Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«10 ԿԻԼՈԳՐԱՄ ԴԻՄՈՒՄ» Է ԳՐԵԼ

Մայիս 18,2010 00:00

Գեղարքունիքի մարզի 75-ամյա բնակչուհի Օֆիկ Սարգսյանը 1998թ.-ից հողային վեճ ունի իր հարեւանի հետ

\"\"

Դատական քաշքշուկների հետեւանքով վեճն այլ ընթացք է ունեցել. ծեծի են ենթարկել տարեց կնոջը, որի խնամքին 80-ամյա հաշմանդամ, ուռուցքով հիվանդ ամուսինն է: Օֆիկ Սարգսյանը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության: Փորձագետի եզրակացությամբ՝ նրա ձախ դաստակին, աջ նախաբազկի վրա, սրունքներին հայտնաբերվել են տասնյակ արյունազեղումներ, կապտուկներ:
Անցյալ տարվա հուլիսի 27-ին ոստիկանության Մարտունու քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ: Հետագայում՝ օգոստոսի 13-ին գործը փոխանցվել է Գեղարքունիքի մարզի քննչական բաժանմունք: Օֆիկ Սարգսյանի նկատմամբ այդ ժամանակահատվածում կրկին բռնարարքներ են կատարվել, իր իսկ խոսքերով՝ 5 անգամ մահափորձ է կատարվել, քանդել են նրա ցանկապատը, տարեց կնոջ հողամասի վրա կառուցվել է ինքնակամ սենյակ, 40 քմ տնամերձ հողամասը՝ անպատժելիությունից ոգեւորված հարեւանը միացրել է իր հողամասին: Անպաշտպան կնոջ բազմաթիվ դիմումներին ոստիկանությունը ընթացք չի տվել: Օֆիկ Սարգսյանը գտնում է, որ իր նկատմամբ պարբերաբար խոշտանգումներ են տեղի ունենում, իրեն այդպիսով պատճառվում է ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեկան տառապանք:
Ավելին, անցյալ տարվա հոկտեմբերի 23-ի որոշմամբ՝ քրեական գործի վարույթը կարճվել է, եւ հարեւանուհուն ծեծողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով: Իրականում ոչ այնքան հանցակազմի բացակայությունն է եղել հիմքը, այլ այն, որ ծեծի ենթարկողը ոստիկանության քննչական բաժնի նախկին պետի՝ Խաչիկ Ավոյանի հորեղբոր թոռն է:
Օֆիկ Սարգսյանը բողոքել է քննիչի այդ որոշումը՝ ՀՀ գլխավոր դատախազին: Սակայն ումից որ քաղաքացին բողոքում է, բողոքը կրկին հանգրվանել է նույն տարածքի իրավապահ մարմիններում: Բնականաբար, նրանք իրենց կայացրած որոշման դեմ ոչինչ չէին ձեռնարկի, եւ քաղաքացին դիմել է դատարան:
Օֆիկ Սարգսյանը հայտնում է, որ, բացի հողային վեճից, հողամասը զավթելիս հարեւանն իր բակից գողացել է «100կգ կծիկ կատանկա եւ վառելիք»: Նույնը նա տեղեկացրել է ոստիկաններին:
Տուժողը դիմում է ընդհանուր իրավասության դատարան, վերաքննիչ դատարան, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը նրա բողոքը 2 ամիս դարակներում պահելուց հետո այն վարույթ չի ընդունել՝ մերժել է:
Որպեսզի ընդհանրապես «ծեծի հետքը» բացառվի, իրավապահները կրկին դիմում են փորձագետներին: Հարցերից մեկն այսպիսին էր՝ հնարավո՞ր է, որ Օֆիկ Սարգսյանն ինքն իրեն պատճառեր նման վնասվածքներ: Փորձագետը չի բացառում: Քաղաքացին այս պատասխանի մեջ տեսնում է իր արժանապատվության դեմ հասցված վիրավորանք, ուստի բողոքարկում է եւ այս եզրակացությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել