Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տուժածը՝ մեղավոր

Մայիս 18,2010 00:00

Կողմը ՊՊԾ ոստիկանն է

Սասուն Հովսեփյանն իր «Մերսեդես-Բենց Տ-320» մակնիշի 11 ԼՕ 333 պետհամարանիշի ավտոմեքենայով ընթացել է Երեւանի Այվազովսկու փողոցով դեպի Արցախ փողոց՝ ժամում մոտ 40 կմ արագությամբ: Ճանապարհի աջ եզրից 4-5 մետր հեռավորության վրա հասնելով Այվազովսկու եւ Արցախի փողոցների խաչմերուկի եզրին, ավտոմեքենան կանգնեցրել է, զիջել 2-3 ավտոմեքենայի ու վերջում զիջելով Տիգրան Մեծի պողոտայի կողմից Արցախի փողոցով դեպի Այվազովսկու փողոցի ձախ շրջադարձ կատարող մի պատահական «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի, նույն դիրքում մի քանի վայրկյան մնալուց հետո տեղից շարժվել է եւ զարգացնելով մոտ 20 կմ/ժ արագություն, պատրաստվել է ձախ շրջադարձ կատարելու: Անցնելով որոշակի տարածություն, մոտ 10 մետր հեռավորությունից նկատել է իր ձախ կողմից Արցախի փողոցով դեպի խաչմերուկի կողմ ընթացող ոստիկանության «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան, որը ընթացել է թարթող փարոսները միացված վիճակում եւ ձայնային ազդանշան է տվել իրեն: Ս. Հովսեփյանը կանգնեցրել է ավտոմեքենան խաչմերուկում եւ նույն դիրքում մնացել 5-6 վայրկյան: Այդ ավտոմեքենան արգելակված թեքությամբ ընթացել է դեպի իր կողմը եւ առջեւի ձախ անկյունային մասով ընդհարվել է իր ավտոմեքենայի ձախ կողմի առջեւի դռանը եւ ձախ կողմի առջեւի անվաթեւին:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության քննիչ Ա. Ասատուրյանը 19.10.2009թ. որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ վարորդներ Ն. Նալբանդյանի եւ Ս. Հովսեփյանի արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Որոշման օրինակն ուղարկվել է ՃՈ վարչական գործունեության բաժանմունք՝ Ս. Հովսեփյանին վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Սակայն Ս. Հովսեփյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննիչի որոշման դեմ: Այնտեղից պատասխանել են, որ նրա բողոքը քննարկման է ուղարկվել Երեւանի դատախազ, արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդական Հ. Բադալյանին: Իսկ Երեւանի դատախազությունից պատասխանել են, որ քննչական բաժնի պետին այդ որոշումը վերացնելու լիազորություն վերապահված չէ, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կարող են այն բողոքարկել վերադաս դատախազին կամ դատարան:
16.11.2009թ. Երեւանի դատախազությունը հայտնել է, որ դեռեւս 27.10.2009թ. որոշում է կայացվել վերացնել ավտովթարի փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քրգործի հարուցումը մերժելու մասին որոշումը եւ նյութերն ուղարկվել են Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժին՝ լրացուցիչ նախապատրաստման: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Լ. Շմավոնյանը վերանայել է գործը եւ որոշել քրգործի հարուցումը մերժել, որոշման օրինակն էլ ուղարկել ՃՈ՝ Սասուն Հովսեփյանին վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով, նաեւ Ն. Նալբանդյանին պարզաբանել ընդդեմ Ս. Հովսեփյանի քաղհայցի պահանջով դատարան դիմելու իրավունքը:
Այս քաշքշուկին վերջ տալու ակնկալիքով Ս. Հովսեփյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ խնդրել ամբողջությամբ վերացնել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՀԿԳ ավագ քննիչ Լ. Շմավոնյանի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, հարուցել քրեական գործ եւ կատարել օբյեկտիվ, արդարացի քննություն, որի արդյունքում էլ ի հայտ կգա գործով իրական մեղավորը: Սակայն դատարանը՝ Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, մերժեց Ս. Հովսեփյանի բողոքը:
Սասուն Հովսեփյանը Ն. Նալբանդյանի նկատմամբ քրգործ չհարուցելու եւ իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին ունի իր կարծիքը. «Զարմանալի չէ, որ Ն. Նալբանդյանին քաղհայցով դատարան դիմելու իրավունք է վերապահվում, պատճառաբանություններն ու իրավական հիմնավորումները, իրականությունը խեղաթյուրվում են, փաստերը ներկայացվում այնպես, ինչպես իրենց է հարմար: Չէ՞ որ մի կողմը ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության ՊՊԾ գնդի աշխատող է, իսկ «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան պատկանում է այդ գնդին եւ ամրակցված է իրեն, իսկ մյուս կողմը հասարակ քաղաքացի է եւ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից նման դեպքերում ոտնահարվում են շարքային քաղաքացու իրավունքները, եւ կատարված օրինախախտումների վերաբերյալ բողոք ներկայացնելը, իրականությունը վերեւներում բարձրաձայնելը դառնում է անօգուտ աշխատանք: Այդպիսի դեպքերում ինձ նման շարքային քաղաքացիները համարվում են մեղավոր, իսկ ներսեսնալբանդյանների գործողությունները՝ օրինական»:
Երեւի ճիշտ է Ս. Հովսեփյանը, քանի որ այս դեպքում շարքային քաղաքացին՝ իրական տուժողն է դարձել մեղավոր:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել