Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու եւ ինչ անել

Մայիս 18,2010 00:00

Կանխելու համար ոչ հայերեն դասավանդմամբ դպրոցների բացման կառավարական ծրագրերի իրականացումը:

«Լեզվի մասին» օրենքում վերջին շաբաթների քննարկումները ցույց տվեցին, որ խնդիրը բոլորովին էլ կրթական ոլորտում չէ: Դա ապացուցում են հետեւյալ հանգամանքները:
ա/ Մի կողմից, օրինագծի բացատրագրի մեջ ԿԳ նախարարը գրում է, որ «որակյալ կրթություն ստանալու պահանջարկը մեծ է, իսկ արտերկրում դա ապահովելու հնարավորություն ունեցողներինը՝ քիչ», փաստորեն պնդելով, որ միայն արտերկրի, այն է՝ օտարալեզու կրթությունը կարող է որակյալ լինել, մյուս կողմից նույն ինքը հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում հայտարարում է, թե կրթության լեզուն ոչ մի նշանակություն չունի, եւ հայալեզու հատուկ դպրոցները, ինչպիսիք են Ֆիզմաթ դպրոցը, «Քվանտ» վարժարանը եւ նման այլ ուսումնական հաստատություններ նաեւ հայերեն ուսուցմամբ տալիս են այնպիսի բարձրորակ կրթություն, որ դրանց աշակերտները կարողանում են հաղթել միջազգային օլիմպիադաներում: Եվ դա իրոք այդպես է: Սակայն կարիք չկա հարցնելու, թե ի՞նչն է խանգարում նախարարությանը այլալեզու դպրոցներ բացելու փոխարեն՝ ամբողջ կրթական համակարգը բարձրացնել Ֆիզմաթի եւ «Քվանտի» մակարդակին: Այս հարցի պատասխանը կրկին, ինչպես տեսնում ենք, ոչ միայն կրթական ոլորտում չէ, այլ նաեւ դուրս է տրամաբանական դաշտից:
բ/ Իշխանությունների կողմից վճռականության դրսեւորումը: Նույնիսկ քննարկումներին մասնակցելու պատրաստակամություն հայտնելով՝ կառավարության ներկայացուցիչները փորձում են հասկացնել, որ ամեն ինչ արդեն որոշված է եւ փոխվել կարող են միայն առանձին քանակական բնույթի մանրամասներ (սահմանափակել օտարալեզու դպրոցների թիվը 2 տոկոսով, հետո ցուցադրական նահանջով հասցնել այն 1%-ի, հետո 0.1%-ի, 0.0000001%-ի), բայց ոչ ինքը՝ գաղափարը: Այսինքն, «ուզեք-չուզեք»՝ օտարալեզու դպրոցները պիտի բացվեն: Դա հուշում է, որ հիմնական որոշումը քաղաքական է եւ իրենց փոխարեն հարցը վաղուց արդեն որոշված է «վերեւում»: Բայց ի՞նչ «վերեւի» մասին կարող է խոսք լինել՝ անկախ երկրի դեպքում: Իսկ ահա թե ինչ.
գ/ Հեղափոխություններ՝ ղրղզականի նմանությամբ, կարող են կրկնվել ԱՊՀ ցանկացած երկրում, եթե դրանց իշխանությունները Կուրմանբեկ Բակիեւի ղեկավարման սխալներից դասեր չքաղեն: Այսպես է արտահայտվել Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը Ղրղըզստանի հեղափոխության մասին խոսելիս: Ասված է պարզ, անկեղծ եւ բաց շարադրանքով: Կարելի է, իհարկե, ասել, թե խոսքը Բակիեւի վարչակարգի կոռուպցիական եւ կլանային բնույթի մասին է: Իսկ ինչպե՞ս պետք է հասկանալ Ռուս հայրենակիցների աջակցության եւ օգնության հիմնադրամի գործադիր տնօրեն Իվան Սեմյոնովի ցանկությունն, ուղղված Հայաստանի Նախագահին «…ազատականացնել «Լեզվի մասին» օրենքը, որը հապճեպ ընդունվել է 93 թվականին», այն էլ այն բանից հետո երբ խոստովանում է, որ ռուսական համայնքը Հայաստանում ամենեւին էլ չի բախվում խտրականության հետ: Եւ դեռ գտնում է, որ պետք է սահմանել ռուսաց լեզվի կարգավիճակը՝ «արդյո՞ք այն օտար լեզու է, թե՞ ոչ»: Սակայն կարիք չկա ինքնախաբեությամբ զբաղվել. Մեդվեդեւը չափազանց պարզ եւ մատչելի է արտահայտվել: Այնքան մատչելի, որ մեր կառավարությունում նրան անմիջապես հասկացել են: Եվ կարիք չկա համոզելու, թե օրինագծի մշակումը սկսվել էր այդ դեպքերից առաջ: Գուցե: Համենայնդեպս, խորհրդարան այն ներկայացվել է Ղրղըզստանի դեպքերից շատ ավելի ուշ:
Բերված փաստարկները, կարծում եմ, բավական են հասկանալու համար, որ, իսկապես, կառավարության՝ օտարալեզու դպրոցներ բացելու ծրագրերը կապ չունեն կրթական ոլորտի հետ, այլ ամբողջովին գտնվում են քաղաքական դաշտում:
Ի՞նչ պիտի անենք մենք՝ այս օրինագծի ընդունման վտանգները գիտակցողներս:
ա/ Նախ եւ առաջ մենք պետք է նաեւ գիտակցենք, որ անհնար է ապացուցել իշխանավորներին օտարալեզու դպրոցներ բացելու վտանգները: Անհնար է՝ այն պարզ պատճառով, որ նույնիսկ համոզվելու դեպքում իրենք չեն խոստովանի, թե համոզվել են: Դա չի նշանակում, որ բացատրել պետք չէ, քանի որ զուգահեռաբար խնդրի էությունը ներկայացվում է նաեւ մեր սովորական, ոչ իշխանավոր հայրենակիցներին, որոնցից շատերը կրթական հարցերում մասնագետ չլինելով՝ իրոք չեն գիտակցում վտանգները: Պարզապես պետք չէ ակնկալել, թե սոսկ դրանով հնարավոր է լուծել հիմնական հարցը. ստիպել, որ կառավարությունը հետ կանչի իր նախագիծը: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ճնշում իրագործել բոլոր հնարավոր ուղղություններով:
բ/ Պետք է հասնել նրան, որ իշխանությունները գիտակցեն, որ, թեեւ հայտնվել են արտաքին «մուրճի» եւ ազգային «զնդանի» արանքում, եւ պիտի նախընտրեն միջոցներ գտնել խուսափելու մուրճի հարվածից, այլ ոչ թե շարունակեն քայքայել եւ մասնատել զնդանը, քանի որ, ինչպես ցանկացած զնդան, այն շատ ավելի կարծր է ու զանգվածեղ՝ փշրվելու համար, քան կարող է թվալ: Իշխանությունները պիտի գիտակցեն, որ ունեն փրկվելու երկու միջոց. կամ մնալ իրենց տեղում՝ խուսանավելով մուրճի հարվածից, կամ էլ փախչել:
գ/ Հակառակ դեպքում պետք է պահանջել կառավարության հրաժարականը՝ ամբողջ կազմով: Այս ազգադավ նախաձեռնության համար պատասխանատու են ոչ միայն վարչապետն ու ԿԳ նախարարը, այլեւ բոլոր այն նախարարները, ովքեր չեն տվել այդ նախագծին իրենց բացասական եզրակացությունը:
դ/ Պետք է պահանջել, որ օրենսդրական փոփոխություններ կատարվեն, որոնք ոչ միայն կբացառեն հետագայում նման հարցի բարձրացման փորձն իսկ, այլեւ կկարգավորեն լեզվական հարաբերությունների այն դեպքերը, որոնք չեն դիտարկված գործող օրենքում:
ե/ Պետք է կառավարության ու առավել եւս ԿԳ նախարարության ենթակայությունից դուրս բերել Լեզվի տեսչությունը, հայտարարելով այն վերգերատեսչական մարմին (քանի որ չկա պետական, հասարակական կազմակերպություն կամ անհատ, որի լեզվական գործունեությունը ենթակա չլինի կարգավորման):
զ/ Պետք է գտնենք միջոցներ (թե՛ նյութական եւ թե՛ կազմակերպչական), ապահովելու համար առկա տեղեկութային հոսքերի հայերեն թարգմանությունների նվազագույն անհրաժեշտ մակարդակը (այդ թվում՝ Վիքիպեդիայի, զանազան առցանց բառարանների, նորությունների հոսքերի եւ այլ պաշարների): Այն է՝ նոր Թարգմանչաց շարժում կազմավորելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել