Այն երկրները, որոնք մտադիր են ակտիվանալ Հարավային Կովկասում, դիմում են Լեռնային Ղարաբաղի թեմային: Այդ մասին «Արմինֆոյին» հայտարարել է «Ակունք» վերլուծական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի եւ Իրանի ատգործնախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ Իրանի արտգործնախարար Մահուչեհր Մոթթաքիի վերջին առաջարկությանը:
Քաղաքագետի ասելով, Իրանի այդ առաջարկության գլխավոր պատճառներից մեկը Թեհրանի եւ Անկարայի միջեւ մրցակցությունն է տարածաշրջանում առաջատարության համար: Սակայն, մյուս կողմից, ով ցանկանում է ակտիվանալ տարածաշրջանում, սկսում է իր ծառայություններն առաջարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: «Հնարավոր է, այդ թեմային դիմում են, ասենք, բարի մտադրություններով, սակայն Լեռնային Ղարաբաղի խնդիրը, դժբախտաբար, դարձել է տարբեր շահարկումների առարկա եւ քաղաքական շահաբաժիններ կորզելու միջոց»,- նշել է նա: Սակայն, ըստ Հակոբյանի, Իրանի առաջարկությունը նախ փոքր-ինչ ուշացած է, երկրորդ, միջնորդների առկա ձեւաչափն ինքնաբավ է, եւ նրանք չեն շտապում իրենց կազմում էլի ինչ-որ մեկին ընդգրկել: