Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնավոր հատվածը ներդրում չի անում

Մայիս 18,2010 00:00

Մայիսի 16-22-ը Ծաղկաձորում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախաձեռնությամբ կկայանա  կենսաֆիզիկայի գծով միջազգային գիտաժողով՝ «Սոլվատացիոն եւ իոնական էֆեկտները բիոմոլեկուլային ճանաչողության մեջ. տեսությունից դեպի էքսպերիմենտ»: Մասնակցում են ավելի քան 10 պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Անգլիայից, Գերմանիայից եւ այլ երկրներից: Հրավիրված են նաեւ աշխարհահռչակ մասնագետներ Ջենս Վոլկերը, Էդվին Դոնաթը, Կազու Ակասական, Ռոբերտ Բ. Մաքգրեգորը, Յուրի Նեչիպուրենկոն, Ռոլանդ Վինթերը, Հյու Սան Չանը եւ այլք:
Տորոնտոյի եւ Հյուսիսային համալսարանների հայ պրոֆեսորների նախաձեռնությամբ՝ այս տարի եւս 10 պետությունների նշանավոր գիտնականներ են Հայաստան ժամանել: Հայաստանում երկրորդ անգամ անցկացվող գիտաժողովը, ըստ ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի,  օգտակար է ոչ միայն փորձի փոխանակման առումով. «Այս հանդիպումը մեզ ասպիրանտների փոխանակման հնարավորություն է տալիս, գիտաժողովից հետո կունենանք նաեւ համատեղ գրանտային ծրագրեր, միգուցե նաեւ նոր պայմանագրեր: Այս տարի գիտաժողովին նաեւ Իսրայելի ներկայացուցիչներ կան, ես հույս ունեմ, որ Իսրայելի հետ եւս կունենանք պայմանագրեր: Ինչ վերաբերում է գիտաժողովի դրական  արդյունքներին, դրանք տեսանելի կլինեն երկու տարի հետո»: Պարոն Հարությունյանը նաեւ նկատեց, որ գիտության բնագավառը ճգնաժամային փուլում է, բայց վիճակը  անհուսալի չէ. «Բյուջեն շատ փոքր է, բայց վերջին մի քանի տարիներին  բավականին առաջընթաց է նկատելի, երեւի  կամաց-կամաց կլավանա, խնդիրն այն է, որ մասնավոր հատվածը գիտության մեջ գրեթե ներդրում չի անում, իսկ ցանկացած երկրի գիտության որակը  հիմնականում մասնավոր հատվածի ներգրավվածությամբ է որոշվում: Ինչքան շատ է մասնավոր հատվածը ներգրավված, այնքան մեծ է վստահությունը գիտության նկատմամբ, մեր բիզնեսի ներկայացուցիչները դեռ պատրաստ չեն գիտությանն աջակցելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել