Լրահոս
Օրվա լրահոսը

«Թանգարանային գիշերը»՝ Վանաձորում

Մայիս 18,2010 00:00

«Թանգարանները՝ որպես ցկյանս միջավայր միջմշակութային երկխոսության համար (A-muse All)» նախագիծը մեկնարկել է 2009թ.-ին: Տարածաշրջանային այս ծրագրին մասնակցում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը: 30 ամսվա տեւողություն նախատեսող ծրագրին աջակցում են հասարակական եւ պետական 8 կազմակերպություններ՝ վերոհիշյալ երկրներից: Ծրագրի ընդհանուր բյուջեն 550 հազար եվրո է, 495 հազար եվրոն տրամադրում է Եվրոպական հանձնաժողովը, 55 հազարը՝ Գերմանական պետական համագործակցության եւ զարգացման նախարարությունը:
Հայաստանում այս ծրագրի շրջանակներում անցկացվող «Թանգարանային գիշեր» միջոցառմանը մասնակցում են Լոռու եւ Շիրակի մարզերի 10 թանգարաններ: Մայիսի 15-ի «Թանգարանային գիշեր» միջոցառումը Վանաձորի Ստ. Զորյանի տուն-թանգարանում մեկնարկեց ժամը 18-ին եւ տեւեց մինչեւ կեսգիշեր: Ներկա էին քաղաքի մտավորականները, երգի-պարի խմբեր, անհատ կատարողներ:
«Թանգարանային գիշեր» միջոցառումը մշակութային միջազգային տոն է: Աշխատաժամից դուրս բաց են ոչ միայն Ստեփան Զորյանի տուն-թանգարանի, Լոռու մարզի եւ Վանաձորի, այլ ողջ Եվրոպայի թանգարանների դռները,- ողջույնի խոսքում ասաց Ստ. Զորյանի տուն-թանգարանի տնօրեն, բանաստեղծուհի Լենա Անթառանյանը:- Անցյալ տարի մենք առաջին անգամ միացանք այս տոնին, եւ հիմա գնալով ավելի է մեծանում հետաքրքրությունը»: «Ցավոք, վերջին երկու տասնամյակներում զգալի է թանգարանների եւ հանրության միջեւ կապի խզումը: «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառումը ինքնատիպ խթան է այդ խաթարված կապի վերականգնման համար»,- ասաց ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը:
Վանաձորի «Թռիչք» հ/կ-ի անդամները թանգարանի բակում ծառ «տնկեցին», որի տերեւներին ներկաները գրեցին Զորյանի ստեղծագործությունների հերոսների անունները եւ կարծիք հայտնեցին դրանց մասին:
Ելույթ ունեցան ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի ուսանողները, քաղաքի թիվ 1 մշակույթի տան սաները (պարուսույց՝ Քրիստինե Խանզադյան), Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախումբը (ղեկավար՝ Սերգեյ Հարությունյան), «The best girls» (Անահիտ եւ Մելինե), «Ֆոլանս դանս» (ղեկավար՝ Տաթեւիկ Գալստյան) պարի խմբերը, իր գործերից կարդաց երիտասարդ բանաստեղծ Հրայր Հակոբյանը: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Մայիս Սարգսյանի ղեկավարած «Բոհեմ» կամերային թատրոնի սաները, Վանաձորի թիվ 13 միջնակարգ դպրոցի պարի (ղեկավար՝ Ռուզաննա Անտոնյան) խմբերը թատերականացված դրվագներ ներկայացրին Ստեփան Զորյանի եւ Նաիրի Զարյանի ստեղծագործություններից: Միջոցառումը վարում էր ասմունքող, դերասան Իվան Անտոնյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել