Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՆԱԿՆԵՐԸ ԿՄՆԱՆ ՎԱՏ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Մայիս 18,2010 00:00

Ապրիլի 14-ին տեղեկացրել ենք, որ մայիսի 15-ին Վանաձորի՝ ոչ երկրաշարժի պատճառով անօթեւան մնացած 16 ընտանիքներ բնակարանամուտ կտոնեն: Տարոն- 3 թաղամասում կառուցվել է 16 առանձնատուն՝ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի, Վանաձորի քաղաքապետարանի 35 տոկոս անվարձահատույց եւ «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի բարեգործական հասարակական կազմակերպության (15 տոկոս) համատեղ ֆինանսավորմամբ: Բնակիչները պետք է վերադարձնեն այս գումարը 10 տարում: Խղճահարություն առաջացնող պայմաններ, կարկատած, բայց անձրեւից չպաշտպանող տանիք, փոքրիկ սենյակ, որ միաժամանակ խոհանոց է, ննջասենյակ ու հյուրասենյակ, առանց սանհանգույցի ու լոգարանի, խոնավությունից հոտած պատեր ու հատակ, տարածք, որտեղ մարդկանց հետ հավասար ապրում են կրծողներն ու որդերը: Կենսակերպ, որ ծանոթ է Վանաձորի տնակային ավանի յուրաքանչյուր բնակչի: Նրանք 20-22 տարի ապրել են նույն պայմաններում՝ 1988-ից այսկողմ:
4 տարի առաջ ամերիկահայ բարերար, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի նախագահ Սթիվ Լազարյանի հրավերով կալիֆոռնահայ շինարար, պրոֆեսոր Ջորջ Ֆարմանյանը, առաջին անգամ այցելելով Հայաստան, հյուրընկալվեց Վանաձորի տնակային ավանի բնակիչներին, տեսավ նրանց՝ մարդկային պայմաններին անհարիր կենցաղավարությունը, եւ սկսեց մտածել նոր եղանակով՝ փրփրապլաստե բլոկներով պարզ ու հարմարավետ բնակարանների կառուցման մասին: Տնազրկության նվազեցման այս մոտեցմանը հավանություն տվեց «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի նախագահ Սթիվ Լազարյանը, ում նպատակն ու առաքելությունն է աջակցել տնազուրկ ընտանիքներին: «ԱՌԴԱ» բարեգործական կազմակերպության, Վանաձորի քաղաքապետարանի եւ «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի համագործակցությամբ եւ համատեղ ներդրմամբ Վանաձորի տնակային ավանների 162 ընտանիքներից վիճակահանության միջոցով ընտրված 33-ի երազանքն այլեւս իրողություն է: Նրանք այժմ բնակվում են Տարոն- 3 թաղամասի նորակառույց առանձնատներում: Ընտանիքները իրենք էին մասնակցում բնակարանների շինարարական աշխատանքներին ու ջանք չէին խնայում, որպեսզի օր առաջ իրենց երեխաներն ու թոռնիկները տեղափոխվեն նոր ու հարմարավետ տներ: «Էս օրին էլ հասանք, երկար տարիներ զրկանքների մեջ՝ գրեթե բաց երկնքի տակ ապրելուց հետո դժվար է հավատալ, որ տնակները կմնան վատ հիշողություն: Շնորհակալություն նրանց, որ փոխեցին մեր ապրելակերպը», ասում են տնակներից «ազատագրված» վանաձորցիները:
Նշված 16-ից բացի, եւս 16 առանձնատուն կառուցվել էր 2009-ին: Եռակողմ պայմանավորվածությունը 100 ընտանիքի համար է: Այժմ պայմանավորվածություն կա կիսակառույցներն էլ ավարտին հասցնել եւ տրամադրել անօթեւաններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել