Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ՝ ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍ

Մայիս 18,2010 00:00

\"\"Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանը՝ բազում փոփոխություններ եւ, միեւնույն ժամանակ, ալեկոծությունից հանգիստ «ջրեր» խոստանալով:

«Փյունիկն» առանց որեւէ դժվարության 4:1 հաշվով հաղթեց մի կերպ գոյատեւող «Շիրակին»: Ցավալի է փաստել, բայց տարեցտարի գյումրեցիների մարզական պոտենցիալը նվազում է, թիմն էլ՝ վերածվում աջ ու ձախ միավորներ բաժանողի: Այս առաջնության բոլոր ութ խաղերում «Շիրակը» պարտություն է կրել՝ գնդակների 4:21 հարաբերակցությամբ: Թվերը տվյալ պարագայում ավելի քան խոսուն են:
Երեւանի «Ուլիսն» ութերորդ տուրում իր առավելությունը երկու անպատասխան գնդակների տեսքով նյութականացրեց «Իմպուլսի» հանդեպ՝ կրկին թույլ չտալով Վարուժան Սուքիասյանի սաներին գոլի հեղինակ դառնալ, ինչպես էր մեկնարկային խաղում:
Առաջին շրջանի մեկնարկային տուրում «Գանձասարի» նկատմամբ սենսացիոն հաղթանակ տոնած «Կիլիկիան» արդեն այլ մարզչական կազմով երեք գնդակ ընդունեց սեփական դարպասը՝ այդպես էլ չկարողանալով գտնել կապանցիների դարպասի բանալին: Սա «Կիլիկիայի» վեցերորդ պարտությունն էր, այն էլ՝ անընդմեջ: Ավելին՝ վերջին երեք խաղերում Սամվել Դարբինյանի տղաները մրցակիցներին զիջել են միեւնույն՝ 0:3 խոշոր հաշվով: Բացի այդ, նշված վեց հանդիպումներում կիլիկիացիները չեն կարողացել նաեւ գոլի հեղինակ դառնալ: Իսկ ահա «Գանձասարի» համար այս հաղթանակը, այն էլ՝ խոշոր հաշվով, առաջինն էր չորս անընդմեջ պարտություններից հետո:
Առաջին տուրի համեմատությամբ եւս մի տրամագծորեն հակառակ արդյունք գրանցվեց արդեն «Բանանց»-«Միկա» խաղում: Ստեւիցա Կուզմանոսկու սաները գավաթի խաղարկության շրջանակներում արդեն հասցրել էին «վրեժխնդիր» լինել փոխչեմպիոնից՝ մեկնարկային տուրում նվաստացուցիչ 4:0 հաշվով պարտության համար: Այս անգամ էլ «Բանանցը» ռեւանշի հասավ «Միկայի» նկատմամբ՝ տոնելով երրորդ անընդմեջ հաղթանակն ու ընդհատելով «Միկայի» հինգ անպարտելի խաղերի շարքը: Ի դեպ, գործող փոխչեմպիոնը վերջին երկու տուրերում ոչ միայն հաղթանակի չի կարողանում հասնել, այլեւ խաղադաշտից հեռանում է իր ակտիվում զրո գնդակ ունենալով: Չեմպիոնական նկրտումներ ունեցող թիմի համար սա առնվազն անթույլատրելի է: Հետաքրքիր է նաեւ այն, որ «Միկայի» անհաջողությունների շարքը համընկավ ակումբի ղեկավարությունում կատարված փոփոխությունների հետ: Դա, իհարկե, կարող է պարզապես զուգադիպություն լինել, սակայն նման զուգադիպությունները շատ ու շատ տարօրինակ են: Նախ, ոչ-ոքի «Ուլիսի» հետ, ապա՝ պարտություն «Բանանցից»: Եվ այժմ «Միկան» մրցաշարային աղյուսակում միայն չորրորդն է՝ առաջ թողնելով ոչ միայն վերջին տարիների մշտական չեմպիոն «Փյունիկին», այլեւ՝ «Բանանցին» եւ «Ուլիսին»: Իսկ ահա «Բանանցը», չնայած առաջնության մեկնարկային «սառը ցնցուղին»՝ «Միկայից» անհամեմատ ավելի կայուն է հանդես գալիս: Գրանցելով ընդամենը երկու ոչ-ոքի «Փյունիկի» եւ «Ուլիսի» հետ խաղերում՝ Կուզմանոսկու սաները այսօր երկրորդ հորիզոնականն են կիսում «Ուլիսի» հետ՝ ընդամենը 3 միավոր զիջելով առաջատարին: Իսկ առաջնությունում նախատեսված առաջիկա դադարն էլ պատրաստվում են օգտագործել՝ թիմում փոփոխությունների կատարման ծրագրեր մշակելով: Հայտնի է արդեն, որ «Բանանցը» մտադիր է հրաժարվել մի քանի լեգեոներների ծառայություններից: Ի դեպ, նաեւ սա է հայկական ֆուտբոլի ու, մասնավորապես, «Բանանցի» հիմնական առանձնահատկություններից մեկը. լեգեոներները փոփոխվում են կայծակնային արագությամբ, թեեւ առաջնության մեկնարկից առաջ բոլորը համոզված են լինում, որ այս տարվա լեգեոներների մակարդակը ուրիշ է:
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի արդյունքները: «Փյունիկ»-««Շիրակ»՝ 4:1, «Բանանց»-«Միկա»՝ 2:0, «Ուլիս»-«Իմպուլս»՝ 2:0, «Գանձասար»-«Կիլիկիա»՝ 3:0:
Ութ տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:
1. Փյունիկ 8 6 2 0 22-5 20
2. Բանանց 8 5 2 1 20-11 17
3. Ուլիս 8 5 2 1 12-3 17
4. Միկա 8 5 1 2 12-6 16
5. Իմպուլս 8 3 1 4 6-12 10
6. Գանձասար 8 2 0 6 7-15 6
7. Կիլիկիա 8 2 0 6 6-16 6
8. Շիրակ 8 0 0 8 4-21 0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել