Հայաստանի Հանրապետությունում օտարալեզու կրթությանը վերաբերող նախագիծը տեղիք է տվել տարաբնույթ մեկնաբանությունների ու հիմնավորումների:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական անձնակազմը գտնում է, որ առաջարկվող փոփոխությունները սահմանափակում են հայոց լեզվի կիրառության ոլորտները: Այդ նախագծի ջատագովների այն միտքը, թե օտարալեզու դպրոցում հայոց լեզվի դասավանդումը պարտադիր է լինելու, այն էլ հայկական դպրոցի ծրագրով, մեր լեզվին սպառնացող իրական վտանգի քողածածկույթ է. լեզուն միայն մայրենի լեզվի քերականության ուսուցում չէ, այլ գործառական բազմաթիվ ոլորտներ ընդգրկող համակարգ է: Օտարալեզու դպրոցում դուրս կմղվեն ֆիզիկայի, մաթեմատիկայի, քիմիայի, աշխարհագրության, բուսաբանության, մարդակազմության, քաղաքագիտության, իրավաբանության, դիվանագիտության եւ բոլոր մյուս բնագավառներին վերաբերող հազարավոր հայերեն տերմիններ ու հասկացություններ: Աստիճանաբար լեզուն կդառնա միայն կենցաղային հաղորդակցման միջոց՝ զրկվելով իր երկու հիմնական՝ գիտական եւ գրական լեզվի գործառություններից:
Մի՞թե այս վտանգը տեսանելի չէ:
Անտեղի շահարկվում է նաեւ հայրենասիրության գաղափարը՝ օտարալեզու եւ հայեցի կրթություն ստացած անձերի համեմատություններով: Սա նույնպես նախագիծը արդարացնելու էժանագին եւ «գրավիչ» եղանակ է: Փոքր ժողովուրդների դեպքում հայրենիքն ու մայրենի լեզուն փոխկապակցված են: Խաթարվեց լեզուն՝ Հայաստանի Հանրապետության տարածքն էլ կդառնա պատմական հայրենիք:
Եթե նախագիծը օրենքի ուժ ստանա, անշուշտ, բացասաբար կանդրադառնա Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին: Մի կողմից ձգտում է նկատվում՝ սփյուռքահայերի շրջանում հայերենի ուսուցումը բարելավելու եւ ոչ հայկական հատվածներին հայերենին հաղորդակից դարձնելու համար, մյուս կողմից՝ մայր հայրենիքում պետական լեզվի հաշվին առաջարկվում է օտարալեզու կրթություն:
Խրախուսելի չէ եւ «էլիտար» կոչված դպրոցի գաղափարը, մանավանդ որ՝ այդ հասկացությունը մեզանում, ցավոք, ձեռք է բերել նաեւ այլ իմաստ:
Եթե սույն նախագիծը նպատակ ունի բարելավելու օտար լեզուների ուսուցումը ՀՀ հանրակրթական դպրոցներում եւ այլ օղակներում, ապա այն ողջունելի է, բայց դա իրագործելու համար կան այլ տարբերակներ՝ դասաժամերի ավելացում, ծրագրերի ու դասավանդման մեթոդների փոփոխություն եւ այլն, որոնք, թերեւս, ԿԳՆ-ի քննարկելիք հարցեր են:
Լեզվի ինստիտուտի գիտական անձնակազմի կարծիքով, նախագիծն առերեւույթ ոչ այնքան տեսանելի, սակայն խորքային վտանգավոր եւ ազգին անպատվաբեր ձեռնարկումներից է, եւ հարկ չկա փոփոխություններ կատարել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում:
Հ. Գ. Վերջերս «Ազգ» օրաթերթը (2010թ. մայիսի 8, թիվ 6 (89) հարցազրույց էր տպագրել (ոչ վերոնշյալ խնդրի վերաբերյալ) մեծ երգահան եւ հայոց լեզվի պաշտամունք ունեցող Տիգրան Մանսուրյանի հետ: Լրագրողուհու այն հարցին, թե արդյոք այսօրվա Հայաստանը նրան հույս ներշնչո՞ւմ է, եւ հույսի իրական հիմք կա՞, երգահանը պատասխանել է. «Այո՛, կարծում եմ: Հայերենը, ինքնին, եթե չդավաճանենք մեր լեզվին, դրանից բարոյականության մի հզոր աղբյուր մեր կողքին կլինի….»: