Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ

Մայիս 18,2010 00:00

Դիմում մեր պետական այրերին

Անմիջապես մի մեծ հարցական կախվեց օդում. օտարալեզու դպրոցնե՞ր, ինչո՞ւ: Ամեն օր, ամեն քայլափոխի թվում է, թե ապրում ես մի երկրում, որ պարզապես ապահովում է ժամանակավոր գոյություն, մինչեւ… Ամենակենցաղային հարցերից մինչեւ հոգեւորը խարխափում է. ասես բարակ լարի վրայով քայլելիս լինենք: Հասարակության մի մասը, որ թյուրմացաբար էլիտա է կոչվում, առաջ է տանում հներից ժառանգած «մեր դեմ խաղ չկա»-ի կանոնները, իսկ հոգնած ու հիասթափված ժողովուրդը օրվա հացի խնդիրն է լուծում: Մնաց մտավորակա՞նը… դառնաս ու հարցնես՝ ի՞նչ անի այսօրվա մտավորականը. գլուխը ո՞ր քարովը, ո՞ր պատովը տա: Մտավորականը պետք է գրի կամ խոսի, չէ՞, ուրիշ ի՞նչ անի, որ ձայնը լսվի… նախագահականի մոտ իրեն վառի՞… (անկեղծ ասած, չեմ կարծում, թե մեր իշխանություններն այդ արարքը կողջունեն, վերջապես դեպի քաղաքակրթություն ենք գնում, չէ՞)…
Իբր քիչ է ամենօրյա մեր քաշածը երթուղայինների ու հեռուստացույցի ճիրաններում՝ հիմա էլ էս փորձանքը: Իսկ «սա» արդեն վերջն է, ոնց որ ասում են մեր ջահելները: Փորձե՞լ ենք ճշտել, թե այսօր ինչ սերունդ ունենք, գրագիտության ի՞նչ աստիճան է. եւ փոխարենը այսօր ազգովի գլուխներս բռնած մտածենք, թե ոնց շտկենք իրավիճակը, հանկարծ մի նոր գյուտ… Հետաքրքիր է՝ ո՞ւմ հանճարեղ գաղափարն է բացարձակ միատարր ժողովրդի առկայութամբ բացել օտարալեզու դպրոցներ:
Սա ի՞նչ է, ո՞վ է հեղինակը եւ, անենակաեւորը, ինչո՞ւ: Գոնե մի տրամաբանական պատասխան կամ հիմնավորում կա՞… Ուզում ենք, որ մեր երեխաները լավ տիրապետեն օտար լեզուների՞ն, ողջունելի է, բայց ինչո՞ւ օտար դպրոցներ: Հնարավոր չէ՞, արդյոք, բոլոր դպրոցներում կայուն ու ամուր հիմքերի վրա դնել օտար լեզուների ուսուցումը կամ լրացուցիչ դասընթացներ կազմակերպել ցանկացողների համար: Ոչ վաղ անցյալում ռուսական դպրոցների պատճառով ունեինք շերտավորված հասարակություն, լա՞վ էր: Հիմա ազգովի «էլիտայի» ձեռքն ենք կրակն ընկած, բավական չէ՞…
Մենք այսօր երիտասարդների արտահոսք ունենք, եւ հիմնականում կրթված ու գրագետ հատվածի, որ իրոք կորուստ է ազգի համար: Հիմքում սոցիալական խնդիրն է, նաեւ մեր անմտածված ներքին քաղաքականության արդյունքը: Մտածո՞ւմ ենք, թե ոնց ենք երկիր պահելու, չէ՞ որ լեզուն նաեւ մտածողություն է, դաստիարակություն, պատմություն, մշակույթ: Մենք խելքի գալո՞ւ ենք, թե՝ չէ: Ո՞ւր եք տանում ինքներս մեզ, մեր երկիրը, ի՞նչ քաղաքացի ենք պատրաստում. համաշխարհայի՞ն: Հասկանո՞ւմ ենք հարցի լրջությունը, հաշվարկո՞ւմ ենք հետեւանքները: Եվ վերջապես պետությունը նրա համար է, որ ազգային անվտանգության խնդիրը լուծի, որ ազգի գոյատեւման երաշխիքը լինի… Օտարալեզու դպրոց ինչո՞ւ է բացվում, ի՞նչ նպատակով, ի՞նչ խնդիր է դրվում …
Հ.Գ. Գիշեր էր. շունչս կտրվեց, գիրս կիսատ թողեցի… հաջորդ օրը, որ «Թանգարանային գիշեր» միջոցառումն էր նաեւ, սեղան նստեցինք. Վահագն Մուղնեցյանը նախագահի մրցանակ էր ստացել. հայ տղերքը երգում էին… ու մեր հայրենի սարերի շունչը կար: Հետո գնացի Գրականության եւ արվեստի թանգարան, որտեղ Վահան Տերյանին նվիրված միջոցառում էր. հետո տնօրեն Հենրիկ Բախչինյանի սենյակում մի տարեց մարդ՝ Ռաֆիկ Վարդանյան անունով թառ էր նվագում՝ Սայաթ-Նովա, ու աղջիկները՝ ջահել-ահել երգում էին… Հոգիս խաղաղվեց ու հիշեցի Վահան Տերյանի խոսքերը. «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին,//Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է ու հին»:
Երբ տուն եկա ու փորձեցի շարունակել գրածս, արդեն կռիվ չունեի, այլ խնդրանք, որ կփորձեմ ձեւակերպել այսպես. մեծարգո պետական այրեր, շատ վատ է, որ երբեմն «արջերը» մեր միջից են լինում. կանգ առեք, եկեք միասին սարքենք մեր ազգային պետությունը՝ մեր ազգային դպրոցը հիմնաքար ունենալով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել