսքանը: Պարզից էլ պարզ է, դուք էլ գիտեիք, որ այդպես պետք է լինի: Բա իհարկե՝ դեմ ենք քվեարկելու»։ Ակնհայտ արդյունքներով այս քվեարկությունը կկայանա այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել