Կառավարությունն ու ՊԵԿ-ը ՀԴՄ կտրոնների միջոցով
պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս հասցրած գործարարներին չեն ուզում բացահայտել:
«Մեր տաղանդաշատ ժողովրդի ներկայացուցիչները բազմաթիվ հնարքներ են հորինել, թե ինչպես շրջանցել օրենքը եւ պետությունից փողեր փախցնել։ Շատ դեպքեր կան, որ 10 վայրկյանի ընթացքում ՀԴՄ 7 հատ կտրոն է խփվում՝ ամեն մեկը 1 մլն դրամի, որպեսզի հետագայում պետությունից բոնուս ստանա»,- սա վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունն է, որի հիման վրա տարեվերջին ամբողջովին փոխվեց ՀԴՄ չշահած կտրոնների դիմաց բոնուսներ տրամադրելու կարգը եւ նախորդ տարվա 4-րդ եռամսյակին էլ քաղաքացիներին ստիպեցին իրենց հավաքած կտրոնները նետել աղբարկղը: Վարչապետն իր այն որոշումը, որ սպառողները պետք է կտրոնների գումարի ընդամենը 1%-ի չափով բոնուս ստանան՝ հիմնավորում էր իր վերահսկողական ծառայության հայտնաբերած մի քանի չարաշահումներով, որոնք թույլ էին տվել որոշ անօրեն գործարարներ։ Օրինակ, շատ ընկերություններ տպագրել են ՀԴՄ կտրոններ եւ աշխատավարձի փոխարեն բաժանել իրենց աշխատողներին: Այն, ինչ հայտարարել էր վարչապետը, ոչ այլ ինչ է, եթե ոչ հանցագործության բացահայտում, որովհետեւ խոսքը պետությանը հասցված առանձնապես խոշոր չափի վնասի մասին է, ինչն էլ ենթադրում է, որ օրինախախտները պետք է քրեական պատասխանատվություն կրեն:
«Առավոտը» 2009-ի հոկտեմբերին գրավոր հարցում արեց կառավարությանը՝ վարչապետի օգնական Արամ Անանյանին եւ Պետական եկամուտների կոմիտեին՝ խնդրելով բացահայտել այն ընկերությունների անունները, որոնք աշխատավարձի փոխարեն ՀԴՄ կտրոն են բաժանել, եւ հասցրել են 10 վայրկյանում 7 հատ 1 մլն դրամանոց կտրոն տպել: Պետեկամուտների կոմիտեից այդ ժամանակ պատասխանել էին, որ՝ «Մեր կոմիտեի կողմից այդ ընկերություններում ներկայումս ուսումնասիրություններ են ընթանում: Դրանց անունները կհրապարակենք՝ ուսումնասիրությունների ավարտից հետո»: Օրինախախտների անունները, որքան գիտենք, պետական, բանկային կամ ռազմական գաղտնիք չեն պարունակում եւ պետք է որ արդեն բացահայտված լինեին, սակայն փաստն այն է, որ մինչ օրս կոմիտեն այդպես էլ չի ուզում հրապարակել այդ գործարարների անունները:
Հաշվի առնելով, որ ՀԴՄ կտրոն հավաքող հանրությունը մեծ հետաքրքրություն ունի այդ հարցում եւ ուզում է պարզել, թե ում պատճառով զրկվեց մի քանի հազար դրամ բոնուսից՝ մենք վերջին 1 ամսվա ընթացքում պարբերաբար գրավոր ու բանավոր բոլոր տարբերակներով փորձեցինք ձեռք բերել այդ «թանկ պահվող» անունները, սակայն՝ ապարդյուն: ՊԵԿ-ից ո՛չ մերժում են տրամադրել, ո՛չ էլ բացահայտում են օրինախախտներին:
Դժվար թե վարչապետը կառավարության նիստում հայտարարություն աներ՝ առանց նախապես իմանալու, թե ինչի մասին է խոսքը, ուստի, կարելի է ենթադրել, որ պետությանը խոշոր չափերի վնաս հասցրած գործարարներն այնքան էլ «կորած-մոլորած» չեն եւ իշխանություններին՝ նրանց ճաղերի ետեւում տեսնելը ձեռնտու չէ: Եթե նման խախտումներ հայտնաբերված լինեին ինչ-որ անհայտ, «վերեւների հետ չկիսվող» ձեռներեցի օբյեկտում՝ նրան հիմա վաղուց հրապարակայնորեն խայտառակած կլինեին, կդարձնեին պետության թշնամի, ինչ անհայտ ու մութ գործ էլ կա՝ կբարդեին վրան:
Նշենք, որ կառավարության վերջին նիստում ՀԴՄ կտրոնների վիճակահանության եւ պարգեւավճարների տրամադրման՝ վարչապետի որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարվեցին՝ իբրեւ թե շահող հատուկ համարներ պարունակող ՀԴՄ կտրոնների քանակը մեծացնելու եւ ֆիզիկական անձանց շահագրգռելու, որ պահանջեն ՀԴՄ կտրոն: Վարչապետի խոսքերով՝ «ակնկալվում է, որ որոշ չափով կբարձրանա հասարակության հետաքրքրությունը հանրային հսկողության այս մեխանիզմի նկատմամբ»: Փաստորեն, կառավարությունն ընդունում է, որ մարդիկ հիմա իսկապես հիասթափված են թե՛ իրենց տված չնչին կոպեկներից, թե՛ այն ամբողջ ստորացուցիչ պայմաններից, որոնց միջոցով հազիվ կարողանում են այդ մի քանի 1000 դրամ բոնուսը ստանալ: Արդեն 1 ամսից ավելի է՝ մեր խմբագրություն են զանգում քաղաքացիներ ու բողոքում, թե այս կամ այն բանկում քանի ժամ են հերթ կանգնել, թե որքան էլ քաշքշվել՝ այս մասնաճյուղից այն մասնաճյուղ գնալով ու մերժվելով: Ինչպես հայտնի է, չնայած վարչապետը խոստացել էր հարկային տեսչությունների պատերի տակ քնող բարեխիղճ սպառողներին ազատել քաշքշուկներից, հերթերից, եւ պարգեւավճարներ տալու գործառույթը դրեց ՀՀ առեւտրային բանկերի վրա, որոնք իրենց մասնաճյուղերով պետք է որ ազատ սպասարկեին քաղաքացիներին, պարզվեց, որ ՀԴՄ հավաքող հանրությունը հիմա էլ բանկերի պատերի տակ է քնում: Պատճառն այն է, որ շատ բանկեր հրաժարվել են ՀԴՄ-ների հետ գործ ունենալ, ու, ի հեճուկս վարչապետի խոստումների, քաղաքացիներին սպասարկեցին Հայաստանում գործող ոչ թե բոլոր առեւտրային բանկերը, այլ՝ ընդամենը 4 բանկ: Չնայած սպառողները, ըստ սահմանված կարգի, կարող են առաջին եռամսյակի չշահած կտրոնների բոնուսները ստանալ մինչեւ 2-րդ եռամսյակի ավարտը, այսինքն՝ մինչեւ հունիսի 30-ը, բայց ապրիլի վերջին բանկերն իրենց սպասարկման «լիմիտն» արդեն սպառել էին ու քաղաքացիներին չէին ընդունում: Բողոքներին ի պատասխան՝ Պետեկամուտների կոմիտեից ասում էին, թե իրենք բանկերի նկատմամբ վերահսկողություն չունեն ու չեն կարող պարտադրել, որ բոնուս ստացողներին ընդունեն: Հաշվի առնելով, որ բանկերի վերահսկողը Կենտրոնական բանկն է, ՀԴՄ հավաքող հանրությունը հավանաբար պետք է ԿԲ-ի դռները կոտրեր բոնուսների համար:
Ավելի ուշ ՊԵԿ-ից բարեխիղճ սպառողներին ավետեցին, որ հինգշաբթի օրվանից «Հայփոստի» ցանկացած մասնաճյուղից կարող են առանց հերթերի սպասարկվել, սակայն ուրբաթ օրը, երբ կտրոնների տրցակը ձեռքներին մարդիկ դիմում էին «Հայփոստի» բաժանմունքներ՝ աշխատակիցները վստահեցնում էին, որ իրենք նման հրաման չեն ստացել, որ չգիտեն անգամ, թե ինչպես պետք է կտրոնները հաշվեն ու գրանցեն: Մի քանի օր ՀԴՄ հաշվել սովորելուց հետո նոր միայն «Հայփոստի» աշխատակիցները սկսեցին սպասարկել: