Ըստ ուսանողների, Ազնավուրի հրապարակը մշակությաին կան մարզական համալիր չէ
Մայիսի 12-ին «Ուսման Իրավունք» նախաձեռնող խմբի անդամներ Սոս Ավետիսյանը եւ Դանիել Իոաննիսյանը՝ մայիսի 19-ին, ժամը 13-ին Շառլ Ազնավուրի հրապարակում հանրահավաք, եւ մայիսի 20-ին ժամը 13.15-ին ԵՊՀ-ից դեպի ՀՀ կառավարություն երթ անցկացնելու մասին իրազեկումներ են ներկայացրել Երեւանի քաղաքապետին:
Հանրահավաքը եւ երթը ուղղված էին բարձրաձայնելու ուսանողության ձայնը ընդդեմ կառավարության՝ բանակից մագիստրոսական եւ ասպիրանտական տարկետմամբ տեղերի կրճատման որոշման: Մայիսի 14-ին Երեւանի քաղաքապետարանը որոշում կայացրեց վերոհիշյալ 2 միջոցառումների անցկացումն արգելելու մասին: Հանրահավաքի անցկացումն արգելվեց՝ հիմնվելով օրենքի այն դրույթի վրա, որտեղ ասվում է, որ մշակութային եւ մարզական համալիրների տարածքներում հրապարակային միջոցառումները լիազոր մարմնի կողմից կարող են սահմանափակվել դրանցում անցկացվող միջոցառման բնականոն ընթացքը չխաթարելու նպատակով: Ըստ նախաձեռնող խմբի, Ազնավուրի հրապարակը չի հանդիսանում մշակութային կամ մարզական համալիր, եւ այնտեղ, ինչպես հայտնի է, բազմաթիվ անգամ հանրահավաքներ են կայացել: Քաղաքապետարանի որոշման մեջ նաեւ չի ասվում, թե այդ հրապարակում անցկացվող որ մարզական կամ մշակութային միջոցառման բնականոն ընթացքը կխաթարվեր հանրահավաքի անցկացման դեպքում: Իսկ երթի անցկացումն արգելվեց՝ հիմնվելով այն բանի վրա, որ երթի տեւողությունն այնքան մեծ է, որ կհանգեցնի այլ անձանց իրավունքների եւ ազատությունների ոչ ողջամիտ սահմանափակմանը, սակայն չպարզաբանելով, թե որոնք են այդ ազատությունները եւ ինչպես են դրանք սահմանափակվում: Ըստ նախաձեռնող խմբի ուղարկած հաղորդագրության, քաղաքապետարանը կազմակերպիչներին չէր առաջարկել երթի անցկացման այլ օրեր եւ այլ ժամեր կամ միջոցառման ձեւին վերաբերող այլ պայմաններ, ինչը պահանջում է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը:
Հիշյալ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքապետարանը պետք է մանրամասն պարզաբաներ արգելքների պատճառները, ինչը չի արվել:
Երեկ, ժամը 15-ին, Դանիել Իոաննիսյանը եւ Սոս Ավետիսյանը դիմել են ՀՀ վարչական դատարան՝ քաղաքապետարանի որոշումները անվավեր ճանաչելու պահանջով: Նշված գործով վարչական դատարանի նիստը կկայանա այսօր, ժամը 9-ին: