Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ՎԹԱՐ՝ ԳԵՂԻԻ ՋՐԱՄԲԱՐՈՒՄ

Մայիս 18,2010 00:00

\"\"Մայիսի լույս 16-ի գիշերը, ժամը 3-ի մատույցներում, Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղի վարչական տարածքում գտնվող Գեղիի ջրամբարում, որը պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, վթար է եղել: Վթարի հետեւանքով 15 միլիոն խմ տարողությամբ ջրամբարի մեծաքանակ ջրերը խառնվել են գյուղի միջով հոսող Ողջի գետի Գեղի վտակին, որը դուրս գալով հունից՝ ջրի տակ է թողել այդ տարածքում գտնվող Թավշուտ բնակավայրի այգիներ, գոմեր, եւ մոտ 3-4 հեկտար հողատարածք: Ջրի ուժեղ հոսքի հետեւանքով վնասվել է ոռոգման ջրագիծը, վթարվել են էլեկտրասյուներ, քանդվել հետիոտնի համար նախատեսված մեկ կամուրջ, տեղ-տեղ նաեւ ճանապարհամերձ հատվածները, վնասվել է գյուղի միջով անցնող գազատարը, խափանվել է էլեկտրականությունը, որի հետեւանքով ընդհատվել էր նաեւ «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի մաքրման կայանի աշխատանքը: Ըստ «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանի, սա էր պատճառը, որ հանգստյան օրերին խախտվել էր քաղաքի ջրամատակարարման գրաֆիկը: Բայց երեկ առավոտից արդեն կարգավորվել է հարցը, եւ բնակչությանը ջուրը մատակարարվում է սահմանված գրաֆիկով:
Ըստ մասնագետների՝ վթարի պատճառը հստակ հայտնի կդառնա միայն ջրամբարը դատարկելուց հետո, իհարկե՝ թույլատրելի սահմաններում, որից հետո կսկսվեն վերականգնողական շինարարական աշխատանքները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության բնակչության եւ տարածքների պաշտպանության վարչության պետ Հովհաննես Եմիշյանը ասել է, որ ջրամբարի բացթողման համակարգն է շարքից դուրս եկել, որը վերանորոգվել է: Դրանք մաքուր ջրեր են, պոչամբարային ջրեր չեն: Վտանգ այլեւս չկա: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել բոլոր ծախսերը:
Հիշեցնենք, որ Գեղիի ջրամբարում վթար էր եղել նաեւ անցած տարի ապրիլին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել