Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընդերքի ջրերը վտանգված են

Մայիս 18,2010 00:00

Թե պետությունը, թե գործարարը մտահոգված են, բայց գործնական քայլեր են պետք

Հայաստանի, մասնավորաբար՝ Արարատի եւ Արմավիրի մարզերի ընդերքի ջրերի անխնա  օգտագործումը ընդերքը ցամաքեցնելու լուրջ վտանգ է պարունակում: Ձկնարդյունաբերության մեջ տասնյակ տարիների փորձ ունեցող արմավիրցի ձկնաբույծներից մեկի կարծիքով՝ պատճառը անկանոն հորատումներն են: «Ով որտեղից հասնի՝ հորատում է: Այդպես չի կարելի: Եթե հորատանցքերն իրար մոտ են եւ հորատվում են առանց ընդերքը լուրջ ուսումնասիրելու՝ արդեն ջրի ցամաքեցման վտանգ ունի իր մեջ: Օրինակ, եթե Արմավիրի մարզի Գայ գյուղի տարածքում 5-6 տարի առաջ վայրկյանում 60-70 լիտր ջուր էին հանում, հիմա 20 լիտր էլ դուրս չի գալիս»,- ասաց մեր զրուցակիցը եւ հավելեց, որ իր ձկնավազաններն արդեն դատարկ են: Հորերը ցամաքել են՝ ասաց, ինքն այլեւս այդ բիզնեսով չի զբաղվում: Նրա կարծիքով՝ եթե ընդերքի նկատմամբ անխիղճ վերաբերմունքը մի քանի տարի էլ այս տեմպերով շարունակվի, 20-25 տարի հետո մեր երկրում ջրի սովն անխուսափելի կլինի: Բայց, ցանկության դեպքում, կարելի է փրկել դրությունը՝ նկատեց փորձառու ձկնաբույծը: Նա առաջարկում է արգելել հորատումները, որոնք դեռ շարունակվում են:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին «Ձնկաբույծներին  օրինական դա՞շտ են բերում» հրապարակման մեջ ներկայացրել ենք ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի տրամադրած տվյալները. «Արարատի մարզի 87 ձկնարդյունաբերական ձեռնարկություններից միայն 27-ի հողն է ջրային, մնացածինը՝ արդյունաբերական կամ գյուղատնտեսական նշանակության է, իսկ Արմավիրի մարզի 147 ձեռնարկություններից ոչ մեկի հողը ջրային չէ. արդյունաբերական, գյուղատնտեսական կամ բնակարանային է: 234 (87+147) ձեռնարկություններից ոչ մեկի շենք-շինությունը գրանցված չէ: 234-ը միասին օգտագործում են 450 խորքային հոր, որոնցից 56-ը ապօրինի է: Ոչ Արարատի, ոչ Արմավիրի մարզերի ձկնարդյունաբերական ձեռնարկություններում ջրաչափեր չկան, 234 տնտեսությունից 109-ում ջրահեռացման վայրերը չեն համապատասխանում ջրթույլտվությունում նշված վայրերին, տնտեսություններում չկան ջրակորուստների կրճատման եւ ջրի արդյունավետ օգտագործման ծրագրեր: Խորքային հորերից փաստացի ջրաելքերը Արարատում նվազել են 15-30%-ով, իսկ Արմավիրում՝ 60-90%-ով: Արմավիրում 25 հոր ցամաքել է»: Արմեն Գեւորգյանը ասել էր նաեւ, որ առայժմ նոր խորքային հորեր չեն հորատվելու, իսկ տիրազուրկ հորերը փակվելու են:
Մեր զրուցակից ձկնաբույծի տվյալներով, Արարատյան դաշտավայրում 1090 հոր կա, որոնք մինչեւ 90-ականները հավասարապես ծառայում էին թե խմելու, թե ոռոգման նպատակին: Իսկ երբ 1995 թվականից թափ առավ ձկնարդյունաբերությունը, հորատանցքերից բխող ջրի ծավալները նվազեցին:
Ընդերքի ջրերի նվազման ցայտուն օրինակ է Մասիսի տարածաշրջանի Հովտաշատ գյուղը, որտեղ մինչեւ 90-ականները 98 հոր կար: Այդ տարիներին գյուղը 98 հորատանցքերից վայրկյանում 4,5 խմ ջուր էր ստանում, հիմա դրանք նվազել են՝ հասնելով վայրկյանում 2,5 խմ-ի:
«Առավոտի» զրուցակից ձկնաբույծը առաջարկում է պետության վերահսկողությամբ ճիշտ ձկնաբուծություն կազմակերպել: «Պետք է այնպես անել, որ ձկնարդյունաբերությունը չզարգանա  ընդերքի ջրերի չարաշահման հաշվին: Ընդհակառակը, պետք է ե՛ւ արտադրողը շահի՝ արդարացվեն նրա ներդրումները, ե՛ւ ընդերքի ջուրը նպատակային օգտագործվի, աննպատակ չգնա-թափվի: Այսինքն՝ բուծարանների ջրերը կրկնակի մշակման ենթարկվեն եւ անիմաստ  թափվելու փոխարեն՝ ուղղվեն մշակադաշտեր»:
Այսօր ձկնարդյունաբերության մեջ մեկ անգամ օգտագործվելուց հետո քաղցրահամ ու թթվածնառատ ջուրը, որ կարող էր, բայց չի ծառայում ոռոգման նպատակին, առավելապես գնում-լցվում է դրենաժներն ու հոսում Նախիջեւան ու Թուրքիա:
Ձկնաբույծներն ասում են՝ դրա համար պետք չէ մեղադրել միայն իրենց, որովհետեւ մեղքի իր բաժինն ունի նաեւ պետությունը: Ձկնաբույծները համոզված են, որ շահութաբեր այս բիզնեսը ոչ հեռու ապագայում կդառնա ինչ-որ մեկի մենաշնորհը:
Հայ ձկնաբույծները խանդով են վերաբերվում հարեւան իրանցիներին, որոնք  բոլորովին վերջերս Արմավիրի մարզում էին՝ հայ գործընկերների հետ համագործակցության եզրեր գտնելու նպատակով: Համեմատելով հայ եւ իրանցի ձկնագործներին, մերոնք եկել են համոզման, որ Իրանում այդ բիզնեսն ավելի արդյունավետ է, քան Հայաստանում: «Նախ, որովհետեւ իրենց մոտ  այդ ոլորտը պետականորեն կանոնակարգված է, չկան կամայականություններ: Հետո, իրենց մոտ շատ էժան է էլեկտրաէներգիան. 1 կվտ հոսանքի համար մոտ 6 դրամ գումար են տալիս: Բավականին մատչելի է նաեւ ձկան կերը: Եթե մենք այն ձեռք ենք բերում 1կգ-ն 800 դրամով՝ մոտ երկու դոլարով, իրենք՝ 1 դոլարով»,- ասացին ձկնաբույծները:

Հ. Գ. Ակնհայտ է, որ տեղին են եւ պատկան կառույցների, եւ ձկնաբույծների մտահոգությունները: Սակայն ողջ խնդիրը այն է, որ պետությունը լծակներ ունի հարցը կարգավորելու համար: Մասնավորաբար, կարելի է սկսել չգրանցված, ապօրինի ձկնարդյունաբերական ձեռնարկություններից: Իսկ դրանք շատ են ու դրանց տերերը կամ տերերի թիկունքը մարզի որեւէ պաշտոնյա է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել