Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԶՐԿԵՆ

Մայիս 19,2010 00:00

\"\"Նրանց, ովքեր, ըստ Սահմանադրության, չունեն անձեռնմխելիության իրավունք, եւ այն ստացել են տարբեր ժամանակներում, տարբեր օրենքների փոփոխության արդյունքում:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մի օրինագիծ, որի հրատապությունն առայժմ հասկանալի չէ, կարելի է զուտ ենթադրություններ անել, թե ինչու հատկապես հիմա է փոփոխվում օրենքների մի բույլ, երբ տեղի են ունենում կամ սպասվում են համայնքային ընտրություններ: Մեր զրուցակից պատգամավորներից մեկի դիտարկմամբ՝ «էնքան էին շատացել ամեն տեսակի թեկնածուները, մի տնից 5-6 գյուղապետի թեկնածու էր հայտնվում, 10-15 ավագանու թեկնածու, բոլորն էլ անձեռնմխելի: Չէինք կարողանում դրանց կարգի հրավիրել: Ինչո՞ւ, դուք ականատես չե՞ք եղել, թե ինչպես են իրար «ուտում» ՏԻՄ ընտրությունների ժամանակ նույն գյուղում կամ շրջանում»:

Արդարադատության նախարարը ներկայացնելով «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը՝ ասաց, թե նախագծերի ընդունումը բխում է կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (GRECO-ի) կողմից Հայաստանի Հանրապետությանն արված առաջարկություններից, համաձայն որոնց՝ անհրաժեշտ է վերանայել դատախազների եւ դատավորների անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգերը՝ նվազեցնելով վերադաս անհատական որոշում կայացնողների (հանրապետության նախագահ, Ազգային ժողով, գլխավոր դատախազ) մասնակցությունը, ինչպես նաեւ վերացնել ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված պատգամավորների թեկնածուների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների, մարզային հանձնաժողովների անդամների, համայնքի ղեկավարների եւ ավագանու անդամների թեկնածուների անձեռնմխելիությունը: Այս օրենքներում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են նաեւ ՀՀ Սահմանադրությամբ:

«Առավոտի» հետ զրույցում արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն ասաց. «Մեր դիրքորոշումը, որը համահունչ է հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրին եւ GRECO-ի դիրքորոշմանը, այն է, որ ընդհանրապես սահմանափակվի բոլոր այն պաշտոնատար անձանց անձեռնմխելիությունը, որոնք ֆիքսված չեն Սահմանադրությամբ: Բայց այս հարցի շուրջ եղան լուրջ տարաձայնություններ, նաեւ միջազգային կառույցներում: Սա այն խնդիրը չէր, որ ներփակվեց զուտ մեր հանրապետության ներսում քաղաքական ուժերի, իրավաբանների եւ այլնի շրջանակում: Նախ, խոսքը վերաբերում է ՄԻ աշխատակազմին, որոնց անձեռնմխելիությունը Սահմանադրությամբ նախատեսված չէ, եւ հետաքրքիրն այն է, որ աշխատակազմը կարծես ունի ավելի բարձր անձեռնմխելիությամբ կարգավիճակ, քան ինքը՝ Մարդու իրավունքների պաշտպանը, պատգամավորները եւ այլն: Մենք ոչ թե առաջարկում էինք իրենց զրկել, այլ առաջարկում էինք հնարավորինս համահունչ դարձնել ՄԻ կարգավիճակին: Բայց այս հարցի շուրջ տարաձայնություններ առաջացան Վենետիկի մասնագետների եւ GRECO-ի փորձագետների միջեւ: Ուստի այս պահին որոշեցինք հարցին առայժմ չանդրադառնալ: Պետք է գտնել լուծում, որը բնորոշ կլինի բոլոր երկրներին եւ ոչ միայն ՀՀ-ին»:

«Եթե մենք դատավորների համար վերապահում ենք անձեռնմխելիության որոշ տարրեր, որոնք նախատեսված չեն Սահմանադրությամբ, ապա դրանով մենք չենք խախտում Սահմանադրությունը: Ինչ վերաբերում է դատախազությանը, ապա դատախազների համար անձեռնմխելիություն սահմանված չէ ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ օրենսդրությամբ: Այստեղ խնդիրը մի փոքր այլ է»,- ասաց արդարադատության նախարարը:

Մեզ հետաքրքրում էր՝ եթե պաշտոնյան զրկվում է անձեռնմխելիությունից, զրկվում է նաեւ զենք կրելու իրավունքի՞ց: Նախարարի ներկայացմամբ, նման բան չկա եւ չի կարող լինել, քանի որ. «Անձեռնմխելիությունից զրկելը չի նշանակում զենք կրելու իրավունքի սահմանափակում»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ներկայացմամբ, այս փոփոխություններն առաջին հերթին վերաբերում են ՏԻՄ-երին, գյուղապետերին եւ ավագանու անդամներին: Մեր հարցին՝ ինչո՞ւ էին այս փոփոխություններն այսքան հրատապ, պարոն Սահակյանը պատասխանեց առանց հումորի. «Որովհետեւ շուտով նաեւ համայնքային ընտրություններ են լինելու, խնդիրը վերաբերում է մի սկզբունքի, որ եթե մարդը մեղավոր է, անկախ զբաղեցրած դիրքից, պիտի ձեւը գտնել՝ պատժելու համար, բայց քանի որ նաեւ ընտրությունների ընթացքը քաղաքական է, դրա համար թեկնածուների առումով դա խնդիր չի առաջացնում: Օրենքը չէր կարգավորում հարցը, օրինակ՝ պատգամավորի անձեռնմխելիության հարցն օրենքը կարգավորում է: Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա այս փոփոխություններն ամբողջովին ընդունելուց հետո գործելու է այն սկզբունքը, որ օրենքի առջեւ բոլորը պիտի պատասխան տան»:

Ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային կապերի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանի բացատրությամբ էլ՝ «Անձեռնմխելիության արտոնություն ունեցողները ուղղակի սնկի նման աճել էին, մինչդեռ Սահմանադրությամբ անձեռնմխելիությունը նախատեսված է սահմանափակ թվով պաշտոնների համար՝ ՀՀ նախագահի, պատգամավորների եւ դատավորների համար: Եվ հենց ԵԽԽՎ-ի մոնիտորինգի խումբը մի քանի անգամ բարձրացրել է հարցը, թե Հայաստանում անձեռնմխելիությունից օգտվողների ցանկը ընդարձակ է: Թե ուրիշ ինչ նպատակներ կարող են հետապնդել այս փոփոխությունները կամ ինչ հետեւանքներ կարող են ունենալ, դա արդեն այլ մարմինների գործն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել