Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՇԵՖ ՉՈՒՆԻ

Մայիս 18,2010 00:00

Կամ կրթության որակի անկման, «զզվելի» պաշտոնյաների ու «Պատժական դաստիարակագիտության» մասին

Վերջերս ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի հանձաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ասուլիսում խոսելով հանրակրթության որակի անկման մասին, կարծիք էր հայտնել, թե դրա մեղավորներից մեկը Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանն է՝ իր անհաջող «արտադրանքով»: Պատգամավորը հավելել էր, թե այդ բուհում փոխելու այնքան շատ բան կա, որ ավելի հեշտ է բուհը փակել, քան եղածը շտկել: «Առավոտի» հետ զրույցում Ա. Բախշյանը նորից շեշտեց, որ Մանկավարժական համալսարանի վերաբերյալ իր կարծիքում անձնավորված որեւէ բան չկա եւ ինքը մի քանի տասնյակ տարի լինելով մանկավարժության բնագավառում, օրեցօր ավելի է հիասթափվում Մանկավարժական համալսարանի տված կրթությունից:
Իսկ ինչո՞ւ է այդքանից հետո Մանկավարժականի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը շարունակում պաշտոնավարել: Արդյո՞ք պատճառն այն է, որ նա ՀՀԿ անդամ է եւ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի սանիկը: Ա. Բախշյանի խոսքով, երկու պարագան էլ կարող է նշանակություն ունենալ, չնայած, ըստ նրա, Մանկավարժական համալսարանը նախորդ ռեկտորների օրոք էլ չի փայլել կրթության որակով: «Ո՞վ չգիտի՝ Մանկավարժական համալսարանում որոշների դիպլոմ ստանալու մարմաջը բավարարելու նպատակով ի՞նչ կոռուպցիոն շղթա է գործում… Կրթության ոլորտի պետական շահն ուղղակի պահանջում է, որ վերանայվի Մանկավարժական համալսարանում տրվող կրթության որակը: Ի դեպ, իմ այս հայտարարությանն ի պատասխան՝ Մանկավարժական համալսարանի որոշ կարկառուն ներկայացուցիչներ որոշել են ինձնից բողոքել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ու նամակ են հղել նրան: Ես զարմացած եմ, որ գիտական կոչումով այդ մարդիկ մինչ օրս չգիտեն՝ ի՞նչ է նշանակում ԱԺ պատգամավոր լինել: Նրանք չեն հասկանում, որ Հովիկ Աբրահամյանը պատգամավորի շեֆը չէ, որ ինձ կարգի հրավիրի»,- տարակուսում է պատգամավորը: Վկայակոչելով մեր թերթի հրապարակումներից մեկը՝ Աշխատանքի տեսչության ուսումնասիրությունների արդյունքում Մանկավարժական համալսարանում արձանագրված աղաղակող խախտումների ու դրանց համապատասխան հետեւանք չունենալու մասին, տիկին Բախշյանը փաստում է. «Չեմ զարմանում, որ սայլը տեղից չի շարժվում: Վերահսկիչ պալատը եւս ուսումնասիրություններ է իրականացնում, հսկայական փաստեր արձանագրում, հրապարակում միլիոնավոր դրամների յուրացման, կամ, մեղմ ասած՝ ոչ արդյունավետ օգտագործման մասին, բայց ոչինչ չի փոխվում: Հուսամ՝ մի օր խոսքը գործ կդառնա: Այսպիսով նաեւ ՀՀ նախագահի կոչին եմ արձագանքում, երբ ինքը զզվելի մարդկանց մասին է խոսում, ովքեր իրենց ձեռքը անազնիվ նպատակներով դեպի բյուջե են տանում կամ բյուջեն ճիշտ չեն կիրառում: Այս առումով Մանկավարժական համալսարանը եւս բացառություն չէ: Ասածս մերկապարանոց չհնչելու համար տրամադրում եմ Ձեզ Մանկավարժական համալսարանի բակալավրիատի 2010 թ. մի ծրագիր, որի վերնագիրն է՝ «Պատժական դաստիարակագիտություն (ուղղիչ աշխատանքային մանկավարժություն)»: Երբ տարիներ շարունակ ասում եմ, որ Մանկավարժական համալսարանն արդի մանկավարժությանը համապատասխան կրթություն չի իրականացնում, նաեւ այսպիսի ծրագրերը նկատի ունեմ: «Պատժական դաստիարակագիտություն» բառակապակցություն կամ տերմին ես իմ ողջ կյանքում ու մանկավարժական գործունեության ընթացքում ոչ մի փաստաթղթում չեմ հանդիպել: Իմ դավանած մանկավարժությունը հենվում է երեխայի ուժեղ կողմերի վրա, վերհանում անձի յուրահատկությունները, կարողությունները, բացահայտում նրան: Խթանում է նրա հմտությունները վերհանելուն, օգնում է ինքնակառավարվել եւ ձեռք բերել ինքնավստահություն՝ իրեն լավագույնս դրսեւորելու համար: Արդյունքում՝ սովորողի մոտ ձեւավորվում է արժեքային այնպիսի համակարգ, որը պահանջվում է Պետական կրթակարգով: Դրա մեջ պատժել հասկացությունը չկա, իսկ Մանկավարժականում, պարզվում է՝ կա: Նման հետադիմական ծրագրի գոյության փաստից արդեն կարելի է համապատասխան եզրակացություն անել Մանկավարժական համալսարանի մասին: Այսօր ոչ միայն առաջադեմ աշխարհը, այլեւ ՀՀ կրթական քաղաքականությունն արդեն որդեգրել է ներառումը հասարակության մեջ: Այսինքն, առանց խտրականության՝ հասարակության բոլոր անդամները պիտի ներառված լինեն ամեն ինչի, մասնավորապես՝ կրթության մեջ, մինչդեռ Մանկավարժականում դեռ խոսում են դեֆեկտոլոգիայի մասին՝ այդպիսի ֆակուլտետ ունեն: Իրենց կրթությունը մարդու դեֆեկտների վրա է «հենվում» …Կրկնում եմ՝ Մանկավարժական համալսարանում այնքա՜ն բան կա փոխելու…»,- շեշտում է ԱԺ պատգամավորը:
Նա նշում է, որ քիչ չեն նման թեմայով մամուլի հրապարակումները, որոնք հաճախ մնում են անարձագանք: Այս հոդվածով Ա. Բախշյանն ակնկալում է պատկան մարմինների, ԿԳ նախարարության համապատասխան վերաբերմունքը, որոնց նաեւ մի քանի հարց է ուղղում՝ ի՞նչ սկզբունքների վրա է դրված Մանկավարժական համալսարանում կրթությունը, արդյո՞ք բուհական կրթության բնագավառում Մանկավարժական համալսարանի ուսումնական գործունեությունը համապատասխանում է պետական քաղաքականությանը, եթե այո, ապա բակալավրիատի «Պատժական դաստիարակագիտության ծրագիրը» ո՞ր համատեքստում է: Կամ նախագահին կից Հանրային խորհրդում կրթության բնագավառը ղեկավարող Մանկավարժականի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, նման պատասխանատու հանրային ղեկավարում ունենալով, ինչպե՞ս է նայում իր եւ հանրությանը հետաքրքրող այս հարցերին:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել