Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պետք է հասկանաս ժողովրդի դարդ ու ցավը»

Մայիս 19,2010 00:00

Երեկ Գյումրիում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը

Երեկ Գյումրու ԲՀԿ-ական կառույցներում՝ ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանին պատկանող «Գարեջրի գործարանում», «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նորաբաց գրասենյակում եւ Գյումրու մանկավարժական ինստիտուտում բառի իսկական իմաստով մեծարեցին իրենց կուսակցական առաջնորդին՝ Գագիկ Ծառուկյանին: Վերջինս ԲՀԿ-ական նախարարների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ նախեւառաջ այցելեց Սամվել Բալասանյանի օբյեկտ՝ իր կուսակցության շարքերը համալրած մոտ 400 աշխատակիցներին հանդիպելու: Այստեղ մեկ անգամ եւս ներկայացնելով Սամվել Բալասանյանի ինքնակենսագրությունը՝ բանակից մինչեւ գործարար աշխարհ, որոշեցին նրան նշանակել ԲՀԿ փոխնախագահ: Այնուհետ ԲՀԿ-ականները եղան Գյումրու մանկավարժականում, որտեղ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ բարեգործությամբ. 15 մլն դրամ նվիրեց ինստիտուտին: Քանի որ Գյումրիում սկսել են խոսել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի է եկել, վերջինս իր ելույթը սկսեց հերքումով. «Իհարկե, որոշ մարդիկ մտածում են, որ հանդիպումը ընտրությունների հետ կապ ունի, ընտրությունների հետ ոչ մի կապ էլ չունի, ոչ թե մենք պետք է ժողովրդի հետ հանդիպենք միայն ընտրությունից ընտրություն, այլ պետք է տարին երկու-երեք անգամ հանդիպելով՝ լսենք ժողովրդին, որովհետեւ եթե դու ժողովրդի անունից խոսում ես, պետք է հասկանաս, իմանաս ժողովրդի դարդ ու ցավը»,- ասաց Ծառուկյանը: Վերջինս մանկավարժականում խոսեց տարբեր թեմաներից՝ արտագաղթի դաժան հետեւանքներից, վատ վիճակում գտնվող հայաստանյան տնտեսությունից, չկայացած երկրներում գումար չներդնելուց, ընտրակաշառքից:

«5000 վերցնելով, ձայն տալով, հինգը տարի, 10000 էլ տան, դա ոչ ապագա է, ոչ էլ երջանկություն է, կարեւորը սկզբունքը, պահվածքն ու աշխատանքն է»,- նշեց պարոն Ծառուկյանը:

«Առավոտը» պատգամավորից փորձեց հետաքրքրվել, թե կուսակցությունը պատրաստվո՞ւմ է արդյոք սեփական թեկնածու առաջադրել նախագահական ընտրություններում: Սակայն պարոն Ծառուկյանը պահանջեց իրատեսական հարցեր տալ. «Աչիկ ջան, էնքան շուտ է, որ նախագահական ընտրությունները քեզ հետաքրքրի, առջեւում դեռ խորհրդարանական ընտրություններն են, խորհրդարանական ընտրություններից հարցրեք, մեր մասին էլ գնացեք ժողովրդից հարցրեք ու թերթում էլ գրեք, եւ այդ դեպքում ոչ թե պատվեր կկատարեք, կամ էլ քնեք-կելնեք Ձեր երազները կմեկնաբանեք թերթերում, այլ ռեալ իրականությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել